Ընտանիքի միջազգային օրը` բժշկական համալսարանում

Ընտանիքի միջազգային օրը` բժշկական համալսարանում

Ընտանիքի միջազգային օրը` մայիսի 15-ը, բժշկական համալսարանում նշանավորվեց «Ընտանիքներ, անհավասարություն, երեխայի բարեկեցություն» թեմայով կոնֆերանսի անցկացմամբ:

Տոնը հաստատվել է ՄԱԿ-ի կողմից 1993 թվականին:

«Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանը բացման խոսքում նշեց, որ  մայիսի 15-ը մի շատ հետաքրքիր օր է ոչ բժշկական օրացույցից: Ընտանիքի միջազգային օրվա` 2026 թվականի համար ՄԱԿ-ի կողմից ընտրված թեման է «Ընտանիքներ, անհավասարություններ և երեխաների բարեկեցություն»: Հայաստանը 2001 թվականից է պաշտոնապես միացել` նշելու Ընտանիքի միջազգային օրը»:

Ներկայացուցչական հանդիպումը մեկնարկեց փոքրիկ ընտանեկան վիկտորինայով. մասնակիցները հնարավորություն ունեցան պատասխանելու երեք հարցի և հենց ավարտին տեսնելու ճիշտ պատասխանները:

Նախքան զեկույցի մասնագիտական փուլին անցնելը պրոֆեսոր Տեր-Ստեփանյանը ներկայացրեց հետաքրքիր փաստեր. «Գենետիկ նմանություն. Չնայած` մենք գեների 50%-ը ստանում ենք հորից և 50%-ը` մորից, հետազոտությունները ցույց են տալիս, որ կաթնասունների մոտ գեների էքսպրեսիան (ակտիվությունը) հաճախ ավելի շատ հակված է դեպի հայրական կողմը։ Ընտանեկան ընթրիքի ուժը. վիճակագրությունը փաստում է, որ այն երեխաները, որոնք պարբերաբար ընթրում են իրենց ընտանիքի հետ, ավելի քիչ են հակված սթրեսի, ունեն ավելի բարձր առաջադիմություն և ավելի հարուստ բառապաշար։ Սթրեսի նվազեցում. սիրելի մարդկանց գրկելը վայրկյանների ընթացքում իջեցնում է արյան ճնշումը։ Սրտի ռիթմ. երկարակյաց զույգերի սրտի զարկերը համաժամանակեցվում են կողք կողքի նստելիս։ Բառապաշար. յուրաքանչյուր ընտանիք ստեղծում է միայն իրեն հասկանալի գաղտնի բառեր և կատակներ։ Գենետիկա. երեխաները` հատկապես տղաները, մայրերից ժառանգում են ինտելեկտի գեների հիմնական մասը։ Ազդեցություն. մարդու բնավորության 80%-ը ձևավորվում է ընտանեկան միջավայրում։ Տոներ. ընտանեկան ավանդույթներն ու ծեսերն ամրացնում են ամուսնական կապը»։

Համալսարանական մասնագետն անդրադարձավ հայկական ավանդական ընտանիքի ուշագրավ փաստերին, կենդանական աշխարհի ուշագրավ ընտանիքներին, քննարկման դրեց ընտանիքը` գիտական և էվոլյուցիոն տեսանկյունից:

«Բնակչության դեմոգրաֆիկ փոփոխությունները զարգացած և զարգացող երկրներում. առողջապահական քաղաքականության մշակումը` կախված դեմոգրաֆիկ բուրգից» խորագրով զեկույցի շրջանակում Մերի Տեր-Ստեփանյանը բացահայտեց, թե ինչ է սեռատարիքային բուրգը, ներկայացրեց Հայաստանի սեռատարիքային բուրգը, Հայաստանի ժողովրդագրական փոփոխությունները վերջին երեք տասնամյակում, ծերացումը, ծնելիության անկումը և ժողովրդագրական բեռը, Հայաստանում տարեցների ժողովրդագրական բեռը, միջազգային փորձն ու զարգացման տարբեր սցենարները: Ըստ նրա` ապագան ոչ միայն կանխատեսելի է, այլև կառավարելի:

Պրոֆեսորը ելույթն ամփոփեց հայ մեծերի` ընտանիքին վերաբերող իմաստուն խոսքերով:

Մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոնի պրոֆեսոր Կարինե Առուստամյանի զեկույցը կրում էր «Հղիության պլանավորումը թվային դարաշրջանում. անտեսված գործոններ» խորագիրը:

Մասնագետը լսարանից հետաքրքրվեց, երբ է սկսվում հղիության պլանավորումը:  Մեջբերելով պատմական տվյալներ` Կարինե Առուստամյանն ընդգծեց հայկական ավանդույթների և ծեսերի կարևորությունը` բժշկական տեսանկյունից, ապա անցում կատարեց ժամանակակից մանկաբարձությանը: Նա հակիիճ անդրադարձավ մինչհղիության խնամքի հարցում ԱՀԿ մոտեցմանը: Էկրանային կախվածությունը, նրա խոսքով, հանգեցնում է քնի խանգարումների, որոնց հետևում է հորմոնալ դիսբալանսը, ինչն էլ առաջացնում է վերարտադրողական համակարգի խանգարումներ: Պրոֆեսորը խորհուրդ տվեց պահպանել լուսային հիգիենան և կենսաբանական ռիթմերը: «Հղիության պլանավորման դասական մոտեցում. գնահատել բժշկական ռիսկերը, քրոնիկ հիվանդություններ, ինֆեկցիաներ, սննդակարգ, կենսակերպ: Սակայն այժմ առկան են նոր, արագ աճող և հաճախ անտեսվող գործոններ, որոնք ազդում են վերարտադրողական առողջության վրա», –  ամփոփեց Կարինե Առուստամյանը:

Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ասիստենտ Աննա Մխիթարյանը «Ընտանիքն ու երեխայի առողջությունը» թեմայի շրջանակում ընդգծեց. «Երեխայի առողջությունը սկսվում է տնից»: Մասնագետը խոսեց կանխարգելիչ մանկաբուժության, սնուցման և դրա հիմնական խնդիրների մասին, որոնց թվում առանձնացրեց անհիմն անցումը կաթնախառնուրդին, հավելյալ սննդի վաղաժամ կամ ուշացած ներմուծումը, վնասակար սննդի չարաշահումը, ինչպես նաև հավելյալ քաշի խնդիրը երեխաների շրջանում:

Իմունային կանխարգելմանն անդրադառնալով` Աննա Մխիթարյանը շեշտեց, որ պատվաստումները վերջին տարում ավելի քան 154 միլիոն կյանք են փրկել:

Զեկույցի ավարտին մանկաբույժն ընդգծեց տարբեր տարիքի երեխաների խմբերում անվտանգության ապահովման կարևորությունը և հոգեսոցիալական միջավայրի ազդեցությունը` էմոցիոնալ անվտանգությունը:

Բժշկական հոգեբանության կուրսի դասախոս Նաիրա Ազատյանը խոսեց «Առողջ ընտանեկան հարաբերությունները` որպես ներդաշնակ դաստիարակության հիմք» թեմայով: «Ընտանեկան փոխհարաբերությունները՝ ընտանիքի անդամների միջև ձևավորվող հուզական, սոցիալական, հոգեբանական և վարքային կապերի համակարգ է, որն ուղղակի ազդեցություն ունի ինչպես անհատի հոգեկան առողջության, այնպես էլ երեխայի զարգացման գործընթացների վրա», – նշեց նա:

Դասախոսի խոսքով՝ եթե ընտանիքում առկա են ծնողական կոնֆլիկտները, հուզական սառնությունը, բռնությունը, կախվածությունները, հոգեբանական անկայունությունը, ապա բարձր է տագնապայնությունը,
հասուն տարիքում հարաբերությունների դժվարությունների ռիսկը:

«Center on the Developing Child at Harvard University-ի բազմամյա հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխայի զարգացման վրա վճռորոշ ազդեցություն ունեն ոչ միայն գենետիկական գործոնները, այլև հատկապես՝ առնվազն մեկ կայուն, հուզականորեն հասանելի և աջակցող մեծահասակի առկայությունը։ Առողջ ընտանեկան հարաբերությունները ոչ միայն բարենպաստ միջավայր են երեխայի մեծացման համար, այլև կանխարգելիչ գործոն՝ ապագա հոգեբանական և սոցիալական դժվարությունների նկատմամբ։ Ներդաշնակ ամուսնական հարաբերությունների հիմքում ընկած են հուզական անվտանգությունը, փոխադարձ հարգանքը, հաղորդակցման մշակույթը և ընդհանուր պատասխանատվությունը ընտանիքի բարեկեցության նկատմամբ»,-հավելեց նա։

«Տղամարդու դերը ընտանիքի հոգեբանական և սեռական առողջության պահպանման գործընթացում» թեմայով հանդես եկավ ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ, Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վրեժ Շահրամանյանը՝ անդրադառնալով ժամանակակից ընտանիքին և այն խորքային փոփոխություններին, որոնք այսօր տեղի են ունենում ընտանեկան և սեռադերային հարաբերությունների համակարգում։ «Մենք ավելի ու ավելի հաճախ բախվում ենք այն իրականությանը, որ տղամարդու և կնոջ դերի վերաբերյալ ավանդական պատկերացումներն աստիճանաբար փոխակերպվում են, փոխվում են ամուսինների միջև փոխհարաբերությունների մոդելները, սպասումները, գործառույթները և նույնիսկ ընտանիքի կառուցվածքը։ Ժամանակակից ընտանիքը շատ հաճախ այլևս չի համապատասխանում այն պատկերացումներին, որոնք գոյություն ունեին մի քանի տասնամյակ առաջ։ Այսօր մենք ականատես ենք դերային դիրքորոշումների որոշակի խամրման, ամուսինների միջև հուզական հեռացման, տղամարդու և կնոջ ներգրավվածության փոփոխության ընտանեկան կյանքում։ Եվ այս ամենը, բնականաբար, անդրադառնում է ընտանիքի հոգեբանական մթնոլորտի, ամուսինների հուզական վիճակի և հաճախ նաև զույգի սեռական առողջության վրա», – ասաց Վրեժ Շահրամանյանը։

Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավարը ելույթի ընթացքում ընդգծեց, թե որքան մեծ ազդեցություն ունեն տղամարդու հուզական հասունությունը, անձնային առանձնահատկությունները, պատասխանատվության զգացումը, էմպատիայի, հուզական աջակցության և անվտանգության զգացում ձևավորելու կարողությունը կնոջ, երեխաների և ամբողջ ընտանեկան համակարգի վիճակի վրա։
«Իմ կարծիքով՝ տղամարդը ընտանիքում միայն սոցիալական կամ նյութական գործառույթ չէ։ Շատ հաճախ հենց նրա հուզական ներկայությունից, վարքագծից, կնոջ և երեխաների նկատմամբ վերաբերմունքից է կախված ընտանիքի ներսում տիրող մթնոլորտը, վստահության մակարդակը, հոգեբանական հարմարավետությունն ու հարաբերությունների ներդաշնակությունը։ Կարծում եմ՝ սա թեմա է, որն այսօր վերաբերում է գրեթե յուրաքանչյուր ընտանիքի», – հավելեց նա։