Բժշկական բուհի ուսանողները՝ «Մայրենի լեզվի օրեր» միջոցառմանը

Բժշկական բուհի ուսանողները՝ «Մայրենի լեզվի օրեր» միջոցառմանը

Ապագա բժիշկները մասնակցել են Հայ-ռուսական համալսարանում անցկացվող «Մայրենի լեզվի օրեր» միջոցառումներին՝ իրենց ներդրումն ունենալով մայրենի լեզվի զարգացման, մշակույթի պահպանման գործում։

Ուսանողները հանդես են եկել բազմաժանր մշակութային համարներով՝ համադրելով երաժշտությունն ու պարը։

Նրանց կատարմամբ հնչեցին ստեղծագործություններ քանոնի և դաշնամուրի նվագակցությամբ։ Մասնավորապես ներկայացվեց Առնո Բաբաջանյանի «Չքնաղ երազ»-ը՝ Կարինե Գալստյանի (քանոն) և Մարի Նազարյանի կողմից (դաշնամուր)։

Դհոլի հնչյունները միջոցառմանը հաղորդեցին ազգային շունչ՝ ընդգծելով մեր մշակութային ինքնության կենսունակությունը։ Հնչեց նաև «Շարան»-ը՝ Ալեքսանդր Ավագյանի (դհոլ) և Գայանե Մելքոնյանի (քանոն) կատարմամբ։

Ներկայացվեց Առնո Բաբաջանյանի «Էլեգիան», որի ժամանակ մենապարեց Գայանե Մելքանյանը: Պարային կատարումը խորհրդանշում էր լեզվի ու մշակույթի անքակտելի կապը՝ ցույց տալով, որ մայրենին ապրում է ոչ միայն խոսքում, այլև շարժման, երաժշտության և ստեղծագործական ինքնարտահայտման մեջ։

Մասնակցությունը ևս մեկ անգամ վկայեց, որ ապագա բժիշկները կարևորում են ոչ միայն մասնագիտական գիտելիքը, այլև ազգային արժեքների պահպանումն ու զարգացումը։ «Մայրենիի օրեր» նախաձեռնությունը նրանց համար դարձավ հարթակ՝ արտահայտելու սերը հայոց լեզվի հանդեպ և ընդգծելու նրա դերը կրթական ու մշակութային կյանքում։

Մայրենի լեզուն յուրաքանչյուր ժողովրդի համար ոչ միայն հաղորդակցության միջոց է, այլև մտածողության ձև, պատմական հիշողություն և մշակութային ինքնության հիմք։