Մայիսի 5-ը նշվում է որպես Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օր

Մայիսի 5-ը նշվում է որպես Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օր

Մայիսի 5-ը նշվում է որպես Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օր:

Այս նախաձեռնությունը հիմնադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 2009 թվականին՝ «Փրկե՛ք կյանքեր. մաքո՛ւր պահեք ձեռքերը» արշավի շրջանակներում:

Օրվա խորհրդանիշը և նպատակը հատկանշական են` 05.05 ամսաթիվը պատահական չէ, այն խորհրդանշում է մարդու յուրաքանչյուր ձեռքի 5 մատները, իսկ հիմնական նպատակն է` բարձրացնել իրազեկվածությունը ձեռքերի հիգիենայի կարևորության մասին՝ հատկապես բժշկական հաստատություններում վարակների տարածումը կանխելու և կյանքեր փրկելու համար:

Ապացուցված է, որ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գործում ձեռքերի հիգիենան ամենաարդյունավետ և մատչելի միջոցն է: Այն թույլ է տալիս ապահովելու անվտանգ բուժօգնություն, միաժամանակ զսպելով հակամանրէային կայունության զարգացումը:

2026 թվականի արշավի կարգախոսն է՝ «Գործողությունը փրկում է կյանքեր» (Action Saves Lives): Այն կոչ է անում բուժաշխատողներին և հանրությանը թարմացնել իրենց գիտելիքները և հետևել ձեռքերի հիգիենայի լավագույն փորձին:
Ձեռքերի հիգիենան շատ ավելի զարմանալի թեմա է, քան կարող է թվալ առաջին հայացքից։

ԵՊԲՀ վերլուծական կենտրոնը ներկայացնում ենք 7 փաստ ձեռքերի հիգիենայի մասին.

  1. Բակտերիաների «բնակչությունը»` մարդու ձեռքերի վրա միջինում բնակվում է մոտ 150 տեսակի բակտերիա։ Հետաքրքիր է, որ ձախ և աջ ձեռքերի վրայի բակտերիաների տեսականին կարող է զգալիորեն տարբերվել նույնիսկ նույն մարդու մոտ։
  2. Թաց ձեռքերը «մագնիս» են` թաց ձեռքերը 1000 անգամ ավելի շատ բակտերիա են փոխանցում, քան չոր ձեռքերը։ Ուստի ձեռքերը լվանալուց հետո դրանք լավ չորացնելը նույնքան կարևոր է, որքան բուն լվալու գործընթացը։
  3. Օճառի ուժը` միայն ջրով լվացվելիս բակտերիաների զգալի մասը մնում է ձեռքերին։ Օճառն անհրաժեշտ է, որպեսզի քայքայի մաշկի վրայի ճարպային շերտը, որը բարենպաստ միջավայր է ստեղծում մանրէների համար։ Առանց օճառի լվացվելը գրեթե անօգուտ է ակնհայտ աղտոտվածության դեպքում։
  4. 20 վայրկյանի կանոնը` որպեսզի ձեռքերն իրապես մաքրվեն, դրանք պետք է շփել օճառով առնվազն 20 վայրկյան։ Ժամանակը ճիշտ հաշվելու համար կարող եք մտքում երկու անգամ երգել “Happy Birthday” երգը։
  5. Ամենակեղտոտ իրերը. Մեր առօրյա օգտագործման իրերից ամենաշատ բակտերիաները գտնվում են հեռախոսների, ստեղնաշարերի և դրամի վրա։ Հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ հեռախոսների վրա ավելի շատ վտանգավոր մանրէներ կան, քան զուգարանակոնքի նստատեղին։
  6. Կանայք ավելի բարեխիղճ են` վիճակագրությունը փաստում է, որ կանայք ավելի հաճախ և ավելի երկար են լվանում ձեռքերը, քան տղամարդիկ։ Նաև կանայք ավելի հաճախ են օգտագործում օճառ։
  7. Պատմական փաստ. Մինչև 19-րդ դարի կեսերը բժիշկները չէին լվանում ձեռքերը վիրահատություններից առաջ։
    Հունգարացի բժիշկ Իգնաց Սեմելվեյսը առաջինն էր, ով ապացուցեց, որ ձեռքերի ախտահանումը կարող է կտրուկ նվազեցնել մահացությունը հիվանդանոցներում, թեև իր ժամանակակիցները սկզբում նրան չէին հավատում։