Մանկությունն ու դեռահասությունը զարգացման առանձնահատուկ և վճռորոշ շրջաններ են, որոնք բնորոշվում են կենսաբանական, հոգեբանական, ճանաչողական և սոցիալական ոլորտներում ընթացող խորքային և ինտենսիվ փոփոխություններով։ Այս փուլում են ձևավորվում հուզական ինքնակարգավորման, սոցիալական փոխազդեցության, անձնական ինքնության և վարքագծային ռազմավարությունների հիմնարար մեխանիզմները, որոնք հետագայում պայմանավորում են անհատի կայուն զարգացումն ու լիարժեք սոցիալական ինտեգրումը։
Սակայն խնդրի պարադոքսն այն է, որ հոգեկան խանգարումների 50–75%-ի սկիզբը բաժին է ընկնում հենց մանկական և դեռահասային տարիքին։ Հետազոտությունների տվյալների համաձայն՝ հոգեկան խանգարումների դրսևորման միջին տարիքը կազմում է 14,5 տարի, իսկ դեպքերի 48,4%-ը սկսվում է մինչև 18 տարեկանը։ 10–19 տարեկանների շրջանում հիվանդությունների ընդհանուր բեռի կառուցվածքում հոգեկան խանգարումները զբաղեցնում են 15%։
«Հերացի» վերլուծականի դիտարկմամբ` նշված միտումները լուրջ մտահոգություն են առաջացնում, քանի որ հոգեկան խանգարումները կարող են խաթարել զարգացման հիմնական փուլերի բնականոն ընթացքը՝ էական ազդեցություն ունենալով կրթական առաջադիմության, սոցիալական հարմարվողականության և ապագա մասնագիտական ներուժի ձևավորման վրա։ Դեռահասների հոգեկան խանգարումները հաճախ ուղեկցվում են սոցիալական մեկուսացմամբ, խտրականությամբ և խարանավորմամբ, ռիսկային վարքագծի դրսևորումներով, ֆիզիկական առողջության վատթարացմամբ, ինչպես նաև իրավունքների խախտման և ոչ պատշաճ վերաբերմունքի բարձր ռիսկով:
Այս համատեքստում խնդիրը չի սահմանափակվում միայն բժշկական հարթությամբ․ այն ունի նաև արտահայտված սոցիալ-տնտեսական նշանակություն և վերածվում է հանրային առողջության լուրջ մարտահրավերի։
Գլոբալ գնահատականները վկայում են խնդրի լայնածավալ և համակարգային բնույթի մասին։ ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում յուրաքանչյուր յոթերորդ դեռահասը (14,3%) ունի որևէ հոգեկան խանգարում, մինչդեռ դեպքերի զգալի մասը մնում է չախտորոշված և համապատասխան բուժօգնությունից զուրկ։ Նույնիսկ բարձր եկամուտ ունեցող երկրներում հոգեկան խանգարում ունեցող երեխաների միայն 44,2%-ն է ստանում համապատասխան մասնագիտացված օգնություն։
5–24 տարեկանների ընդգրկմամբ իրականացված լայնածավալ գնահատումը ցույց է տվել, որ 2019 թվականին հոգեկան խանգարումների գլոբալ միջին տարածվածությունը կազմել է 11,6%, ինչը համարժեք է շուրջ 293 միլիոն դեպքի։
Շուրջ 1,6 միլիոն մասնակից ընդգրկած խոշոր մետավերլուծությունը արձանագրել է հոգեկան խանգարումների տարածվածության տարածաշրջանային զգալի տարբերություններ․ Ասիայում տարածվածությունը կազմել է 14,5%, Աֆրիկայում՝ 9,9%, մինչդեռ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում այն հասել է 30,6%-ի, իսկ Եվրոպայում՝ 30,4%-ի։ Նշված տարբերությունները պայմանավորված են ինչպես իրական համաճարակաբանական առանձնահատկություններով, այնպես էլ հետազոտական մեթոդաբանության տարբերություններով և հոգեկան առողջության ծառայությունների ու ախտորոշման հասանելիությամբ։
Մանկական և դեռահասային տարիքում հոգեկան խանգարումների կլինիկական կառուցվածքը բնութագրվում է տարիքային օրինաչափություններով և դրսևորման առանձնահատկություններով։ Դեռահասության շրջանում գերակշռում են հուզական խանգարումները՝ առաջին հերթին տագնապային և դեպրեսիվ սպեկտրի խանգարումները։
Տագնապային խանգարումները հանդիպում են 10–14 տարեկանների 4,1%-ի և 15–19 տարեկանների 5,3%-ի մոտ, իսկ դեպրեսիան՝ համապատասխանաբար 1,3% և 3,4% հաճախականությամբ։ Դեպրեսիվ խանգարումները կարող են ունենալ ծանր հետևանքներ՝ ընդհուպ մինչև ինքնասպանություն, որը, ԱՀԿ տվյալներով, 15–29 տարեկանների շրջանում մահացության պատճառների շարքում զբաղեցնում է երրորդ տեղը։
Վարքային խանգարումները համեմատաբար ավելի հաճախ հանդիպում են կրտսեր դեռահասների մոտ։ Ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվության համախտանիշը գրանցվում է 10–14 տարեկանների 2,7%-ի և 15–19 տարեկանների 2,2%-ի մոտ, իսկ վարքի խանգարումները՝ համապատասխանաբար 3,3% և 1,8%-ի։
Սննդային վարքի խանգարումները համեմատաբար քիչ են տարածված, սակայն ունեն հստակ սեռային անհավասարություն․ դրանք դիտվում են 10–14 տարեկանների 0,1%-ի և 15–19 տարեկանների 0,4%-ի մոտ՝ առավելապես աղջիկների շրջանում։
Փսիխոտիկ ախտանշաններով բնութագրվող խանգարումները հիմնականում դրսևորվում են ուշ դեռահասային կամ վաղ հասուն տարիքում․ 15–19 տարեկանների շուրջ 0,1%-ի մոտ զարգանում է շիզոֆրենիա։
Հոգեմետ նյութերի օգտագործման հետ կապված խանգարումները ընդգրկում են դեռահասների 1,3%-ը, իսկ ալկոհոլի օգտագործման հետ կապված խանգարումները՝ 1,2%-ը։
Հատկանշական է նաև համակցվածության (կոմորբիդության) բարձր մակարդակը․ հոգեկան խանգարում ունեցող երեխաների և դեռահասների 26,5%-ը միաժամանակ ունենում է երկու և ավելի խանգարումներ, ինչը զգալիորեն բարդացնում է ախտորոշման գործընթացը, բուժման ընտրությունը և կանխատեսումը։
Դեռահասների հոգեկան առողջության ձևավորումը պայմանավորված է կենսաբանական, հոգեբանական և սոցիալական գործոնների փոխկապակցված ազդեցությամբ։ Ռիսկի գործոնների կուտակումը ոչ միայն մեծացնում է հոգեկան խանգարումների առաջացման հավանականությունը, այլև ուժեղացնում է դրանց ծանրությունն ու երկարատև ընթացքը։
Հիմնական ռիսկի գործոնների շարքին են դասվում.
Ռիսկը բարձրանում է նաև այն երեխաների և դեռահասների շրջանում, ովքեր ունեն քրոնիկ սոմատիկ հիվանդություններ, աուտիզմի սպեկտրի և նյարդաբանական խանգարումներ, քանի որ այս պայմանները հաճախ ուղեկցվում են սոցիալական ադապտացիայի դժվարություններով և լրացուցիչ հոգեբանական ծանրաբեռնվածությամբ։
ՀՀ առողջապահության համակարգի գործունեության գնահատման ազգային զեկույցի (2023) համաձայն՝ երիտասարդների շրջանում հոգեկան առողջության խնդիրները դառնում են ավելի տարածված, իսկ բազմաթիվ դեպքեր մնում են չախտորոշված և չբուժված։
Ըստ 2025թ․ ԱԱԻ տարեգրքի տվյալների՝ առաջնակի հիվանդացության դինամիկան վկայում է ցուցանիշների արտահայտված աճի մասին։ 0–14 տարեկանների շրջանում ցուցանիշը 2015 թվականի 17,6-ից (100 000 բնակչի հաշվով) աճել է մինչև 56,9՝ 2024 թվականին, այսինքն՝ 3,2 անգամ։
15–17 տարեկանների խմբում ցուցանիշը 72,0-ից հասել է 140,2-ի՝ գրեթե կրկնապատկվելով։
2023 թվականին հոգեկան և վարքային խանգարումները մանկական հաշմանդամության պատճառների կառուցվածքում զբաղեցրել են առաջին տեղը՝ կազմելով 33,4% (2018 թ․՝ 25%), ինչը վկայում է դրանց հարաբերական կշռի աճի մասին։
2024 թվականին 0–14 տարեկանների շրջանում առաջին տեղում է եղել մտավոր հետամնացությունը (173 դեպք), երկրորդ տեղում՝ հոգեբանական զարգացման խանգարումները (127 դեպք), երրորդում՝ մանկական և դեռահասային տարիքում սկսվող հուզական և վարքային խանգարումները (14 դեպք), չորրորդում՝ նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և մարմնաձևային խանգարումները (6 դեպք), իսկ հինգերորդում՝ օրգանական հոգեկան խանգարումները (3 դեպք)։
5–17 տարեկանների խմբում ևս առաջին տեղում է եղել մտավոր հետամնացությունը (89 դեպք), որին հաջորդել են հոգեբանական զարգացման խանգարումները (21 դեպք), հուզական և վարքային խանգարումները (17 դեպք), նևրոտիկ խանգարումները (9 դեպք), շիզոֆրենիան, շիզոտիպիկ և զառանցանքային խանգարումները (8 դեպք)։
Լրացուցիչ տվյալներ են ստացվել HBSC (Health Behaviour in School-aged Children) միջազգային հետազոտության շրջանակներում, որն իրականացվել է Հայաստանում 2017–2018 թվականներին՝ ԱՀԿ աջակցությամբ։ Հարցման տվյալները ցույց են տվել, որ թեև շուրջ 90% դեռահասներ հայտնել են կյանքի նկատմամբ բավարարվածության մասին, 15-ամյա աղջիկների 50%-ը և տղաների 36%-ը շաբաթական մեկից ավելի անգամ նշել են հոգեհուզական վիճակի վատթարացում, 41% աղջիկներ և 22% տղաներ՝ հուսահատության զգացում, մոտ 20%-ը՝ դեպրեսիայի ախտանշաններ, իսկ մինչև 8%-ը՝ ինքնասպանության մտքեր։
2020–2022 թվականներին ՀՀ դեռահասների շրջանում ինքնավնասման դեպքերի թիվը աճել է 5-ից հասնելով 10-ի։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է մինչև 18 տարեկանների 18 ավարտված ինքնասպանություն, որոնց մեծ մասը եղել են տղաներ, մինչդեռ ինքնասպանության փորձերը առավել հաճախ արձանագրվել են աղջիկների շրջանում՝ 34 դեպք՝ 8-ի դիմաց։
Այսպիսով, մանկական և դեռահասային հոգեկան խանգարումների աճը կայուն գլոբալ և ազգային միտում է։ Խնդրի արդյունավետ լուծումը պահանջում է միջոլորտային, համակարգային մոտեցում՝ առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտների համատեղ և փոխկապակցված մասնակցությամբ։ Համալիր և երկարաժամկետ միջամտությունների իրականացումը կարող է փոխել առկա միտումները՝ նպաստելով ապագա սերնդի մարդկային ներուժի պահպանմանն ու զարգացմանը։