Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս, բ․գ․թ․ Նարեկ Բաղդասարյանն ապրիլի 20-24-ին Իսպանիայում՝ Սանտիագո դե Կոմպոստելայի համալասարանի Ֆարմակոլոգիայի ամբիոնում, Erasmus+ ծրագրի շրջանակում մասնակցել է դասախոսների համար նախատեսված փոխանակման ծրագրի:
«Ծրագիրը հնարավորություն տվեց ծանոթանալ ժամանակակից ուսուցման մեթոդներին, միջազգային ակադեմիական փորձին և ֆարմակոլոգիայի դասավանդման ոլորտում նոր մոտեցումներին։ Այն նաև նպաստեց մասնագիտական հմտությունների և գիտական մտածողության զարգացմանը»,-ընդգծում է Նարեկ Բաղդասարյանը, հավելելով, որ ձեռքբերած փորձը նախատեսում է կիրառել ուսուցման գործընթացում՝ ներդնելով ինտերակտիվ մեթոդներ, դեպքերի (case-based) քննարկումներ և ուսանողների ակտիվ ներգրավվածություն ապահովող մոտեցումներ։
«Բացի այդ, կաշխատեմ ուժեղացնել տեսական և կլինիկական գիտելիքի կապը, հիվանդանոցային օղակում կլինիկական ֆարմակոլոգիայի ավելի լայն ներդրման համար, ինչպես նաև ռացիոնալ դեղաբուժման առավել արդյունավետ կիրառման համար»,-նշում է համալսարանականը:
Փոխանակման ծրագիրը տևել է մեկ շաբաթ:
«Ուսումնասիրել եմ կլինիկական ֆարմակոլոգիայի արդի ուղղությունները, անհատականացված բժշկություն և դեղերի ռացիոնալ կիրառման սկզբունքներ։ Ընդունող համալսարանում ուսուցումը հիմնված է հիվանդանոցային օղակում պացիենտների տվյալների վրա ստացված տեղեկատվության ուսումնասիրման և տեսական գիտելիքի վրա հիմնված առավել ռացիոնալ դեղաբուժման սխեմաների մշակման վրա, ներառում է բուժառուների տվյալների վրա հիմնված հետազոտական բաղադրիչ, այսինքն, իրական տվյալների հիման վրա ռացիոնալ և առավել անհատականացված դեղաբուժում իրականացնելու վրա»,- Սանտիագո դե Կոմպոստելայի համալասարանի Ֆարմակոլոգիայի ամբիոնի կրթական առանձնահատկություններն է ներկայացնում ավագ դասախոս Նարեկ Բաղդասարյանը:
Փոխանակման ծրագրին մասնակցության շնորհիվ ձեռք են բերվել նոր ակադեմիական կապեր, որոնք, նրա համոզմամբ, կարող են դառնալ հետագա գործակցության հիմք, ինչպես կրթական, այնպես էլ գիտահետազոտական ոլորտներում։
«Քննարկվել են համատեղ գիտական նախագծերի և հետազոտությունների հնարավորությունները, մասնավորապես, կլինիկական ֆարմակոլոգիայի և կրթական ծրագրերի զարգացման ուղղությամբ։ Ամենահետաքրքիրը նոր ուսուցման մեթոդների և միջազգային փորձի ուսումնասիրությունն էր։ Ամենադժվարը՝ կարճ ժամանակահատվածում առավելագույն տեղեկատվություն յուրացնելը և այն համակարգված կերպով գնահատելը»,-ասում է Նարեկ Բաղդասարյանը։
Նրա խոսքով, ձեռքբերած փորձը նպաստել է ավելի կիրառական ուղղվածությամբ դասավանդման կարևորության ընկալմանը։
«Այն նաև ընդգծել է միջառարկայական մոտեցման և ապացուցահեն բժշկության դերը կրթության և պրակտիկայի մեջ»,-փոխանակման ծրագիրն է ամփոփում ավագ դասախոսը: