Շվեդիայի Գոթեբորգի համալսարանի առաջատար մասնագետները Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հանդես են գալիս հանրային առողջապահության ոլորտին նվիրված դասախոսությունների շարքով։
Փետրվարի 16-20-ը նախատեսված դասախոսություններն անցկացվում են անգլերեն և ինտերակտիվ են:
Գոթեբորգի համալսարանի Թվայնացման և գիտելիքի փոխանցման գծով գրասենյակի փոխտնօրեն Մաքս Փեցոլդի փոխանցմամբ` նման միջոցառումների նպատակներից է անհատական նախագծերին աջակցություն ցուցաբերելը:
«Մյուս նպատակն է, իհարկե, ստեղծել կապեր, շփումներ, նպաստել հայ սովորողների` Շվեդիայում վերապատրաստման հնարավորությանը, իսկ երկարաժամկետ հեռանկարում` այսպիսի դասախոսությունների, համատեղ հետազոտական նախագծերի միջոցով խթանել համալսարանների միջև սերտ կապերի զարգացումը», – նշեց շվեդ մասնագետը` ընդգծելով փոխգործակցության արդեն 7-ամյա ողջունելի փորձառությունը:
Նույն համալսարանի համաճարակաբանության և բիոստատիստիկայի մասնագետ Լաիթ Հուսսեյնը պատմեց, որ այս տարիների ընթացքում ակտիվորեն մասնակցել է Հայաստանի և Շվեդիայի գործընկերների միջև քննարկումներին, դասախոսական խմբի ձևավորմանը:
«Այսպիսի դասախոսությունները նպաստում են հետազոտական առավել լայն նախաձեռնությունների կյանքի կոչմանը, և այստեղ մենք փոխանակվում ենք ավելի տեխնիկական մանրամասներով` հետազոտական մեթոդաբանությամբ և այլն: Հուսով եմ` սա միայն սկիզբն է», – վստահեցրեց նա` հավելելով, որ այս շաբաթվա ընթացքում նախատեսված դասախոսությունները կներառեն ինչպես խմբային, այնպես էլ անհատական քննարկումներ` պարզելու ներդրված տեխնիկական մեթոդների արդյունավետությունը:
Գոթեբորգի համալսարանի բժշկական դպրոցի ներկայացուցիչ Լեոնարդ Սթոքֆելթն ընդգծեց պատվաստման կարևորությունը հանրային առողջապահության տեսանկյունից: «Համաճարակաբանության վիճակագրությունը ոլորտ է, որի դեպքում հնարավոր չէ օգտագործել միևնույն մեթոդները, և սա լավ առիթ է միջազգային համագործակցության զարգացման և փորձի փոխանակման համար», – ասաց նա:
Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի վարիչ Արտաշես Թադևոսյանի խոսքով` շուրջ 7 տարվա համագործակցությունը տալիս է պտուղներ, և շվեդ մասնագետների աշխատանքային այցի շրջանակում կքննարկվեն ինչպես Շվեդիայում արդեն իսկ վերապատրաստված սովորողների փորձը, այնպես էլ Երևանի պետական բժշկական համալսարանի և Գոթեբորգի համալսարանի միջև հետագա գործակցության ծրագրերը: