Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում նոյեմբերի 8-ին կայացավ «Քալամքարյանական ընթերցումներ» («Երևանյան IX մաշկաբանական ընթերցումներ») միջազգային XVIII գիտագործնական համաժողովը:
Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի (ԵՊԲՀ ՄՍԱ)‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի (ՄՄՕԱԱ) և Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի (ԱՄԱԿ) համագործակցությամբ։
Նախքան համաժողովի մեկնարկը ներկաները վայելեցին «Ուվերտյուրա» ստեղծագործությունը` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի քառյակի կատարմամբ:
Մաշկավեներաբանության, դերմատոսկոպիայի‚ բժշկական կոսմետոլոգիայի հիմնահարցերին նվիրված խոշորագույն միջազգային ֆորումի մասնակիցներին բժշկական համալսարանի և ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի անունից ողջույնի խոսք հղեց Գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը: «Դուք հանգրվանել եք բժշկական համալսարանի տանիքի ներքո և արդեն անհաշվելի անգամ փորձում եք վերլուծել այն, ինչ արդիական է այսօր մաշկային և վեներաբանական դաշտերում: Պետք է նշել, որ ոլորտն այսօրվա դրությամբ ունի ասելիք ոչ միայն կլինիկական, այլև հետազոտական և ակադեմիական ասպարեզներում», – ընդգծեց պրոռեկտորը` մաղթելով համաժողովին արգասաբեր և ակտիվ, գիտահեն կլինիկական քննարկումներ, որոնք կծառայեն ի բարօրություն մեր երկրի գիտական և ակադեմիական ոլորտների զարգացման բժշկական մայր բուհում:
Մաշկաբանական համայնքի ներկայացուցիչներին ողջունեց նաև համաժողովի նախագահ, ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հ․Ա․ Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Խաչիկ Խաչիկյանը: Նրա խոսքով` համաժողովը միավորել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության առաջատար դպրոցների ներկայացուցիչներին: «Ժամանակակից մաշկաբանությունն ապրում է ակտիվ աճի շրջան, օգտագործվում են ախտորոշման նորագույն տեխնոլոգիաները, կատարելագործվում են թերապիայի մեթոդները, զարգանում են էսթետիկ մաշկաբանության ուղղությունները: Այսօր կներկայացվեն նորագույն ձեռքբերումները և բարդագույն հարցերի գործնական լուծումները: Վստահ եմ` այս համաժողվը կդառնա ակտիվ մասնագիտական շփման և նոր մտքերի առաջացման հարթակ», – շեշտեց պրոֆեսոր Խաչիկյանը` արդյունավետ աշխատանք մաղթելով կոնֆերանսին:
Համալսարանական առաջատար մասնագետի զեկույցը վերաբերում էր արևային լենտիգոյի կլինիկական-ձևաբանական և դերմատոսկոպիական առանձնահատկություններին:
Մասնագիտական զեկույցների ներկայացումը մեկնարկեց բժշկական գիտությունների դոկտոր, մաշկավեներաբան‚ բժիշկ-ուռուցքաբան‚ ЦПМО տնօրեն‚ Նովոսիբիրսկի ազգային հետազոտական պետական համալսարանի Բժշկության և բժշկական տեխնոլոգիաների ինստիտուտի Հիմնարար բժշկության ամբիոնի պրոֆեսոր Իրինա Սերգեևայի` «Դերմատոսկոպիայի դերը մաշկային ախտաբանության տարբերակիչ ախտորոշման մեջ» զեկույցով: Ռուս մասնագետը ևս կարևորեց մաշկաբանների միջազգային հավաքը և կոնկրետ կլինիկական դեպքերի ներկայացման միջոցով կիսվեց իր բազմամյա փորձով: Մաշկավեներաբան‚ Սանկտ-Պետերբուրգի N4 մաշկավեներաբանական դիսպանսերի բժիշկ-կոսմետոլոգ Մարիաննա Հովհաննիսյանը ներկայացրեց «Պապիլոմավիրուսային վարակ. ինչն է կարևոր հիշել` քաղցկեղը բաց չթողնելու համար» վերտառությամբ զեկույցը: Մեզ հետ զրույցում հայազգի մասնագետն ընդգծեց, որ մաշկաբանության հայկական դպրոցը` մասնագետների բարձր որակով, հայտնի է նաև Ռուսաստանում, ինչը լայն հեռանկարներ է բացում համատեղ ծրագրերի իրականացման համար: Մարիաննա Հովհաննիսյանը զբաղվում է մաշկի օնկոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշմամբ, առաջին հերթին` հատուկ անատոմիական գոտիներում, որտեղ կան որոշակի առանձնահատկություններ: «Իմ զեկույցի հիմնական նպատակն է մասնագետների ուշադրությունը հրավիրել այս գոտիներում օնկոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման և բուժման կարևորության վրա», – հավելեց նա:
Մաշկավեներաբան-ուռուցքաբան‚ հյուսվածաբան-փորձագետ‚ դերմատոսկոպիայի և մաշկի օպտիկական ախտորոշման փորձագիտական խմբի անդամ, «Ոսկե դերմատոսկոպի» ազգային մրցանակի դափնեկիր (2020 թ.) Սերգեյ Յակուշենկոն անդրադարձավ փոքր մելանոմաներին, բ.գ.թ., NEO-Clinic հիվանդանոցի ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, Տյումենի պետական բժշկական ակադեմիայի մաշկավեներաբանության ամբիոնի դերմատոսկոպիայի հիմունքներով դերմատոօնկոլոգիայի դասընթացի ղեկավար, Դերմատոսկոպիայի և մաշկի օպտիկական ախտորոշման ռուսաստանյան ընկերակցության փորձագիտական խմբի անդամ Ալեքսեյ Գետմանը հանդես եկավ «Թերգունակային և անգունակային մելանոմա. ախտորոշումը դժվար է‚ սակայն հնարավոր» խորագրով զեկույցով: Մասնագետն իր պրակտիկայում հանդիպած կլինիկական դեպքերի օրինակով ցույց տվեց նշված մելանոմաների ախտորոշման մեթոդները:
ՌԴ ՆԳՆ թիվ 2 Կենտրոնական պոլիկլինիկայի մաշկավեներաբանական բաժանմունքի վարիչ, դերմատոսկոպիայի և մաշկի օպտիկական ախտորոշման ռուսական ընկերակցության վարչության անդամ, «Ոսկե դերմատոսկոպի» ազգային մրցանակի դափնեկիր (2022 թ.)‚ մաշկավեներաբան-ուռուցքաբան‚ ՄՄՕԱԱ կառավարման խորհդի անդամ Միխայիլ Ուստինովի դասախոսությունը վերաբերում էր վուլվայի անոթային գոյացությունների դերմատոսկոպիական ախտորոշմանը:
Ֆորումի երկրորդ մասում քննարկվեցին «Սեռավարակների վերելքը և սոցիալական ցանցերի ազդեցությունը», «Բոուէնի հիվանդության կլինիկական-ձևաբանական և դերմատոսկոպիական առանձնահատկությունները», «Ոչ վարակային գրանուլեմային մաշկախտերի տարբերակիչ ախտորոշումը», «Մաշկային հիվանդների ախտորոշման հիմնախնդրային ասպեկտները», «Ոտնաթաթերի մելանոցիտային գոյացությունների տարբերակիչ ախտորոշումը», իսկ երիտասարդ մաշկաբանների զեկույցների առանցքում էին «Կոնֆոկալ լազերային մանրադիտման հիմնախնդիրները», «Պսորիազը հղիների շրջանում», «Չարորակ լենտիգո», «Համբուրվող մաշկախտեր», «Առաջնային չարորակ նորագոյացությունների դեպքում մաշկի ոչ գունակային ախտահարումների դերմատոսկոպիական առանձնահատկությունները», «Ոսկրահոդային փոփոխությունները պսորիազի դեպքում», «JAK-Stat ազդանշանային ուղու դերը վիտիլիգոյի ախտածագման մեխանիզմներում և բուժման ռազմավարությունը» թեմաները:
Համաժողովի շրջանակում անցկացվեց նաև «Մաշկավեներաբանություն, բժշկական կոսմետոլոգիա, ախտորոշում և բուժում» մասնագիտական ցուցահանդեսը: