Բժշկական համալսարանում դեկտեմբերի 25-ին անցկացվեց «Ձեռքերի հիգիենայի անվտանգ գործընթացը» թեմայով կրեդիտավորված վարպետաց դասը:
Վարպետաց դասի նպատակն էր ուսուցանել բուժաշխատողներին ձեռքերի հիգիենայի կարևորությունը վարակի կանխարգելման գործում, անվտանգ իրականացման գործընթացը, ձեռնոցների նպատակային կրումը, ինչպես նաև ձեռքերի լվացման, հականեխիչ միջոցով հիգիենիկ և վիրաբուժական մշակման գործնական հմտությունները:
«Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով` նախ պետք է հասկանալ, որ ձեռքերի հիգիենան ուղղակի լվացվելը չէ, դա միջոցառումների մի ամբողջ համալիր է, որը մշակվել է ԱՀԿ կողմից` ներհիվանդանոցային վարակների կանխարգելման համար: Այսօր Հայաստանում, նրա փոխանցմամբ, այն ստացել է իրավական ակտի տեսք, այսինքն` կարգավորվում է իրավական ակտով և ենթադրում է վարչական պատասխանատվություն:
«Մեր նպատակն է սովորեցնել ճիշտ ներդնել այս գործընթացը բուժհաստատություններում, քանի որ սա նոր երևույթ է: Ճիշտ ներդնել, ճիշտ վերահսկել և ճիշտ արդյունքներ գրանցել, այսինքն` տեղում հասկանալ դրա արդյունավետությունը, որն ապացուցված է ներհիվանդանոցային վարակների փոխանցման ընդհատման գործում», – շեշտեց Մերի Տեր-Ստեփանյանը:
Համալսարանական մասնագետն արտերկրում անցել է ԱՀԿ համապատասխան դասընթացը, թե ինչպես կատարել աուդիտ, ինչպես նշել փոքր արդյունքները, որպեսզի դա դառնա արդեն սովորական, առօրյա գործընթաց:
«Սկսել ենք բուժքույրերից, բայց սա շատ կարևոր է նաև բժիշկների համար, որովհետև նրանք անում են շատ լուրջ միջամտություններ, և մեկ թեթև խնդիրը կարող է դառնալ ընդհուպ մինչև հիվանդի մահվան պատճառ, մանավանդ այսօրվա դեղակայունության դաշտում, երբ հիվանդանոցում փոխանցվում են բազմադեղակայուն միկրոբներ, իսկ դրանց հիմնական փոխանցողը բուժաշխատողների ձեռքերն են», – փաստեց Համաճարակաբանության ամբիոնի վարիչը: Ձեռքերի հիգիենայի բաղադրիչն, ըստ նրա, այսօր ներառված է բուժհաստատությունների համար պարտադիր դարձած որակի գնահատման հարցաթերթիկի մեջ:
Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Նաիրա Մելքոնյանն ընդգծեց ձեռքերի հիգիենայի կրթական միջոցառումների կարևորությունը, քանի որ ձեռքերի հիգիենայի պատշաճ պահպանումը սկսվում է հենց դրա վերաբերյալ իրազեկվածությունից: Նա ներկայացրեց անցկացված կրթական միջոցառումների արդյունավետությունը: «Ձեռքերի հիգիենայի վերաբերյալ բնակչության տարբեր խմբերի կրթումը
Մասնագետն անդրադարձավ բժշկական կազմակերպություններում ձեռքերի հիգիենայի կարևորությանը: «ԱՀԿ գնահատմամբ` աշխարհում տարեկան արձանագրվում է ներհիվանդանոցային վարակների 14 մլն դեպք, որոնց 40-80%-ը փոխանցվում է ձեռքերի միջոցով: Ձեռքերի հիգիենայի պատշաճ պահպանումը կանխում է ներհիվանդանոցային վարակների շուրջ 50%-ը», – ընդգծեց Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոսը:
Բժշկական բուհում սա ձեռքերի հիգիենայի վերաբերյալ թվով արդեն երրորդ դասընթացն էր, և պահանջարկը դեռ պահպանվում է: