Բժշկական բուհում ապրիլի 11-ին և 12-ին անցկացվեց «Երևանյան թորակալ օրեր 2026 (YTD2026). մինիմալ ինվազիվ թորակալ վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության հորիզոններ» առաջին միջազգային գիտաժողովը։
Միջոցառումը համախմբել էր ավելի քան 40 առաջատար մասնագետներին՝ Հայաստանից, Ռուսաստանից, Չինաստանից, Շվեյցարիայից, Իսպանիայից, Իսրայելից, Թաիլանդից և Մալազիայից, ինչպես նաև 100-ից ավելի պատվիրակներին։
Բացման խոսքով հանդես եկան՝ ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը, YTD2026-ի գիտաժողովի նախագահ, պրոֆեսոր Շահեն Դանիելյանը, Հայկական թորակալ ասոցիացիայի նախագահ, ԵՊԲՀ կրծքային վիրաբուժության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարկավագյանը:
«Առանձնահատուկ հպարտությամբ է, որ մեր համալսարանը հյուրընկալում է նման մասշտաբային և կարևոր գիտական միջոցառում, որը միավորում է ոլորտի առաջատար մասնագետներին ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից: Այս գիտաժողովը բացառիկ հարթակ է գիտելիքի փոխանակման, փորձի ընդլայնման և նոր համագործակցությունների ձևավորման համար»,- ողջունելով մասնակիցներին ասաց Արմեն Մուրադյանը։
Ավելի քան 40 բարձրակարգ մասնագետների և 100-ից ավելի պատվիրակների մասնակցությունը վկայում է, որ թորակալ վիրաբուժությունը, թոքաբանությունը, ուռուցքաբանությունը, ռադիոլոգիան, պաթոմորֆոլոգիան գտնվում են զարգացման նոր փուլում, որտեղ միջազգային համագործակցությունը վճռորոշ նշանակություն ունի։
Գիտաժողովի թեմատիկան ընդգրկում է արդի բժշկության ամենաարդի ուղղությունները՝ մինիմալ ինվազիվ և ռոբոտիկ թորակալ վիրաբուժություն, ինտերվենցիոն թոքաբանություն, VATS-ի նորագույն մոտեցումներ, ինչպես նաև արհեստական բանականության և նորարար տեխնոլոգիաների կիրառումը։ Այս բոլոր ուղղությունները միտված են մեկ հիմնական նպատակի՝ բարձրացնել պացիենտների բուժման արդյունավետությունն ու կյանքի որակը։
Գիտաժողովի անցկացումը ևս մեկ անգամ ընդգծում է, որ մեր երկրում բժշկական գիտությունը զարգանում է համախմբված և նպատակային աշխատանքի շնորհիվ:
Երկու օրվա ընթացքում մասնակիցներն ունեցան բովանդակալից քննարկումներ, արդյունավետ գիտական բանավեճեր:
Նշենք, որ մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 15 տեսական կրեդիտ։