Բժշկական մայր բուհում անցկացվել է «Ժամանակակից օնկովիրաբուժություն» ուսանողական կոնֆերանսը: «Լանցետ» վիրաբուժական միջազգային ծրագիրն այս անգամ ապագա վիրաբուժներին համախմբել է ներկայացնելու ուռուցքների վիրահատությունների ժամանակակից մեթոդները, մոտեցումներն ու գործիքակազմերը:
Երիտասարդների քննարկման թեմաները բազմաթիվ են՝ ոլորտի համաշխարհային նորություններ, մասնագետների դիմաց ծառացած խնդիրներ: «Լանցետ» վիրաբուժական ծրագրի մենթոր, կոնֆերանսի կազմակերպիչներից Նարե Չալյանն ընդգծում է. «Կոնֆերանսին մասնակցում են նաև «Հերացի» քոլեջի ուսանողենր, կլինիկական օրդինատորներ: Նրանց մասնակցությունն էլ ավելի է պարտավորեցնում, քանի որ քոլեջականներին պետք է ներկայացնել մասնագիտության հետաքրքրիր կողմերն ու առանձնահատկությունները, օրդինատորներին՝ փորձել տալ նոր տեղեկություններ»:
Օնկովիրաբուժությունն արագ է զարգանում և աշխարհում այս մասնագետների պահանջարկ շատ կա: Նրանք պետք է զինված լինեն վիրաբուժական հմտությունների բարձր մակարդակով, գիտելիքով, նաև կարողանան գործակցել այլ ուղղության բժիշկների հետ TUMORBOARD-ի շրջանակներում՝ պացիենտների ինդիվիդուալ բուժումը ճիշտ կազմակերպելու նպատակով:
ԵՊԲՀ ուսանող, «Լանցետ» վիրաբուժական միջազգային ծրագրի մենթոր Մանե Զաքարյանն իր ելույթում ընդգծել է պալիատիվ վիրաբուժության կարևորությունը: Ուսանողուհին նշում է. «Պալիատիվ վիրաբույժները բարձրացնում են ուշ փուլերի քաղցկեղ ունեցող հիվանդների կյանքի որակը: Վիրահատությունները վերականգնում են նրանց սնվելու, շարժվելու և այլ գործունեությունները: Այստեղ կարևոր է մասնագետների պատրաստվածությունը, քանի որ այս պացիենտների հետ ավելի քան դժվար է»:
Երկօրյա կոնֆերանսի թեմաներից էին նաև քաղցկեղի զարգացման գործոնները, հիվանդության փուլերի ծանրության տարբերությունները: Երիտասարդներն ասում են՝ շատ են լսել բժշկապետերից, որ վիրաբույժի բարձր որակավորման համար շատ կարևոր են գործնական հմտությունները: Այդպես է ձևավորվում ապագայի լավագույն մասնագետը:
Նարե Չալյանի խոսքով՝ ոլորտում թևածում են նաև միֆերն ու ասեկոսեները՝ մասնագիտության մասին: Նարեի պնդմամբ՝ դրանք պետք է ջախջախվեն, չարմատավորվեն: Այս ամենի համար ուսանողները շատ անելիքներ ունեն:
Պրակտիկ մասում ապագա բժիշկները գործնականում ամրապնդեցին ստացած տեսական գիտելիքը՝ կատարելով վիրաբուժական միջամտություն: