Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Սվետլանա Սիմոնյանն արժանացել է Մխիթար Հերացու անվան կրթաթոշակի (երկրորդն` ըստ միջին թվաբանական գնահատականի), ինչը համարում է առանձնահատուկ և արժեքավոր ձեռքբերում:
«Ընտրությունն իրականացվել է մի շարք չափանիշների հիման վրա, որոնց թվում են եղել ուսումնական բարձր առաջադիմությունը, օտար լեզուների իմացությունը, նաև կարգապահությունը։ Կրթաթոշակին արժանանալը անսպասելի էր ինձ համար։ Թեև ուսման ընթացքում միշտ ձգտել եմ առավելագույն պատասխանատու և հետևողական լինել, երբեք չէի մտածել, որ աշխատանքն այս կերպ կգնահատվի։ Այդ լուրը միաժամանակ մեծ ուրախություն, հպարտություն և պատասխանատվության զգացում առաջացրեց»,-նշում է Սվետլանա Սիմոնյանը, ում համար այս գնահատականը պատասխանատվություն է՝ արդարացնելու իրեն ցուցաբերված վստահությունը:
«Կարծում եմ՝ այսպիսի գնահատականը պետք է դառնա նոր խթան՝ շարունակելու զարգանալ, ընդլայնել գիտելիքն ու ձգտել կատարելագործման։ Այն նաև նոր հնարավորություններ է ստեղծում՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելու գիտական գործունեությանը, կրթական ծրագրերին և միջազգային փորձի ձեռքբերմանը։ Ինձ համար հատկապես կարևոր է այն գիտակցումը, որ համալսարանի կողմից գնահատված աշխատանքը կարող է հիմք դառնալ ապագայում ավելի մեծ նպատակների իրականացման համար»,-հպարտանում է ապագա բժիշկը։
Խոսելով ԵՊԲՀ-ում ուսանելու մասին՝ ասում է, որ ապագա մասնագիտական ուղին կապում է գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության հետ՝ նպատակ ունենալով դառնալ գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ։
«Բժշկությունը դեռ մանկուց եղել է իմ հետաքրքրությունների և երազանքների կենտրոնում։ Ընտրությունը ձևավորվել է տարիների ընթացքում. գիտակցված ընտրություն է։ Սա այն ճանապարհն է, որը ես ընտրել եմ ինքնուրույն՝ առաջնորդվելով սեփական հետաքրքրություններով, ձգտումներով և ապագայի պատկերացումներով։ Ինձ ամենից շատ ոգեշնչում է բժշկության մեջ գիտելիքը իրական արժեքի վերածելու հնարավորությունը»,-պատմում է ապագա բժիշկը։
Համոզված է՝ բժիշկը կարող է ոչ միայն բուժել, այլև փոխել մարդու կյանքի որակը, վերականգնել նրա առողջությունը, երբեմն վերադարձնել կորսված թվացող հույսը: Ընտրելով վերարտադրողական բժշկությունը՝ հերացիականը նպատակ ունի մասնագիտական իմացության, հետևողական աշխատանքի և մարդկային վերաբերմունքի շնորհիվ հնարավորինս օգնել մարդկանց իրականացնել կյանքի ծնող դառնալու նվիրական՝ երազանքը:
Կարծում է՝ այս մասնագիտությունը միավորվում է գիտական խորը գիտելիքները, բժշկական ժամանակակից տեխնոլոգիաները և ամենակարևորը՝ ընտանիք կազմելու և ծնող դառնալու հնարավորությանը նպաստելու առաքելությունը։
«Ինձ համար առանձնահատուկ է այն, որ այս ոլորտում բժիշկը հաճախ ուղեկցում է մարդուն կյանքի բավականին զգայուն և հուզականորեն բարդ փուլերում։ Հետևաբար, ապագայում ինձ պատկերացնում եմ որպես մասնագետ, որը ոչ միայն տիրապետում է հմտություններին, այլև կարողանում է յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ ցուցաբերել անհատական, հոգատար վերաբերմունք»,-շեշտում է ապագա բժիշկը։
Բժշկական համալսարանում ուսումնառությունն, ըստ նրա, պահանջում է մեծ պատասխանատվություն, հետևողականություն և ժամանակի արդյունավետ կառավարում։
«Մեր ուսումնական գրաֆիկը միշտ բավականին ծանրաբեռնված է եղել, քանի որ բժշկությունը մի ոլորտ է, որտեղ գիտելիքի շարունակական համալրումն ու ամրապնդումը պարզապես անհրաժեշտություն են։ Այս տարիների ընթացքում սովորել ենք ճիշտ կազմակերպել մեր ժամանակը՝ կարողանալով ուսումնական պարտականություններին զուգահեռ, տեղ հատկացնել նաև անձի զարգացմանն ու կատարելագործմանը։ Ինձ համար կարևոր է նաև օտար լեզուների իմացությունը, ֆիզիկական ակտիվությունը, ընտանիքիս ու ընկերներիս հետ ժամանակ անցկացնելը։ Համոզված եմ, որ բազմակողմանի զարգացումը նպաստում է նաև ապագա բժշկի կերպարի լիարժեք ձևավորմանը»,-հավելում է Սվետլանան։
Ամենամեծ դժվարություններից մեկը երկար ժամանակ համարել է քննություններին նախորդող լարվածությունը, ինչը սկզբնական շրջանում երբեմն խանգարել է նրան լիարժեք կենտրոնանալ կարևոր անելիքների վրա։
Տարիների ընթացքում սովորել է ավելի հանգիստ և համակարգված մոտենալ քննություններին, ճիշտ բաշխել պատրաստվելու ժամանակը և վստահել սեփական ուժերին։ Կարծում է՝ այդ փորձն իրեն սովորեցրել է ոչ միայն հաղթահարել քննությունների հետ կապված սթրեսը, այլև ավելի լայն իմաստով՝ պահպանել ինքնատիրապետումը պատասխանատու և լարված իրավիճակներում:
Սվետլանա Սիմոնյանի նպատակն է դառնալ բարձրակարգ գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ, ձեռք բերել միջազգային չափանիշներին համապատասխան գիտելիք և փորձ, շարունակաբար կատարելագործվել ու ներդրում ունենալ Հայաստանում վերարտադրողական բժշկության զարգացման գործում` ցանկանալով դառնալ ոչ միայն հաջողակ մասնագետ, այլև ստեղծել այնպիսի մասնագիտական միջավայր, որտեղ ամեն այցելու կստանա որակյալ բուժօգնություն: