ARICE ծրագրի փորձագետները՝ Մարդու գենետիկայի եվրոպական ընկերակցության 56-րդ համաժողովին

ARICE ծրագրի փորձագետները՝ Մարդու գենետիկայի եվրոպական ընկերակցության 56-րդ համաժողովին

Համալսարանական մասնագետները ԵՊԲՀ «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (Armenian Research Infrastructure on Cancer Research –ARICE) ծրագրի շրջանակում մասնակցեցին հունիսի 10-13-ը Միացյալ Թագավորության Գլազգո քաղաքում կայացած Մարդու գենետիկայի եվրոպական ընկերակցության (European Society of Human Genetics -ESHG) 56-րդ ամենամյա համաժողովին։ 

Բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Թամարա Սարգսյանը, Բժշկական գենետիկայի ամբիոնի դոցենտ Դավիթ Բաբիկյանը, նույն ամբիոնի դասախոսներ Նաթելլա Կոստանդյանը և Արտյոմ Գասպարյանը միջոցառման ընթացքում միջազգային անվանի փորձագետների հետ քննարկեցին ոլորտի բազմաթիվ արդի և կարևոր հարցեր գենետիկական մոլեկուլյար նոր նվաճումների, քաղցկեղի գենետիկայի, վերարտադրողական գենետիկայի, մորֆոլոգիայի, ժառանգական, սրտային, նեյրոգենետիկայի, քաղցկեղի գենոմիկայի, նախաքաղցկեղային մոլեկուլյար հայտնաբերումների, ժառանգական հազվադեպ հիվանդությունների բուժման, զարգացման անոմալիաների, տեսողական գենետիկայի, նախածննդային (պրենատալ) ախտորոշման, ժամանակակից մոլեկուլյար տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ հիվանդության ախտորոշման, կարդիովասկուլյար և նյարդամկանային հիվանդությունների մասին։

Նշենք, որ Բժշկական գենետիկայի ամբիոնի դասախոս Նատալյա Մինասյանն աշխատանքային այցի շրջանակում մասնակցեց Մանչեսթերի համալսարանի կարդիոգենետիկայի դասընթացին։ 

Հայ մասնագետները Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար գործընկերների հետ դիտարկեցին նաև համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ ի նպաստ բժշկական բուհի միջազգայնացման շարունակական գործընթացի։

2020 թվականին ԵՊԲՀ-ն հաղթել էր Եվրամիության ՀՈՐԻԶՈՆ-2020 (Horizon-2020) Թվինինգ (Twinning) «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (Armenian Research Infrastructure on Cancer Research – ARICE) ծրագրում:

Ծրագիրը նվիրված է ծայրահեղ արդիական առողջապահական խնդիրներից մեկին՝ քաղցկեղի հետազոտություններին։

ARICE ծրագրի արդյունքում ԵՊԲՀ-ն կդառնա առաջատարը Հայաստանում քաղցկեղի գենետիկ հետազոտման ոլորտում, և մեր երկրում առաջին անգամ կստեղծվի եվրոպական չափանիշներին համապատասխան բիոբանկ: