«ԷԼ ԿԱՄՊՈՒՍ» դրամաշնորհային նախագծի շրջանակում ԵՊԲՀ-ում բացվեց 2 «խելացի» լսարան

«ԷԼ ԿԱՄՊՈՒՍ» դրամաշնորհային նախագծի շրջանակում ԵՊԲՀ-ում բացվեց 2 «խելացի» լսարան

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում բացվեց նորակառույց «խելացի» 2 լսարան և անցկացվեց տեղեկատվական հանդիպում դասախոսական կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանի փոխանցմամբ` բժշկական համալսարանը բազմաթիվ ծրագրերի շարքում մասնակցում է մի շատ հետաքրքիր դրամաշնորհային ծրագրի, որը կօգնի բուհին կազմակերպել հեռավար կրթությունը: «COVID-19 համավարակից հետո աշխարհը հասկացավ, որ դրա անհրաժեշտությունը խիստ կա, և պետք է, որ տարբեր ձևաչափերում այն շատ կիրառելի լինի: Իհարկե, բժշկական կրթությունն այն ոլորտներից է, որտեղ այս գործիքը շատ չի կիրառվում, բայց եթե մեր դասախոսական կազմը տիրապետի գործիքին ամբողջապես և օգտագործի, կարծում եմ, որ այն շատ շահեկան կլինի», – նշեց պրոռեկտորը` հավելելով, որ ավելի ուշ դասախոսների շրջանում կիրականացվեն դասընթացներ, որոնց արդյունքում կշնորհվեն հավաստագրեր:

Լարիսա Ավետիսյանի խոսքով` նախագիծն արդեն 1 տարուց ավելի գործում է և շատ ինտենսիվ է աշխատում:
«ԷԼ ԿԱՄՊՈՒՍ. սոցիալական հեռավորության պահպանումը և կիրառական կամպուսային կրթության խթանումը հայաստանյան բուհերում» դրամաշնորհային նախագծի համակարգող, Միջազգային համագործակցության բաժնի պետ Աննա Ղազարյանը հակիրճ ներկայացրեց դրա հիմնական նշանակությունը: Նախագիծը մեկնարկել է 2024 թվականի դեկտեմբերին, համակարգվում է ԵՊՀ-ի կողմից` Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանի ղեկավարությամբ, ավարտը նախատեսվում է 2028 թվականի դեկտեմբերին: Այն Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող կարողությունների զարգացման նախագիծ է, որի նպատակն է զարգացնել դասախոսական կազմի թվային հմտությունները, բարձրացնել թվային դասավանդման, ուսումնառության և գնահատման որակը, ստեղծել տեխնոլոգիապես «խելացի» լսարաններ, ներդնել նորարարական կրթական պրակտիկա, ստեղծել թվային դասավանդման, ուսումնառության և գնահատման ազգային հավաստագրման ծրագիր», – շեշտեց Աննա Ղազարյանը:

Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը մանրամասնեց «խելացի» լսարանների տեխնոլոգիական հնարավորություններն ուսումնական գործընթացի կազմակերպման տեսանկյունից:

Կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի ղեկավար Արամ Հայրապետյանը ներկայացրեց «ԴիջիՔոմԱրմ. ՀՀ բուհերի դասախոսների թվային կարողությունների շրջանակ» փաստաթուղթը, որն, իր հերթին, հիմնված է մի շարք միջազգային պայմանագրերի վրա:

Ըստ նրա` նշված փաստաթուղթը

  • ապահովում է համապատասխանություն եվրոպական և գլոբալ չափանիշներին, ներառյալ արհեստական բանականության գործիքակազմի հետ աշխատելու գրագիտություն, էթիկական օգտագործում և ներառականություն,
  • հայաստանւյան բուհական միջավայրի պահանջմունքներին համապատասխան գործիքակազմի ներդրում` համաձայն Կարիքների վերլուծության զեկույցի,
  • թվային տեխնոլոգիաների և ԱԲ գործիքների կիրառմամբ դասավանդման և ուսուցման գործելակերպի ներդրում:

ԴիջիՔոմԱրմ-ի կառուցվածքային դիզայնը, Արամ Հայրապետյանի տեղեկացմամբ, ներառում է 5 կարողությունների ոլորտ, 14 հիմնական կարողություն, 3 իմացության մակարդակ` հիմնարար (սկսնակ), միջին (ակտիվ կիրառող), առաջանցիկ (մասնագետ), և 42 կարողությունների նկարագրիչ:

Առաջիկայում դասախոսական կազմի համար նախատեսվում է մի շարք դասընթացների կազմակերպում` ուղղված նրանց թվային կարողությունների զարգացմանը: