Ապագա ռազմական բժշկի ուղին՝ համալսարանից մինչև ծառայություն

Ապագա ռազմական բժշկի ուղին՝ համալսարանից մինչև ծառայություն

Գարիկ Աղաջանյանը սովորում է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 6-րդ կուրսում: Ապագա ռազմական բժիշկն իր մասին հարցերին արձագանքում է զինվորականին բնորոշ զսպվածությամբ,  համեստությամբ և խոհեմությամբ:

Ինչու՞ ընտրեց բժշկի մասնագիտությունը:

«Բժշկի մասնագիտությունը ընտրել եմ, քանի որ միշտ ցանկացել եմ օգնել մարդկանց և օգտակար լինել հասարակությանը։ Ընտանիքում  միայն եղբայրս է ավարտել բժշկական համալսարանը, սակայն այս պահին մասնագիտությամբ չի աշխատում», -նշում է ապագա բժիշկը:

Բժշկական մայր բուհում սովորելու ընթացքում, խոստովանում է, ձևավորվել է բժշկական մտածողություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ, պացիենտի հետ ճիշտ շփվելու կարողություն:

«Բժշկի մասնագիտությունը բարդ է, հետաքրքիր, միաժամանակ, պահանջում է մշտական զարգացում, կատարելագործում։ Լիովին գիտակցում եմ բժշկի մասնագիտության պատասխանատվությունը, պրակտիկ գործունեության ընթացքում ամեն ինչ անելու եմ, որ հնարավորինս գործեմ անսխալ, անվրեպ, չէ՞ որ խոսքը մարդկային ճակատագրերի մասին է: Այսօր ականատեսն ենք, թե ինչպիսի արագությամբ են զարգանում տեխնոլոգիաները: Տեխնոլոգիական առաջընթացն արտացոլվում է նաև բժշկության մեջ: Բայց չնայած բժշկության մեջ տեխնոլոգիաների ակտիվ կիրառմանը, սարքերի տվյալները միշտ չէ, որ լինում են ճշգրիտ։ Ուստի, վստահ եմ, որ բժիշկը պետք է կարողանա վերլուծել և համադրել դրանք պացիենտի ախտանիշների հետ՝ ճշգրիտ ախտորոշելու, ապա նաև բուժելու համար»,-ընդգծում է Գարիկ Աղաջանյանը: Նա դեռևս չի որոշել՝ ինչ նեղ մասնագիտացում է ընտրելու: «Գլխավոր նպատակս է բարեխղճորեն ավարտել համալսարանը, մեկնել զինվորական ծառայության՝ հայրենիքի հանդեպ կատարելու պարտքը», -նշում է կուրսանտը:

Գարիկ Աղաջանյանը նշում է, որ իր համար մեծ պատիվ է 2025-2026 ուսումնական տարում արժանանալ Մերուժան Ստեփանյանի անվան կրթաթոշակին։

Ավագ լեյտենանտ, 2016-ի քառօրյա պատերազմում զոհված Մերուժան Ստեփանյանի անվան կրթաթոշակը ապագա մասնագետի համար ոչ միայն խրախուսանք է բարձր առաջադիմության, կատարած աշխատանքի համար, այլ նաև մեծ պատասխանատվություն՝ շարունակելու կրթական ու մասնագիտական աճը:

«Այն ինձ ոգեշնչում է լինել ավելի նպատակասլաց, հետևողական և արժանի այս բարձր վստահությանը։ Շնորհակալ եմ այս հնարավորության և վստահության համար»,-եզրափակում է ԵՊԲՀ ուսանողը։