Ամփոփվեց արտասահմանցի ուսանողների համար նախատեսված «Տրոպիկական հիվանդություններ» թեմայով դասախոսությունների շարքը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան խորացնելու իրենց գիտելիքը տվյալ ոլորտում և ծանոթանալու արդի բժշկական մոտեցումներին։
Դասախոսությունները ստեղծված են FMGE (Foreign Medical General Examination) բազայի վրա, որը հանձնում են հնդիկ ապագա բժիշկները:
Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի պետի տեղակալ Անահիտ Ազնաուրյանի խոսքով` սկզբում դասընթացը ներդրված էր միայն հնդիկ ուսանողների համար, բայց աստիճանաբար հետաքրքրություն սկսեցին ցուցաբերել նաև այլ երկրների ուսանողները: «Դիմում էին դեկանատ` խնդրելու իրենց ևս ներառել ծրագրում, քանի որ տրոպիկական հիվանդությունները վերաբերում են նաև Շրի Լանկային, Հորդանանին, Սիրիային, Իրանին, Իրաքին: Ծրագիրը զարգացնում է ուսանողների կլինիկական մտածելակերպը, սովորեցնում է` ինչպես կիրառել տեսական գիտելիքը կլինիկայում», – նշեց նա:
Անահիտ Ազնաուրյանի փոխանցմամբ` դասախոսությունները տևում են 10 օր. օրական` 2,5 ժամ, և անցկացվում են «Մուրացան» և «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցներում:
Կրթական ծրագրին ակտիվորեն մասնակցել են առաջադիմությամբ աչքի ընկնող ուսանողները, որոնց դասընթացի ավարտին շնորհվել են համապատասխան ավարտական հավաստագրեր։ Մասնակիցների շարքում հատկապես առանձնացել են Հնդկաստանի քաղաքացի Պրաշանսա Գարգը և Իրանի քաղաքացի Լիլիթ Գևորգյանը, որոնք ցուցաբերել են բարձր հետաքրքրվածություն, ակտիվ ներգրավվածություն և պատասխանատու վերաբերմունք ուսումնական գործընթացի նկատմամբ։
2019-2020 ուսումնական տարվա հոկտեմբեր ամսից ԵՊԲՀ Կարիերայի զարգացման կենտրոնը Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի և Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի հետ համատեղ ներդրել է «Տրոպիկական հիվանդություններ» վերնագրով լրացուցիչ դասախոսությունների 40-ժամյա ծրագիրը` անգլերեն լեզվով: Դասախոսություններն անցկացվում են Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից` ամբիոնի ղեկավար, բ․գ․թ․, դոցենտ Վիգեն Ասոյանի գլխավորությամբ: