Խրախուսել ընթերցանությունը. գիրք նվիրելու օրվա հիմնական խորհուրդը

Խրախուսել ընթերցանությունը. գիրք նվիրելու օրվա հիմնական խորհուրդը

Գիրք նվիրելու օրը Հայաստանում նշվում է ամեն տարի փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։

Գիրք նվիրելու օրվա հիմնական խորհուրդն է՝ խրախուսել ընթերցանությունը, սերմանել գրքի հանդեպ սերը, կարևորել գիտելիքի ու մշակույթի արժեքը,   պահպանել և զարգացնել ազգային գրական ժառանգությունը։ Այս օրը մարդիկ միմյանց գիրք են նվիրում՝ որպես մտավոր հարստության, ջերմ վերաբերմունքի և ուշադրության նշան։ Այն հատկապես տարածված է դպրոցներում, գրադարաններում և մշակութային հաստատություններում։ Հովհաննես Թումանյանը հայ գրականության ամենասիրված ու ազդեցիկ հեղինակներից է բոլոր տարիքային խմբերի համար` մանուկներից մինչև տարեցներ։ Նրա ծննդյան օրը գրքին նվիրված տոն դարձնելը խորհրդանշում է, որ գիրքը մեր մշակույթի և ինքնության կարևոր հիմքերից է։

«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ` շատ երկրներում կա գրքի նվիրատվության կամ ընթերցանության խրախուսման նմանատիպ ավանդույթ։ Թեև ձևաչափերը տարբեր են, գաղափարը նույնն է՝ տարածել գրքի ու գիտելիքի սերը: Օրինակ, գիրք նվիրելու միջազգային օրը /International Book Giving Day/ նշվում է փետրվարի 14-ին աշխարհի տարբեր երկրներում։ Այդ օրը մարդիկ գրքեր են նվիրում երեխաներին, գրադարաններին կամ համայնքային կենտրոններին՝ խթանելու ընթերցանությունը։ Համաշխարհային գրքի օրը /World Book Day/ նշվում է ապրիլի 23-ին՝ UNESCO-ի նախաձեռնությամբ։ Նպատակն է կարևորել գրքի, հեղինակային իրավունքի և ընթերցանության դերը հասարակության մեջ։

Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում կա առանձին World Book Day նախաձեռնություն (մարտի սկզբին), որի ընթացքում դպրոցականներին տրվում են գրքային վաուչերներ։

Իսպանիայում ապրիլի 23-ին, հատկապես Կատալոնիայում, նշվում է Սուրբ Գեորգիի օրը, երբ մարդիկ միմյանց գրքեր և վարդեր են նվիրում։

Շատ երկրներում գիրք նվիրելը կապված է մշակութային տոների, հեղինակների ծննդյան օրերի կամ գրական միջազգային օրերի հետ։

Այսպիսով, թեև ձևը տարբեր է, գաղափարը համամարդկային է՝ գիրքը որպես գիտելիքի, մշակույթի և հոգևոր կապի խորհրդանիշ։

Հայաստանում հստակ միասնական վիճակագրություն, որը ամեն տարի ցույց կտա «ամենաընթերցասեր» տարիքային խումբը, միշտ չէ, որ հրապարակվում է, բայց ընդհանուր միտումները հետևյալն են․

Ավելի ընթերցասեր համարվող խմբերում առաջատարը դպրոցականները և ուսանողներն են (12–22 տարեկան), նրանք ամենաակտիվ ընթերցողներից են նաև կրթական պահանջներից ելնելով։ Գեղարվեստական գրականությունից բացի՝ կարդում են նաև ժամանակակից բեսթսելերներ, ինքնազարգացման գրքեր։ Սոցիալական ցանցերում (bookstagram, booktok) այս տարիքային խումբը բավական ակտիվ է։

Նրանց հաջորդում են 30–45 տարեկանները, ովքեր հաճախ ընթերցում են մասնագիտական, բիզնես, հոգեբանական և ինքնազարգացման գրքեր։ Այս խումբը նաև ամենաշատն է գիրք գնում (գնողունակության պատճառով)։

Ավելի պասիվ ընթերցողներ են ավագ սերունդի ներկայացուցիչները (60+), ովքեր ավելի հաճախ նախընտրում են թերթեր կամ հեռուստատեսություն, թեև կան բացառություններ։

20–30 տարեկանների մի հատվածում նկատվում է ընթերցանության նվազում՝ թվային բովանդակության գերակայության պատճառով։

Ինչ վերաբերվում է բժշկական գրականությանը, ապա արդի միտումները պայմանավորված են ինչպես գիտության արագ զարգացմամբ, այնպես էլ թվայնացման գործընթացներով։ Այստեղ հիմնական ուղղություններն են`ճշգրիտ (անհատականացված) բժշկությունը, արհեստական բանականությունը և թվային առողջապահությունը, հոգեկան առողջության ոլորտը, համաճարակաբանությունը և հանրային առողջությունը` առավելապես պանդեմիայից հետո համաճարակաբանական հետազոտությունների աճով պայմանավորված:

2025 թվականին բժշկական գրականության մեջ մի քանի աշխատություն առանձնացավ ընթերցողների ուշադրության կենտրոնում, սակայն ըստ հանրային միտումների ու գրքերի հանրաճանաչության (օր.՝ Goodreads Choice Awards 2025 տվյալներով) առավել մեծ արձագանք ստացածն էր՝ «Everything Is Tuberculosis»`ամերիկացի գրող Ջոն Գրինի աշխատությունը, որը գրված է ոչ միշտ ճիշտ ընկալվող հիվանդության՝ տուբեկուլյոզի մասին՝ պատմական, բժշկական և սոցիալական վերլուծությամբ։ Այն դարձել է 2025-ի ընթացքում հանրաճանաչ բեսթսելլեր և լավ ընդունված ընթերցողների շրջանում՝ դարձնելով հետազոտական բժշկական գրականությունը հասանելի ավելի լայն լսարանի համար։

Տեսանյութ