Շմոլ գազով թունավորումներ Հայաստանում․ վիճակագրություն, պատճառներ և կանխարգելում

Շմոլ գազով թունավորումներ Հայաստանում․ վիճակագրություն, պատճառներ և կանխարգելում

Մոտենում է ջեռուցման սեզոնը, և մեծանում է օրգանական նյութերի ոչ լրիվ այրման հետևանքով առաջացող ածխածնի մոնօքսիդով (CO) կամ շմոլ գազով թունավորման հաճախականությունը: Ածխածնի մոնօքսիդն անգույն, անհոտ գազ է, որը առաջանում է բնական գազի, բենզինի, փայտի, ածուխի ոչ լրիվ այրման արդյունքում: Ածխածնի մոնօքսիդով թունավորումները հաճախ տեղի են ունենում փակ տարածքներում, որտեղ օդափոխությունը սահմանափակ է:

Ըստ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված վիճակագրության՝ հանրապետությունում շմոլ գազի թունավորումների դեպքերից վերջին 3 տարում գրանցվել է 10 մահվան դեպք։

Համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների` 2022թ.-ին գրանցվել է շմոլ գազից թունավորման 294 դեպք, մահացել է՝ 7, տուժել` 633 քաղաքացի: 2023 թ.-ին գրանցվել է ընդհանուր 286 դեպք, մահացել է 1, տուժել` 643 քաղաքացի: 2024թ.-ի ընթացքում գրանցվել է 308 դեպք, մահացել է 2, տուժել` 722 քաղաքացի։ 2025թ.-ի հունվար-հունիս 6 ամիսների ընթացքում գրանցվել է 172 դեպք, տուժել է 371 քաղաքացի:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում 2024 թվականին «թունավորում» ախտորոշմամբ բուժօգնություն է տրամադրվել 107 պացիենտի, որից 50-ը` 0-7 տարիքային խմբի երեխաներ են եղել, իսկ 57-ը` 7-18 տարեկան, 2025թ.-ի հունվարի 1-ից մինչ օրս նույն ախտորոշմամբ բուժօգնություն է տրամադրվել 73 պացինետի, որտեղ դեպքերի 59%-ը 7-18 տարեկան երեխաներն են:

Թունավորման հիմնական պատճառներն են.

  1. Անբավարար օդափոխված տարածքներ: Փակ տարածքներում փայտի կամ գազի ջեռուցման սարքերի օգտագործումը կարող է առաջացնել CO-ի կուտակում:
  2. Վթարներ մեքենաների հետ: Շարժիչների աշխատանքի ժամանակ ածխածնի մոնօքսիդ է արտանետվում, և եթե մեքենան գտնվում է փակ տարածքում, ինչպես օրինակ ավտոտնակում, դա կարող է հանգեցնել թունավորման:
  3. Կենցաղային սարքեր: Վառարաններ, ջեռուցիչներ և կանոնավոր չստուգվող այլ սարքեր կարող են ստեղծել CO-ի արտանետման ռիսկ:
  4. Ծխախոտի ծուխ: Ծխախոտի այրման արդյունքում նույնպես առաջանում է CO, ինչը կարող է վտանգավոր լինել ինչպես ծխողների, այնպես էլ նրանց շրջապատող մարդկանց համար:

Ածխածնի մոնօքսիդի թունավորումը կարող է առաջացնել հետևյալ ախտանիշները՝

  • գլխացավ,
  • թուլություն և հոգնածություն,
  • գլխապտույտ,
  • շնչառության դժվարություններ,
  • սրտխառնոց և փսխում,
  • օրգանիզմի ընդհանուր թուլացում,
  • գիտակցության  կորուստ:

 Կանխարգելման միջոցառումներ:

  1. Օդափոխություն ապահովել: Համոզվեք, որ բոլոր փակ տարածքների օդափոխությունը բավարար է, և սարքերը ճիշտ են տեղադրված:
  2. Ճիշտ սարքերի օգտագործում: Կանոնավոր ստուգեք և պահպանեք գազով և վառելանյութով վառվող սարքերը:
  3. Ածխածնի մոնօքսիդի դետեկտորներ տեղադրել: Տեղադրեք CO դետեկտորներ ձեր տանը և աշխատավայրում՝ գազի արտահոսքը ժամանակին հայտնաբերելու համար:
  4. Առողջության մոնիտորինգ: Եթե նկատում եք վերը նշված ախտանիշները, անմիջապես դուրս եկեք բաց տարածք և խորհրդակցեք բժշկի հետ:

Ածխածնի մոնօքսիդից թունավորումները կարող են լինել խիստ վտանգավոր, բայց դրանցից խուսափելը հնարավոր է ճիշտ կանխարգելման միջոցառումների միջոցով: Եղե՛ք զգույշ և հոգ տարեք ձեր առողջության համար: