Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Լիա Խաչիկյանը բժշկի մասնագիտությունն ընտրել է գիտակցաբար՝ մարդու առողջությանը ծառայելու և, ինչպես ինքն է նշում, ելնելով առողջական խնդիր ունեցող մարդու ցավը թեթևացնելու ցանկությունից։
«Միշտ հետաքրքրված եմ եղել մարդու օրգանիզմի կառուցվածքով և հիվանդությունների առաջացման ու բուժման մեխանիզմներով։ Ինձ համար բժշկությունը միավորում է գիտությունը, մարդասիրությունը և պատասխանատվությունը։ Ես ցանկանում եմ լինել այն մարդը, ում ներկայությունը հիվանդի համար հույս և վստահություն է։ Այս մասնագիտությունը ընտրել եմ սրտով և համոզմամբ՝ պատրաստ լինելով շարունակաբար սովորել ու զարգանալ»,-ընդգծում է ապագա բժիշկը: Նրա ընտանիքում մասնագիտությամբ բժիշկներ չկան։ Լիան նշում է, որ բժշկական համալսարանն իրեն սովորեցրել է ոչ միայն բուժել, այլ նաև պատասխանատվություն կրել մարդու կյանքի համար։ «Այստեղ ես սովորել եմ դժվար պահին մտածել սառնասրտորեն, շփվել հիվանդի հետ մարդասիրությամբ և ընդունել արագ և արդյունավետ որոշումներ, սխալվելու իրավունք չկա։ Բժշկի մասնագիտությունը հեշտ չէ, բայց հենց այդ դժվարությունն է, որ ինձ ամեն օր էլ ավելի է մոտիվացնում»,-ասում է ապագա մասնագետը։ Նա վստահ է՝ բժշկական բնագավառում նույնիսկ փոքր սխալը կարող է ճակատագրական լինել, և հենց այդ գիտակցությամբ է ընտրել ԵՊԲՀ-ն՝ հասկանալով այս մասնագիտության հանդեպ ամբողջ պատասխանատվությունը։
«Սովորում եմ ոչ միայն բժշկություն, այլև մարդուն ամբողջությամբ հասկանալ, գնահատել յուրաքանչյուր որոշման ազդեցությունը։ Ամեն մի ընտրություն կարող է փոխել մեկի կյանքը, և այդ գիտակցությամբ պետք է անել ամեն քայլը՝ ամբողջ հոգով, սրտացավ։ Տեխնոլոգիաները զարգանում են մեծ արագությամբ, և բժշկության մեջ սարքավորումները շատ բան կարող են «ասել», սակայն իրական վճիռն ու պատասխանատվությունը միշտ մարդու ձեռքում է։ Բժիշկը պետք է ունենա խորը գիտելիք, վերլուծական միտք, ճշգրտություն և մարդկայնություն, որովհետև միայն այդ հատկանիշների շնորհիվ է հնարավոր ճիշտ կիրառել բժշկական տեխնոլոգիաները, կայացնել ճշգրիտ որոշումներ և իսկապես փրկել կյանքեր»,-համոզված է սովորողը։
Որպես նեղ մասնագիտացում՝ նա ընտրել է որովայնային վիրաբուժությունը, մասնագիտություն, որն, ըստ նրա, պահանջում է համառություն, սառնասրտություն և անսպառ պատրաստակամություն։
Լիա Խաչիկյանն ընդգծում է, որ հետաքրքրասեր է, ունի երաժշտական կրթություն՝ դաշնամուր և վոկալ արվեստ, սիրում է ընթերցել, ստեղծագործել՝ բանաստեղծություններ գրել, զբաղվել նկարչությամբ, ինչպես նաև թարգմանել և հրապարակել բժշկական հոդվածներ։
«Այս հետաքրքրությունները ոչ միայն օգնում են ինձ զարգացնել ստեղծագործական և զգայուն մտածողություն, այլև ուսուցանում մանրակրկիտ մոտեցում, համբերություն և ուշադրություն ամենաչնչին հանգամանքներին՝ որակներ, որոնք անգնահատելի են վիրաբուժության ոլորտում։ Նոր փորձառություններ ձեռք բերելու և աշխարհի հետ առավել հաղորդակցվելու համար ես ակտիվորեն մասնակցում եմ բազմաթիվ կամավորական աշխատանքների, ինչը ինձ սովորեցնում է ղեկավարել թիմեր, զարգացնել կազմակերպական կարողություններ և ամրապնդել հումանիզմն իմ մեջ: Դեռ առաջին կուրսից, երբ անցնում էինք միայն տեսական առարկաներ և շատ հեռու էի բժշկությունից, հասկացա, որ իմ ուղին շատ ավելի խորն է։ Այդ ժամանակ իմ ուշադրությունը գրավեց Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնին կից խմբակը, և հենց այնտեղ սկսվեց իմ իրական ճանապարհը դեպի վիրաբուժություն՝ մասնակցությամբ մրցույթների, օլիմպիադաների, զեկույցների և վիրահատությունների։ Այնուհետև մասնակցեցի միջազգային «Lanzzete» ծրագրին՝ կրթական նախաձեռնության, որի շրջանակում իրականացրեցի փորձարարական վիրահատություններ և ձեռք բերեցի վիրաբուժական գործնական ու տեսական գիտելիքներ։ Հետահայց նայելով՝ կարող եմ վստահ ասել, որ ստացա բացառիկ փորձ, որի հիման վրա շարունակեցի ուղիս դեպի «Թամազյան վիրաբուժական դպրոց»։ Այստեղ ես մասնակցում եմ բաժնի ընթացիկ գործերին, վիրահատություններին, սիմուլյացիոն պարապունքներին և զեկուցումներին, դասախոսություններին, որպես ժյուրի, մասնակցում ապագա բժիշկների զեկույցներին ու օլիմպիադային»,-ասում է ԵՊԲՀ ոսանողը:
Նա խոստովանում է, որ ապագա ծրագրերը հստակ են։ Ցանկանում է շարունակել զարգանալ վիրաբուժության ոլորտում՝ խորացնելով գիտելիքներն ու պրակտիկ հմտությունները, մասնակցել միջազգային կոնֆերանսների, նորարարական ծրագրերի, զբաղվել գիտական գործունեությամբ, կատարել հետազոտություններ, նպաստել բժշկության զարգացմանը, ուսումնասիրել նոր մեթոդներ ու արդյունավետ մոտեցումներ, ամրապնդել թիմային կարողություններ, աջակցել ապագա բժիշկների պատրաստման գործընթացին։
Լիա Խաչիկյանը Վիկտոր Թադևոսի Ափոյանի անվան կրթաթոշակառու է: Անվանի բժիշկ-գիտնականը հայկական ժամանակակից վիրաբուժության դպրոցի հիմնասյուներից է: Հայաստանի վիրաբուժության ոլորտում բացառիկ կերպար է․ նա առաջինն է մեր երկրում ներդրել կերակրափողի պլաստիկայի, էխինոկոկոզի բուժման և էնդոկրին վիրաբուժության մի շարք մեթոդներ։ Հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատանքի։ «Ինձ համար բացառիկ և անմոռանալի պահ էր, այս կրթաթոշակը ինձ համար ոչ միայն մեծ պատիվ է, այլև հզոր ոգեշնչում՝ շարունակելու կատարելագործվել, սովորել և գիտելիքներն ու հմտությունները նվիրել բժշկությանը՝ կյանքեր փրկելու կոչին»,-հավելում է ապագա վիրաբույժը: