Կինոն, երաժշտությունը, փորձառու մասնագետների և երիտասարդների ստեղծարար էներգիան միավորվել էին բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Ֆիլմակորդ» միջոցառման յուրօրինակ հարթակում:
«Ֆիլմակորդ»-ն առանձնահատուկ էր ոչ միայն իր ստեղծարար ձևաչափով, այլև պատվավոր հյուրերի ներկայությամբ. այն համախմբել էր ոչ միայն տարբեր կուրսերի ուսանողներին, այլև պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին: Խաղում էին ռեկտոր Արմեն Մուրադյանը, պրոռեկտորներ Լարիսա Ավետիսյանը, Արմեն Մինասյանը, Երվանդ Սահակյանը, Կոնստանտին Ենկոյանը, Գառնիկ Ավետիսյանը և Խաչատուր Մարգարյանը:
4 փուլից բաղկացած միջոցառման առաջին և երկրորդ փուլերի ընթացքում ներկայացվեցին ֆիլմերից հայտնի տեսարաններ և մեղեդիներ, որոնց օգնությամբ մասնակիցները փորձում էին գուշակել ֆիլմը կամ մուլտֆիլմը:
Առաջին կատեգորիան ընտրելու հնարավորությունն ընձեռվեց Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանին: Այս փուլում, ի թիվս այլ հայտնի կինոնկարների և անիմացիոն ֆիլմերի, ներառված էին «Գտնված երազ», «Հայելի», «Սպանված աղավնի», «Կտոր մը երկինք», «Խոշոր շահում», «Գիքորը», «Ոսկե ցլիկը», «Հարսնացուն հյուսիսից», «Մենք ենք մեր սարերը» հայկական հանճարեղ ստեղծագործությունները:
Հարցերի և անկեղծ պատասխանների միջոցով ապագա բժիշկները բացահայտեցին բուհի ղեկավարի և պրոռեկտորների նախասիրությունները կինեմատոգրաֆիայի ասպարեզում: Անդրադառնալով հարցին, թե որ ֆիլմի վերջաբանը կփոխեր, Լարիսա Ավետիսյանը միանշանակ պատասխանեց` «Գիքորը»: «Դա ասել է նաև ինքը` Հովհաննես Թումանյանը, երբ առաջին անգամ դիտել է ներկայացումը: Նա խնդրել է այնպես անել, որ գլխավոր հերոսը ողջ մնա», – նշեց պրոռեկտորը:
Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, անկախ տրամադրությունից, միշտ պատրաստ է դիտել «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը, Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի կյանքում հետք է թողել «Սատանայի փաստաբանը» ֆիլմը, իսկ եթե հնարավորություն լիներ որևէ ֆիլմ ջնջել հիշողությունից և դիտել այն առաջին անգամ, ապա Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանի համար դա կլիներ «Թթենին»:
Մինչ հաջորդ փուլին անցնելը ներկաներն ունկնդրեցին Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը` Ընդհանուր բժշկության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Վարուժան Բեկթաշյանի կատարմամբ:
Էմիլ Գաբրիելյանի անվան լսարանում տիրում էր ջերմ ու ոգեշնչող մթնոլորտ։ Ուսանողները վայելում էին հատվածներ սիրված կինոպատումներից, ակտիվորեն գուշակում ու վերհիշում անվանումները, կիսվում իրենց տպավորություններով և բացահայտում արվեստի նոր երանգներ։
Երրորդ և չորրորդ փուլերի ընթացքում մասնակիցները գուշակեցին տարբեր կատեգորիաների մեղեդիներ: Դասականն ու ժամանակակիցը, ժողովրդականն ու էստրադայինը, հայկականն ու արտասահմանյանը ներդաշնակորեն միահյուսվել էին բժշկագիտական միջավայրին։ Հայ և համաշխարհային ստեղծագործողների հին ու նոր կատարումների շարքում էին «Ճերմակ անուրջներ», «Նվագախմբի տղաները», «Երջանկության մեխանիկա», «Մեր բակը» ֆիլմերի հանճարեղ մեղեդիները, հայկական և արտասահմանյան հիթերը:
Չկային հաղթողներ և պարտվողներ, բժշկական մեծ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը մեծ բավականություն ստացավ միջոցառումից:
Ռեկտոր Արմեն Մուրադյանը` որպես մասնակից, շնորհակալություն հայտնեց ապագա բժիշկներին ջերմ և ուրախ մթնոլորտի համար: «Հաջորդ անգամ անպայման նորից կմասնակցեմ: Շատ լավ էիք պատրաստվել», – գոհունակությամբ փաստեց նա:
Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը հիշեց իր ուսանողական տարիները: «Կարծում եմ, որ այս ձևաչափը շատ փոքր է ձեր ուղեղային ներուժի համար», – ասաց նա` կոչ անելով հավաքել ավելի մեծ դահլիճներ, ինչպես, օրինակ, «Ուսանողական գարուն» և «Ուսանողական աշուն» մաշստաբային միջոցառումների դեպքում:
Ուսանողական խորհրդարանի նախագահ Միշել Քոչարյանն, իր հերթին, երախտագիտություն հայտնեց բուհի ղեկավարությանը, ինչպես նաև իր թիմակիցներին:
«Ֆիլմակորդ»-ը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ բժշկական կրթությունը կարող է համադրվել մշակութային հարուստ կյանքի հետ։ Այսպիսի նախաձեռնությունները ոչ միայն ամրապնդում են ուսանողական համայնքը, այլև ձևավորում համալսարանական մշակույթի նոր ու վառ էջեր։