Բժշկության և երաժշտության խաչմերուկներում․ զրույց պրոֆեսոր Խաչիկյանի հետ

Բժշկության և երաժշտության խաչմերուկներում․ զրույց պրոֆեսոր Խաչիկյանի հետ

ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Խաչիկյանի մասնագիտական գործունեությունը տասնամյակներ շարունակ կապված է եղել բժշկագիտության, մասնավորապես` մաշկաբանության հետ։ Իր գիտելիքով, նվիրվածությամբ և մարդկային բարձր արժեքներով նա վաստակել է գործընկերների, ուսանողների և պացիենտների հարգանքն ու վստահությունը։

Երկարամյա գիտամանկավարժական և կլինիկական գործունեություն ծավալած պրոֆեսորի հետ անկեղծ զրույցը, նրա միաժամանակ երկու մասնագիտության մասին դիտարկումներն ու վերլուծությունը լավ առիթ է` հետադարձ հայացք նետելու նրա անցած ճանապարհին, վերհիշելու մասնագիտական կարևոր ձեռքբերումները, ինչպես նաև բացահայտելու նրա ամուր կապը երաժշտության հետ, այդ թվում` ջութակի համար նրա հեղինակած ստեղծագործությունների միջոցով։

Որքանո՞վ է երաժշտական կրթությունն ազդել բժիշկ Խաչիկյանի ձևավորման և բժշկական գործունեության վրա։

Դժվարանում է այս հարցին պատասխանել, քանի որ դյուրին չէ գիտաչափություն գտնել այնտեղ։ «Դա պարզապես երաժշտության հանդեպ սեր չէ. եթե, օրինակ, Սերգեյ Ռախմանինովի դաշնամուրի և նվագախմբի համար թիվ 2 կոնցերտը կամ Քամիլ Սեն-Սանսի «Ինտրոդուկցիա և ռոնդո-կապրիչիոզոն» ունկնդրեն ջութակահարը, բժիշկը, այգեպանը կամ առաքիչը (ամենայն հարգանքով), նրանք միևնույն բանը չէ‚ որ կլսեն (ունկնդրածը կլսեն)։ Եվ խոսքը միայն սոլֆեջիո իմանալ-չիմանալու կամ երաժշտական ինտելեկտի մասին չէ։ Ընկալումները, զգացողությունները, զգացմունքները, երաժշտական ճաշակն ու ազդեցությունները միանգամայն տարբեր են», – շեշտում է Խաչիկ Խաչիկյանը։ Երաժշտությունը, նրա խոսքով, պատշաճորեն ընկալելու համար ուղեղը պիտի պատրաստ լինի դրան։ Դրա համար այն պատրաստվում է մի ամբողջ կյանք՝ մասնագիտորեն և կամ ոչ մասնագիտորեն՝ ամենօրյա զարգացումներով։ Նրա փոխանցմամբ` ոչինչ այնքան չի ձևաչափում ուղեղը, որքան դասական երաժշտությունն ու դասական գրականությունը։

«Գանք բժշկությանը։ Եթե պացիենտին զննում է փորձառու բժիշկը, կլինիկական օրդինատորը, ուսանողը, պրոֆեսորը և կամ տաքսիստը (ամենայն հարգանքով), ապա նրանք, իհարկե, նույն բանը չեն տեսնում։ Նույն կերպ չեն մտածում։ Նույն մասշտաբով չեն ընկալում իրավիճակը։ Եվ թող հանկարծ չկարծեն, թե չարաբաստիկ գործելակարգերն ու արհեստական բանականությունը (ամենայն հարգանքով) կարող են փոխարինել կենդանի բժշկին։ Պատահական չէ, որ 2026–2027 ուսումնական տարում դիմորդների նախընտրած տասը մասնագիտությունների ցանկը շարունակում է գլխավորել «Բուժական գործ» մասնագիտությունը», – նշում է պրոֆեսորը։

Երաժշտական կրթությունը ստացել է Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում (ջութակի դասարան), նվագել կամերային նվագախմբում‚ ապա` ԵՊԲՀ-ում գործող կամերային նվագախմբում (ղեկավարում էր հրաշալի դիրիժոր Ստեփան Ալաջաջյանը)։ Հաջորդեց վեց տարի՝ շաբաթական երկու անգամ, ժամերով ինտենսիվ փորձեր, հրաշալի ուսանողական գարուններ, համերգներ Խորհրդային Միության տարբեր քաղաքներում և այլն։ Եռուն ու հիշարժան ուսանողական կյանք։ Շատ կուզեր‚ որ ԵՊԲՀ-ում ներկայումս նույնպես նման նվագախումբ ստեղծվեր։ Չէ՞ որ բուհում երաժշտական կրթություն ունեցողները քիչ չեն։

Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո սկսել է աշխատել Մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնում՝ ավագ լաբորանտից սկսած։ Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական, Երևանում՝ դոկտորական ատենախոսություն։ Բժշկագիտական և ուսումնակրթական կյանքի ձևավորման մանրամասներն առկա են համացանցի համապատասխան էջերում, իսկ այսօրվա թեման երաժշտությունն է։

Երաժշտության հետ կապը, բնականաբար, շարունակվում է մինչև օրս։ Իհարկե, ստիպված էր հրաժեշտ տալ կատարողական արվեստին, քանի որ օրական առնվազն վեց ժամ նվագելն անհնար էր, իսկ տասներկու ժամը պետք էր նվիրել բժշկագիտությանը։

Պրոֆեսոր Խաչիկյանի պիեսները

Երաժշտության հանդեպ սերը ժամանակի ընթացքում կապիտալիզացվել է երաժշտական ստեղծագործություններով, որոնցից 2-ը համացանցում առկա են հետևյալ հղումներով.

Պիեսները նոտագրված են և հեղինակային իրավունքով պաշտպանված։ Ինչպե՞ս են ծնվում դրանք։ «Նախ ծնվում է գաղափարը (հասկանալի է՝ եղել են զգացմունքային վայրիվերումներ, անձնական ապրումներ)։ Մտովի «լսում եմ» (պատկերացնում եմ) պիեսի մեղեդին, ռիթմը, հարմոնիան, երաժշտական ոճն ու ձևը, հետո՝ նոտագրում, այնուհետև` ջնջում, նորից նոտագրում և այդպես շարունակ։ Գործիքավորմանը օգնում են կոմպոզիտոր ընկերներս (Կարեն Անանյան)։ Ստեղծվում է այն, ինչ ստեղծվում է։ Ես ուրախ եմ‚ որ շատերին այն դուր է գալիս։

Մարդու վրա երաժշտության ազդեցության ու նրա գործառույթների մասին խոսենք օրինակներով։ Բեթհովենն ասում էր. «Դու մարդկային զգացմունքներդ պիտի նվիրես ուրիշներին ու ապրես նրանց համար»։ Այստեղ երաժշտության և բժշկության հայեցակարգերը կարծես թե խաչաձևվում են։ Aliis inserviendo ipse consumor – «Ուրիշներին լուսավորելով՝ այրվում եմ ինքս»։ Այրվող մոմը բժշկության խորհրդանիշն է, որտեղ մոմի լույսը բժշկության արվեստն է, բժշկի հոգին, իսկ մոմակալը՝ բժշկագիտության հիմունքները։ Ասել է թե՝ թե՛ երաժշտության, թե՛ բժշկության հիմքում ալտրուիզմն է», – հավելում է առաջատար մաշկաբանը։

ԲԵԹՀՈՎԵՆԻ ԷՖԵԿՏ

Ի՞նչ ազդեցություն է գործում Բեթհովենի երաժշտությունը։ Ի՞նչ է Բեթհովենի էֆեկտը։ Դա նրա ստեղծագործությունների հզոր հուզական-հոգեբանական, ինտելեկտուալ և ֆիզիոլոգիական ազդեցությունն է։ Դրանք տրամադրում են կենտրոնանալու, մտածելու, խորհելու, ստեղծագործելու, ներշնչվելու տարբեր գաղափարներով և նաև… պայքարելու ու ընդվզելու։ «Նրա սիմֆոնիաները լիցքավորում են ունկնդրին հսկայական էներգիայով, էմոցիոնալ վերելք առաջացնում‚ ցնցում ընդերքը, երջանկության և հաղթանակի զգացողություն հաղորդում։ Դրան Բեթհովենը հասնում է երաժշտության ագրեսիվ էմոցիոնալ սյուժեով (ի տարբերություն Մոցարտի), թվացյալ կանխատեսելիության, անսպասելիության և դինամիկ անհամադրելի հակադրությունների համադրմամբ, ռիթմիկ ճնշման ուժգնացմամբ և այլն։

Ազդեցիկ չէ՞, օրինակ, 5-րդ սիմֆոնիան։ Արդեն իսկ առաջին 4 նոտան հրավիրում են քեզ սեփական ճակատագրի հետ մենամարտի։ Տա-տա-տա-տաաամ։ Այս լարվածությունն առաջ գնալու‚ պայքարելու և հաղթելու մղում է մակածում (էլեկտրոէնցեֆալոգրաֆիան հուզական կայուն վերելք և ուղեղի ճակատային բլթերի ակտիվության աճ է արձանագրում, հատկապես` սիմֆոնիայի կուլմինացիոն հատվածներում)։ Շարունակելով «պոլիֆոնիկ ինքնակենսագրությունը», ի վերջո, դո մինորից նա անցում է կատարում դո մաժորի` համոզմունք արտահայտելով այն մասին, որ ամեն ինչ դեռ վերջացած չէ ու խլությունը կարելի է հաղթահարել։ Ի՞նչ եք կարծում‚ սա երաժշտաբուժություն չէ՞։

Իսկ Նապոլեոն Բոնապարտին նվիրված 3-րդ Հերոսական սիմֆոնիա՞ն։ Այն դրսևորվում է կոգնիտիվ ընդունակությունների ու տարածական երևակայության երկարատև (ի տարբերություն Մոցարտի էֆեկտի) բարելավումով‚ մեզ ամիսների ուժ ու եռանդ է հաղորդում։

Չնայած խլությանը` նա 9-րդ սիմֆոնիան (Օդա ուրախությանը) գրեց ներքին լսողական հիշողությամբ։ Այստեղ պայքարը վերածվում է հաղթանակի, տառապանքը՝ լույսի, իսկ միայնությունը՝ համամարդկային եղբայրության։ Այսպիսով‚ Բեթհովենը երաժշտությամբ ապրեցնում էր‚ բուժում‚ բուժվում և վարդագույն ակնոցներ տրամադրում ունկնդրին։ Նա սիրում էր կանանց‚ որոնք, սակայն, միշտ չէ‚ որ այդ սերը փոխադարձում էին։ Եզակիներից մեկն իր աշակերտն էր՝ Ջուլիետա Գվիչչարդին։ Լուսնի սոնատը նրան էր նվիրված։ Դա այդքան մեղմ ու բարի երաժշտություն չէ, ինչպես, գուցե, թվում է առաջին հայացքից։ Դա սիրո թաղման մարշ է։ Թաղում են մարմինը և զգացմունքները։ Առաջին մասի վերջը թաղման ավարտն է։ Սովորաբար այսքանն է ներկայացվում համացանցում, այնինչ 3 մասից է սոնատը բաղկացած։ 3-րդ մասը կյանքի վերադարձն է։ Այստեղ երաժշտությունը դառնում է անմահության, վերածննդի, վերադարձի, մահվան բացառման ապացույց։ Էներգիան վերադառնում է աշխարհ (էներգիայի պահպանման և վերափոխման օրենքը)։ Եղիցի լույս։ Եվ եղև լույս։ Ինչպես հայտնի է‚ սա էր շատ կոմպոզիտորների, գրողների, բանաստեղծների ևստեղծագործողների կյանքի դևիզը», – բացահայտում է պրոֆեսոր Խաչիկյանը։

ՄՈՑԱՐՏԻ ԷՖԵԿՏ

Իսկ ի՞նչ ազդեցություն է գործում Մոցարտի երաժշտությունը։ Ի՞նչ է Մոցարտի էֆեկտը։ «Արագանում է մտածողությունը‚ դյուրինանում կենտրոնանալու գործընթացը‚ բարելավվում ուշադրությունը‚ տարածական երևակայությունը‚ դու պատկերացնում ես ավելի հեշտությամբ օբյեկտները‚ իրերը‚ երևույթները‚ բարձրանում է տրամադրությունը‚ հակասթրեսային ազդեցություն է այն գործում։ Այս ազդեցությունը‚ ի տարբերություն Բեթհովենի էֆեկտի, չափավոր է‚ ոչ ագրեսիվ էմոցիոնալ։

Մոցարտի ստեղծագործություններն ունկնդրելիս մեր ուղեղի ակտիվությունը և IQ-թեստի արդյունքներն աճում են։ Քանի որ Վոլֆգանգը սկսել է ստեղծագործել դեռևս 4 տարեկանից, նրա ուղեղի նյարդային ցանցերն ավելի վաղ են ձևավորվել։ Ստեղծվելիք երաժշտությունն էլ դարձել է ավելի ազդեցիկ։ Այդ ազդեցությունը համապարփակ է. 1-2 րոպեի ընթացքում ներկայացվում է 13 երաժշտական մոտիվ, այն ամենն, ինչ կա իր մեջ, Մոցարտն ամբողջովին դնում է երաժշտության մեջ` արծաթե սկուտեղի վրա մատուցելով ունկնդրին։ Այս տեսությամբ հրապուրվողները ԱՄՆ-ում ծննդկաններին Մոցարտի ձայնասկավառակներ էին նվիրում», – պատմում է մեր զրուցակիցը։

Մոցարտը, նրա փոխանցմամբ, հիվանդ էր այն տարիներին անբուժելի համարվող ռևմատիզմով։

«Ու նա բուժվում ու վերապրում էր երաժշտությամբ, պայքարում մահվան դեմ։ Սարսափելի է, ամեն օր պառկել անկողին՝ չիմանալով առավոտյան կարթնանաս, թե ոչ, մանավանդ, որ բժիշկները քեզ գուժել են հակառակը։ Ու ամեն օր արթնանալ։ Սակայն դու ամեն գիշեր քնում ես, ինչպես վերջին գիշերը կքնեիր։ Դա նշանակում է, որ դու պարտավոր ես ստեղծելու ՎԵՐՋԻՆ ՕՐՎԱ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ‚ որը պիտի լինի կատարյալ, որովհետև վաղը դու պարզապես այն չես կարող ավարտել, քանի որ, ըստ ամենայնի, պիտի որ հայտնվես Վերին Երուսաղեմում։ Ու այսպես Մոցարտը մշտապես ստեղծում էր իր «ամենավերջին», այլ կերպ ասած` ամենակատարյալ ստեղծագործությունը (շուրջ 600)։

Գտնվելով նույն հոգեբանական դաշտում` Առնո Բաբաջանյանը (գայթակղությունը շատ մեծ էր, որպեսզի չհամեմատեի Մոցարտի հետ) նույնպես յուրաքանչյուր օր ստեղծում էր իր ամենակատարյալ ստեղծագործությունը։

Այո‚ Մոցարտ և Բաբաջանյան լսելիս մենք չմեռնելու և հիվանդության դեմ պայքարելու, սիրո ու հարմոնիայի էներգետիկայով ենք լցվում, որի շնորհիվ հաղթահարվում է մահվան վախը։ Կոմպոզիտորները կարծես թե դիմում էին Աստծուն՝ ասելով· «Տե´ս, թե ինչ եմ ստեղծել, ինչպիսի հարմոնիա։ Դեպի մարդկանց ուղղված սեր։ Մի’ սպանիր ինձ»։ Սրանք Մոցարտի և Բաբաջանյանի գլխավոր, կենարար ու ստեղծարար գաղափարներն են, որոնք նրանք պրոյեկտում են իրենց ունկնդրի վրա։

Այո, Մոցարտն ու Բաբաջանյանն ապրում էին մահվան վախով ու չմեռնելու, բուժվելու ցանկությամբ։ Ու Աստված նրանց տվեց ամեն ինչ` այդ վախը հաղթահարելու համար։ Դրա համար Մոցարտի ու Բաբաջանյանի հարմոնիան մեր մեջ ջախջախում է անբուժելի հիվանդությունների հարուցած հուսալքության պարիսպը և մեզ առողջանալու, չմեռնելու ու այդ ամենը հաղթահարելու հույս ներշնչում։ Ինչպես ասում էր Նիցշեն իր «Այդպես խոսեց Զրադաշտը» վեպում` «Մարդը մի բան է, որ պիտի հաղթահարվի»։ Համադրենք մտքի ու երաժշտության այս գագաթների` Նիցշեի ու Մոցարտի գաղափարախոսությունները` «Մարդը մի բան է, որ պիտի հաղթահարվի հարմոնիայով»։

Եթե պասիվորեն Բեթհովեն‚ Մոցարտ և Բաբաջանյան լսելուց զատ, նրանց ստեղծագործությունները կատարում և կամ ստեղծագործական ակտիվություն են ցուցաբերում‚ ապա դրանց ազդեցությունները բազմապատկվում են։ Այդ ակտիվությունը նվագախմբերում և երգչախմբերում դրսևորելու դեպքում ուժգնանում է միասնության զգացողությունը‚ ավելանում վստահությունը‚ բարելավվում կոոպերացիայի‚ խմբին պատկանելու զգացումը», – հավելում է Մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչը։

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԷՖԵԿՏ

Գանք Արամ Խաչատրյանի երաժշտության ազդեցությանը` Արամ Խաչատրյանի էֆեկտին։ «Դա ուժգին հուզական, գրեթե հիպնոտիկ ազդեցություն է‚ որին կոմպոզիտորը հասնում է դինամիկ և լարված ռիթմերի ուժգնացող կրկնումով‚ հզոր tutti-ի հասցնելով‚ երբ նվագախմբի բոլոր‚ հատկապես հարվածային ու պղնձային փողայինները համաժամանակ փառահեղ հնչողություն են ձևավորում` ստեղծագործությանը էպիկական ծավալ հաղորդելով‚ ունկնդրին հասցնելով տրանսի․ կարծում եմ‚ բազմիցս համոզվել եք‚ որ Արամ Իլյիչի երաժշտությունը զգացվում է նաև ֆիզիկապես», – նկարագրում է երաժիշտ Խաչիկյանը։

Խաչատրյանի երաժշտությանը, նրա խոսքով, բնորոշ են ասիմետրիկ ռիթմերը, կինեմատոգրաֆիկ մտածողությունը‚ անդադար պայքարի, պատերազմի, ճակատագրական բախման զգացողությունները և, իհարկե, հաղթանակի ձգտման տենչը։ Այդ ամենը ստեղծում է բացառիկ հուզական ազդեցություն։

«Ես շատ ընկալունակ եմ Խաչատրյանի ռիթմերի հանդեպ։ Իմ առավոտը հաճախ սկսվում է «Սպարտակ» բալետի նախաբանով։ Հռոմի հզորությունը խորհրդանշող վեհաշուք և ծանր երաժշտությունը, Կրասոսի ու Սպարտակի, Էգինայի և Ֆրիգիայի հանդիպակացությունների դրամատիկ գեղեցկությունն ու փիլիսոփայական բեռը լիցքավորում են ինձ մի ամբողջ օր», – խոստովանում է նա։

ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Ինչպես տեսնում ենք‚ երաժշտության գործառույթները բազմաթիվ են: «Այն բուժում է (դեպրեսիաների‚ տագնապի‚ աուտիզմի և այլ դեպքերում), ոգեշնչում, բարձրացնում տրամադրությունը (դոֆամինի արտադրության ուժգնացում)‚ հակասթրեսային ազդեցություն գործում (կորտիզոլի քանակի նվազում)‚ կանոնակարգում էմոցիաները‚ սոցիալական կոմունիկացիաները‚ վերափոխում մարդու ներաշխարհը‚ զգացմունքները‚ բարելավում ուշադրությունը‚ մոտիվացնում‚ օգնում հաղթահարելու հոգեկան ու ֆիզիկական ցավը։

Երաժշտությունը դառնում է հոգեթերապևտիկ, մարդու ներքին հավասարակշռության վերականգնման միջոց, թող չափազանցություն չհնչի` կյանքի զուգընկեր։ Երաժշտությունը միանգամայն նոր մարդ է ձևավորում. բարելավվում են լսողական ուշադրությունը‚ հիշողությունը‚ մտածողությունը‚ լեզվական ընդունակությունները։ Բժշկությունն ու երաժշտությունը, ըստ էության, ունեն նույն առաքելությունը՝ ծառայել մարդուն, թեթևացնել նրա ցավը և վերադարձնել կյանքի հանդեպ հավատը։ Եթե բժիշկը բուժում է մարմինը, ապա երաժշտությունը բուժում է հոգին։ Եվ հենց այս միասնության մեջ է մեծագույն կոմպոզիտորների արվեստի հավերժական արժեքը. Չէ՞ որ մարմինը բուժելու համար նախ պիտի բուժես հոգին։ Այսպիսով‚ խոշոր հաշվով երաժշտությունն օգնում է բժշկությանը‚ լրացնում‚ ամբողջականացնում այն։ Ինձ սկսեց հետաքրքրել մեկ այլ հարց` իսկ բժշկությունը երաժշտությա՞նը։ Ինչպե՞ս», – նմանատիպ հարցադրմամբ և հետագա մտածողության հորդորով ամփոփում է պրոֆեսոր Խաչիկ Խաչիկյանը։