Հանրային առողջության ֆակուլտետում՝ բաց դռների օր

Հանրային առողջության ֆակուլտետում՝ բաց դռների օր

Հանրային առողջության ֆակուլտետում անցկացվեց բաց դռների օր՝ նվիրված հանրային առողջապահության մագիստրոսական ծրագրերի ներկայացմանը։

2011 թվականին հիմնադրված համալսարանական ստորաբաժանումը արդեն շուրջ 15 տարվա գործունեություն ունի։ Ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանի խոսքով՝ ֆակուլտետի շրջանավարտները 300-ն են,  որոնք հաջողությամբ մասնագիտական գործունեություն են ծավալում հանրապետության տարբեր առողջապահական կազմակերպություններում, հիմնադրամներում և այլ կառույցներում։

«Երեք մագիստրոսական ծրագրերի շրջանավարտները ստանում են հանրային առողջության մագիստրոսի որակավորում, իսկ «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագիրն ավարտվում է բիզնես վարչարարության (MBA in Healthcare Management) որակավորմամբ»,- նշեց Մարինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով մասնավորապես «Առողջապահության կազմակերպում և կառավարում» մագիստրոսական ծրագրի կառուցվածքը, տևողությունը, դիմելու պահանջներն ու ընթացակարգերը։

Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց մի շարք կարևոր հարցերի՝

  • ի՞նչ է հանրային առողջապահությունը,
  • ո՞ր ոլորտներում կարող են աշխատել հանրային առողջապահության մասնագետները,
  • ի՞նչ կարիերային հնարավորություններ ունեն մագիստրոսները։

Այս և այլ հարցերի պատասխանները դեկանը ներկայացրեց հանդիպման մասնակիցներին՝ ֆակուլտետի շրջանավարտների և դասախոսների մասնակցությամբ։

Նշենք, որ Հանրային առողջության ֆակուլտետ կարող են ընդունվել ինչպես բժշկական, այնպես էլ ոչ բժշկական կրթությամբ դիմորդներ (առնվազն բակալավրի աստիճանով)։ Ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի և ՄՈԳ-ի հիման վրա։ Ավարտին շնորհվում է հանրային առողջապահության մագիստրոսի որակավորում (MPH)։

Մագիստրոսական ծրագրերի տևողությունը 1,5 տարի է, ուսման տարեկան արժեքը՝ 500,000 դրամ։ Ուսումը աշխատանքի կամ օրդինատուրայի հետ համատեղելու նպատակով դասերն անցկացվում են երկու հերթով՝ 09:00–14:00 և 15:00–20:00, իսկ հերթն ընտրում է ուսանողը։

Դիմորդները կարող են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (վարչական մասնաշենք, 3-րդ հարկ)՝ 2026 թվականի հունիսի 16-ից մինչև օգոստոսի 25-ը։ Անվճար տեղերի համար դիմումները կընդունվեն հունիսի 16-ից մինչև հուլիսի 3-ը։

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև ֆակուլտետի հրավիրված դասախոս Մարտին Ալեքսանյանը և ուսանող Կարինե Սուքիասյանը՝ ներկայացնելով իրենց փորձն ու դիտարկումները։