Ժամանակակից բժշկության զարգացումն անհնար է պատկերացնել առանց գիտության շարունակական առաջընթացի և նորարարական հետազոտությունների։
Երիտասարդ գիտնականների ակտիվ ներգրավվածությունը միջազգային գիտական հարթակներում ոչ միայն բարձրացնում է անհատական մասնագիտական մակարդակը, այլև նպաստում է ողջ համակարգի զարգացմանը՝ ապահովելով նոր գիտելիքի ստեղծում և դրա կիրառություն կլինիկական պրակտիկայում։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հայցորդ, (Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնում) մանկաբարձ-գինեկոլոգ, Աննա Մարկոսյանն արժանացել է միջազգային դրամաշնորհի և ընտրվել երիտասարդ հետազոտողների շարքում՝ մասնակցելու գինեկոլոգիական էնդոկրինոլոգիայի միջազգային ասոցիացիայի կոնգրեսին:
Իտալիայում կայացած միջազգային գինեկոլոգիական էնդոկրինոլոգիայի կոնգրեսի շրջանակում Աննա Մարկոսյանը ներկայացրել է երեք գիտական աշխատանք, որոնք ընտրվել են պոստերային ներկայացման համար, ինչպես նաև մեկ աշխատանք, որը ընտրվել է բանավոր ներկայացման համար։
Գիտական մրցույթի արդյունքներով ներկայացված աշխատանքն արժանացել է գիտական հետազոտությունների և նորարարության ոլորտում գերազանցության մրցանակի՝ գրավելով 2-րդ տեղը։ Աննա Մարկոսյանը նաև արժանացել է «ISGE Երիտասարդ գիտնական» պատվավոր կոչմանը, ինչը վկայում է ներկայացված հետազոտությունների բարձր գիտական արժեքի և արդիականության մասին։
Այս ձեռքբերումը արտացոլում է բարձր մասնագիտական պատրաստվածություն, գիտական ակտիվություն և ժամանակակից գինեկոլոգիայի ու վերարտադրողական բժշկության ոլորտում զարգացման ձգտում։
«Միջազգային նման միջոցառումներին մասնակցությունը նպաստում է փորձի փոխանակմանը, մասնագիտական հմտությունների զարգացմանը և առաջատար կլինիկական մոտեցումների ներդրմանը»,- ասում է երիտասարդ բժիշկ-հետազոտողը:
Նրա գնահատմամբ` գինեկոլոգիան ոչ միայն մասնագիտություն է, այլ կոչում։
«Կանանց առողջությունն ինձ համար պարզապես բժշկական ոլորտ չէ, այլ կյանքի սկիզբը, մայրության հրաշքը և սերունդների շարունակականությունը։ Գինեկոլոգիան այն եզակի ոլորտներից է, որտեղ բժիշկը ուղեկցում է կնոջը նրա կյանքի ամենազգայուն և կարևոր փուլերում՝ դեռահասությունից մինչև մայրություն և հետագայում։ Ես ընտրեցի այս ուղին, որովհետև ուզում եմ հասկանալ կնոջ օրգանիզմի ամենանուրբ մեխանիզմները, օգնել նրան հաղթահարել դժվարությունները, պահպանել նրա առողջությունը և երբեմն՝ իրականացնել նրա ամենամեծ երազանքը՝ դառնալ մայր»,- մանրամասնում է Աննա Մարկոսյանը` հավելելով, որ իր համար գինեկոլոգիան գիտության և մարդասիրության համադրություն է և հնարավորություն է ոչ միայն բուժելու, այլ նաև աջակցելու, լսելու և ուժ տալու.
«Հենց այդ պատասխանատվությունն ու արժեքն են, որ ինձ ամեն օր ավելի են համոզում՝ ես ճիշտ ընտրություն եմ կատարել»: