«Ֆրանսիայի առողջապահական համակարգի կառուցվածքը». ֆրանսիացի պրոֆեսորի դասախոսությունը

«Ֆրանսիայի առողջապահական համակարգի կառուցվածքը». ֆրանսիացի պրոֆեսորի դասախոսությունը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ ֆրանսիացի բժիշկ, AP-HP հիվանդանոցների խմբի միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Ֆլորանս Վեբերի` «Ֆրանսիայի առողջապահական համակարգի կառուցվածքը» խորագրով դասախոսությունը:

Ողջունելով հյուրերին և ներկաներին` Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանն ընդգծեց, որ բժշկական համալսարանն ակտիվորեն զարգացնում է մանկաբուժության դպրոցի գաղափարը, և այս առումով շատ կարևոր էր ֆրանսիացի պրոֆեսորների այցը «Մուրացան» համալսարանական հիվանդանոց:

Ֆլորանս Վեբերի դասախոսոթյունը, նրա խոսքով, բավականին օգտակար կլինի` հաշվի առնելով նրա ունեցած հսկայական փորձը հանրային առողջապահական և միջազգային հարաբերությունների ոլորտում, հատկապես` մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունների` առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման համատեքստում:

Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանն, իր հերթին, շեշտեց. «Մեզ համար պատիվ է հյուրընկալել պրոֆեսոր Վեբերին: Այստեղ ներկա  են նաև մեր ուսանողները, որոնց շատ հետաքրքիր կլինի  ծանոթանալ ֆրանսիական առողջապահական համակարգի առանձնահատկություններին և հնարավորություն ունենալ համեմատել այն մեր երկրի առողջապահական համակարգի հետ»:

Սկսելով դասախոսությունը` մասնագետը նշեց, որ աշխատել է Ֆրանսիայի առղջապահության տարբեր նախարարների հետ: Որպես ֆրանսիական առողջապահական համակարգի բնորոշ գիծ` նա առանձնացրեց ցածր ֆինանսական պատնեշը, որի նպատակն է ապահովել բժշկական ծառայությունների հասանելիությունը մարդկանց համար: Բժշկական ծառայությունների ծախսերի 77%-ը, Ֆլորանս Վեբերի փոխանցմամբ, հոգում է բժշկական ապահովագրությունը, 15%-ն ապահովվում է լրացուցիչ վճարումների շնորհիվ, և միայն 8%-ն է հոգում պացիենտը:

«Ամենակարևորն այն է, որ շատ լուրջ հիվանդություններ` քաղցկեղ, սիրտանոթային և քրոնիկ հիվանդություններ, ամբողջովին ծածկվում են պետության կողմից», – հավելեց նա:

Ինչպես աշխարհի բոլոր երկրներում, Ֆրանսիայում նույնպես, ըստ Ֆլորանս Վեբերի, առողջապահական համակարգը բաղկացած է 2 մասից` հիվանդանոցներ և ամբուլատոր բուժում:

Նա համեմատականներ անցկացրեց Անգլիայի և Իսպանիայի առողջապահական համակարգերի հետ:

Ֆրանսիայում, ինչպես և Հայաստանում, մասնագետի խոսքով, հետզհետե մեծանում է տարեց բնակչության քանակը, հետևաբար բուժման հետ կապված ավելի շատ ծախսեր են առաջանում` նկատի ունենալով նորագույն տեխնոլոգիաներն ու դեղերը:

Ֆրանսիական առողջապահական համակարգը, Ֆլորանս Վեբերի փոխանցմամբ, հիմնված է 2 սկզբունքի` համերաշխության և ազատության վրա: Այն հարուստ պատմությամբ համապարփակ համակարգ է, որը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: «2000 թվականին Ֆրանսիայի առողջապահական համակարգը ճանաչվել է լավագույնը` ըստ ԱՀԿ համապատասխան չափանիշների», – ընդգծեց նա: Ֆրանսիայում, ըստ մասնագետի, գործում է շուրջ 3000 բժշկական հաստատություն, որոնց մեծ մասը պետական է: Գործում են հիվանդանոցներ, որոնք նեղ մասնագիտացած են քաղցկեղի, ինչպես նաև մայրության և մանկաբուժության ոլորտներում (վերջինները միասնական են, չեն առանձնացվում):

«Բժշկությունն այսօր համընդհանուր է. բոլորը բոլորի կարիքն ունեն: Հենց այդ պատճառով էլ պիտի հակված լինենք աշխատել միասին», –  հորդորեց Ֆլորանս Վեբերը:

Նա հանգամանալիորեն անդրադարձավ Փարիզի` ավելի քան 400-ամյա պատմություն ունեցող համալսարանական հիվանդանոցի գործունեությանը:

Խոսելով միջազգային համագործակցության մասին` պրոֆեսորը հայտնեց, որ ամեն տարի աշխարհի տարբեր երկրներից շուրջ 700 օտարերկրացի բժիշկ է վերապատրաստվում այնտեղ:

Դասախոսության ավարտին ֆրանսիացի մասնագետը պատասխանեց հայ գործընկերների հարցերին: