Հինգօրյա դասընթաց՝ բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները և հաղորդակցությունն առողջապահության ոլորտում թեմայով

Հինգօրյա դասընթաց՝ բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները և հաղորդակցությունն առողջապահության ոլորտում թեմայով

Բժշկական մայր բուհում անցկացվեց «Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները և հաղորդակցությունն առողջապահության ոլորտում» «Հերացի» վերլուծական կենտրոնի նախաձեռնած վերապատրաստման հինգօրյա դասընթացը:

Դասընթացը վարում են ռեկտորի խորհրդական, Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովի նախագահ Իզաբել Աբգարյանը և Հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս, նույն հանձնաժողվի անդամ Հայարփի Սահակյանը:

«Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» թեման դասընթացի մեկնարկին ներկայացրեց ռեկտորի խորհրդական Իզաբել Աբգարյանը:

Նրա խոսքով՝ 2024 թվականից` կառույցի հիմնադրումից ի վեր հանձնաժողովը էթիկայի խախտման բազմաթիվ դիմումներ է ստացել:

Խոսելով բուժաշխատող-պացիենտ հարաբերությունից, Աբգարյանը շեշտեց՝ բուժաշխատողը պացիենտի հետ հարաբերություններում պարտավոր է բարելավել պացիենտի առողջությունն ամրապնդելու (բարելավելու) և ցավը մեղմելուն ուղղված միջոցները:

«Պարտավոր է հարգել պացիենտի արժանապատվությունը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, հիմնական իրավունքները և ազատությունները, hարգել պացիենտի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, հարգալից վերաբերվել նրա դավանած կրոնին, աշխարհայացքին, քաղաքական կամ այլ հայացքներին, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներին, ձեռնպահ մնալ պացիենտի վարքի վերաբերյալ դատողություններից և չպարտադրել սեփական մոտեցումներն ու արժեքները»,-ընդգծեց նա:

Հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ՝ բուժաշխատողը մասնագիտական գործունեությունն իրականացնում է հավասարության, արդարության, համերաշխության սկզբունքներին համապատասխան, որոնց շրջանակներում պարտավոր է hարգել այլ բուժաշխատողների իրավունքները և օրինական շահերը, հարգալից վերաբերմունք և քաղաքավարություն դրսևորել այլ բուժաշխատողների նկատմամբ, դրսևորել համագործակցային վարքագիծ և փոխվստահություն այլ բուժաշխատողների նկատմամբ:

Հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս Հայարփի Սահակյանի խոսքով՝ շատ իրավական նորմեր իրենց հիմքում ունեն բարոյական դրույթները, ուստի փորձել են հարմոնիկ, ներդաշնակ դարձնել իրավական և էթիկական կողմերը՝ ներկայացնելով մասնակիցներին. «Կարևոր է հաղորդակցությունը, բժշկական գաղտնիքը, պացիենտ-բժիշկ փոխհարաբերությունները: Հաղորդակցություն ասելով, մենք մտածում ենք ինչ բառեր ասաց, բայց միայն բառերը չեն, սկսած մեր դիրքը, մեր ձայնի տոնը կարևոր են: Մենք այս ամենին օրինակներով, քեյսերով անդրադառնալու ենք դասընթացի ընթացքում»:

Հայարփի Սահակյանի առաջին զեկույցը «Բուժաշխատողների փոխհարաբերությունները պացիենտների, նրանց ընտանիքների, կոնտակտային անձանց, ինչպես նաև երրորդ անձանց հետ. թիմային աշխատանքի նշանակությունը» թեման է:

Բժշկական գաղտնիքը, դրա պահպանությունը, բժշկական գաղտնիքի էթիկական կողմերն ու սկզբունքները. վստահություն, անձնական կյանքի նկատմամբ հարգանք, պրոֆեսիոնալ ազնվություն և պատասխանատվությունը, բժշկական իրավակարգավորումները, գաղտնիքի դրա մշակմանը ներկայացվող պահանջները, բուժաշխատողների էթիկայի կանոնների խախտումները, բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովի ձևավորման կարգը, հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման կարգը,մասնագիտական պատասխանատվությունը և այլ կարևոր թեմաները հինգօրյա դասընթացի շրջանակում կներկայացվեն մասնակիցներին: