Բազկամարտի միջազգային մեծ հարթակում Հայաստանի եռագույնը բարձրացվեց ԵՊԲՀ ուսանողի շնորհիվ։
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Մարիամ Սարգսյանը կարճ ժամանակ առաջ Բուլղարիայում կայացած բազկամարտի աշխարհի առաջնությունում գրանցել է փայլուն հաղթանակ՝ դառնալով աշխարհի չեմպիոն աջ ձեռքով պայքարում։
Մրցաշարի ընթացքում Մարիամը հաղթահարել է բազմաթիվ ուժեղ մրցակիցների, իսկ ձախ ձեռքով հանդես գալով՝ նվաճել է բրոնզե մեդալ (ձախ ձեռքը ունեցել է վնասվածք):
Մարիամը արդեն 3,5 տարի է, ինչ զբաղվում է պրոֆեսիոնալ բազկամարտով։ Այս ընթացքում նա հասցրել է դառնալ մի շարք մրցաշարերի ու միջբուհական առաջնությունների հաղթող, Աշոտ Սարգսյան հուշամրցաշարի հաղթող, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։
Նա Հայաստանում առաջին իգական սեռի ներկայացուցիչն է, ով բազկամարտից աշխարհի չեմպիոն է դարձել: Համալսարանականը այժմ չունի մարզիչ, մարզվում է սեփական ուժերով: Կարևոր հաղթանակը նվիրել է մերօրյա հերոս Մխիթար Գալեյանին:
Բժշկությունն ու սպորտը
Մարիամը հետագայում նեղ մասնագիտություն է ցանկանում ընտրել վնասվածքաբանությունը կամ ռևմատոլոգիան:
«Ի սկզբանե բժշկությունն եմ ընտրել որպես մասնագիտություն՝ մայրիկիս երազանքն էլ իրականացնելով։ Շիրակի մարզ գյուղ Երազգավորսից եմ։ Սպորտային ուղիս սկսվել է դպրոցական տարիքից, երբ դպրոցի տնօրենը ինձ տարավ մասնակցելու ոչ պրոֆեսիոնալ մրցաշարերի։ Այդ պահից բազկամարտը դարձավ իմ կյանքի մի մասնիկը։ Սկզբում մրցում էի տղաների հետ: Ֆիզկուլտուրայի ուսուցչիս աջակցությամբ սկսեցի հաղթահարել մտավախություններս և զարգացնել մրցակցային բնավորությունս։ Այդ ամենը սերմանեց իմ մեջ հավատը, որ մեկ հաղթանակով սահմանափակվել չեմ կարող։ Մեկ չեմպիոնությունը կարող է պատահականություն լինել, բայց իմ նպատակը բազմակի հաղթանակներ ունենալն է։ Սպորտից կհեռանամ միայն այն ժամանակ, երբ ուժերս սպառված կհամարեմ: Բժշկությունը և սպորտը իմ կյանքի երկու անբաժան ուղեկիցներն են։ Չեմ պատրաստվում թողնել ոչ մեկը»,-նշում է ապագա բժիշկն ու մարզիկը։
Հերացիականը ժամանակը կառավարում է ըստ առաջնահերթությունների․ մրցաշարերից առաջ կենտրոնանում է մարզումների, իսկ առօրյայում՝ ուսումնառության վրա։
«Ոչ ոք չէր հավատում իմ մարզական ուղուն, բոլորն ուզում էին, որ ամբողջովին նվիրվեմ բժշկությանը։ Ես սովորել եմ լսել մարդկանց, բայց անել այն, ինչ ինքս եմ ճիշտ համարում։ Ընտանիքս էլ արդեն համակերպվել է իմ ընտրության հետ։ Ես ունեմ իմ ճանապարհը, և այն շարունակելու եմ՝ քրտնաջան աշխատանքով»,-հավելում է ապագա բժիշկը։
Մարզիկից՝ մարզիչ
Մարիամը այսօր ոչ միայն մարզիկ է, այլև մարզիչ․ օգնում է այլ երիտասարդների մարզական աճի գործում:
Նա ձգտում է լինել ուժեղ՝ ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն ու մասնագիտորեն. «Սպորտը, կարծում եմ, մեր երկրում հզորանալու լավագույն ուղիներից է, իսկ ես ուզում եմ լինել հզոր ոչ միայն իմ, այլև իմ ապագա ընտանիքի, երեխաների համար։ Մանկուց չեմ համակերպվել պարտված լինելու գաղափարի հետ։ Ես ձգտում եմ լինել միշտ առաջինը»։
Վիրահատությունից մինչև չեմպիոնի տիտղոս
«Աշխարհի առաջնության ճանապարհը հեշտ չէր։ Մրցաշարից 10 օր առաջ վիրահատություն ունեցա։ Եթե մինչ վիրահատությունը վստահ էի, որ կարող եմ նաև մեծահասակների մրցաշարին մասնակցել, ապա դրանից հետո հասկացա, որ չեմ կարող։ Բացի այդ՝ ձախ ձեռքս դեռ վերականգնման փուլում էր՝ 5-6 ամիս տևած բուժումից հետո։ Բայց գնացի՝ մեդալ բերելու համար։ Մրցաշարի ժամանակ նորից վնասվեց ձախ ձեռքս՝ չեխ և թուրք մարզիկների հետ մրցելիս։ Աջ ձեռքով մասնակցելու օրը հոգեբանորեն ու ֆիզիկապես վատ վիճակում էի․ չէի զգում ձեռքիս ուժը։ Բայց ես խոստացել էի՝ չեմպիոն կդառնամ, ու խոսքս պահեցի։ Մինչև եզրափակիչ եղած պայքարում, երբ հաղթեցի թուրք մրցակցիս, հաղթանակը ինձ սթափեցրեց և արդեն եզրափակչում ուժերս վերականգնվեցին: Ֆինալում արդեն պատրաստ էի՝ ամբողջական գիտակցությամբ, որ պիտի գրանցեմ հաղթանակ»,-խոսելով հաղթանակի և ունեցած զգացողությունների մասին ՝ անկեղծանում է ուսանողը:
Երեքուկես տարի սպասել է այդ պահին։ Նախորդ տարի կորցրել է չեմպիոնությունը՝ փոքր սխալի պատճառով. «Այս անգամ վերցրի այն, ինչ իմն էր՝ ապացուցելով, որ երբ սկսում ես քրտնաջան աշխատանքով, մի օր արդյունքը դառնում է անխուսափելի»:
Իմ հաղթանակին աջակցել է նաև բժշկական համալսարանը՝ ի դեմս ռեկտոր Արմեն Մուրադյանի, ով իր խոստման համաձայն աջակցեց ինձ ուսման վարձի զեղչման հարցում` հաշվի առնելով ոչ միայն իմ մարզական հաղթանակները, այլև բարձր առաջադիմությունը:
Մարիամի նպատակը մնում է անփոփոխ՝ գրանցել անունը բազկամարտի պատմության մեջ՝ շարունակելով քրտնաջան մարզվել, սովորել և ապացուցել, որ հնարավոր է լինել թե՛ լավ բժիշկ, և թե՛ ուժեղ մարզիկ։
Նյութը՝ Արփինե Թովմասյանի
Լուսանկարները՝ Մարի Գալստյանի