Ինքնավթարի հետևանքով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունք տեղափոխված կնոջ մոտ ախտորոշվել էր ձախ ճաճանչ-դաստակային հոդի թիկնային մակերեսի ջնջխված վերք, ձախ ճաճանչոսկրի դիստալ մետաէպիֆիզար, ներհոդային բազմաբեկոր կոտրվածք՝ զուգակցված ծղիկոսրի մախաթաձև ելունի կոտրվածք, 2-րդ մատի պրոքսիմալ ֆալանգի հիմի և եղնգային ֆալանգի հիմի կոտրվածքներ՝ տեղաշարժով, 2-րդ մատի սուբտոտալ անդամահատում, դաստակի թիկնային մակերեսի փափուկ հյուսվածքների շերտազատում և ջնջխում, փակ ողնաշարային վնասվածք, L1 ողի աջ լայնական ելունի կոտրվածք:
Վնասվածքի ծավալն այնպիսին էր, որ մասնագետների մոտ առաջացել էր դաստակն անդամահատելու հարցը: Սակայն միկրովիրաբույժ, պլաստիկ վիրաբույժ Թեհմինե Ասատրյանի և իր թիմի միջամտության, ջանքերի շնորհիվ (վնասվածքաբան Արսեն Ազիզբեկյան, կլինիկական օրդինատորներ Անի Ֆանյան, Արման Տանանյան) երկարաժամ և շատ բարդ վիրահատության արդյունքում փրկվել է պացիենտի ձախ դաստակը: Կատարվել է 2-րդ մատի ամպուտացիա, մետակարպալ ոսկրերի օստիոսինթեզ, ազատ մաշկային լաթի տեղափոխում ճաճանչ-դաստակային հոդի առաջամիջային մակերես, 1-5 մատերի տարածիչ ջլի կար:
Այնուհետև շուրջ 2 ամսվա ընթացքում կատարվել է 6 վիրահատություն, որոնց ժամանակ իրականացվել է նեկրէկտոմիա, VAC սարքի տեղադրում, VAC սպունգների թարմացում, ապա VAC սարքի հեռացում, որից հետո՝ աուտոդերմոպլաստիկա:
Հետվիրահատական ընթացքն անցել է հարթ, առանց բարդությունների: Պացիենտը, որը մասնագիտությամբ ևս բժիշկ է, դուրս է գրվել, վիրահատություննների արդյունքն ակնհայտ է: