Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 դպրոցի աշակերտներն էին ԵՊԲՀ թանգարանի հերթական հյուրերը։
Թանգարանի պատասխանատուների փոխանցմամբ՝ դպրոցի երրորդ դասարանի աշակերտները աչքի էին ընկնում իրենց հետաքրքրասիրությամբ, բանիմացությամբ և խելացիությամբ։ Փոքրիկները իրենց բազմաթիվ հարցերով, ինչպես նաև տեղին ու հետաքրքիր մեջբերումներով հաճելիորեն զարմացրել ու տպավորել էին թանգարանի աշխատակիցներին։
Փոքրիկ այցելուների ընտրությունը ուսուցիչների կողմից պատահական չէր։ Նրանք գիտությամբ հետաքրքրվող դպրոցականներ էին․ յուրաքանչյուրն այցի ընթացքում ներկայացնելու համար պատրաստել էր մեկ գիտական թեմա։ Թեմաներից մեկը վերաբերում էր 12-րդ դարի հայ մեծանուն գիտնական, բժիշկ, բնագետ և փիլիսոփա Մխիթար Հերացուն, ում անունը հպարտությամբ կրում է Երևանի պետական բժշկական համալսարանը։
Նշենք, որ բժշկական մայր բուհի կենտրոնական մասնաշենքում տեղակայված Հայաստանի բժշկության պատմության թանգարանը շարունակում է հյուրընկալ դռները բացել մեծ ու փոքր այցելուների առջև՝ նրանց ծանոթացնելով հայկական բժշկության հարուստ անցյալին։
Պատմական և մշակութային կարևոր նշանակություն ունեցող թանգարան 2025 թվականին այցելել է 1500 մարդ: