Մայիսի 17-ը՝ հիպերտոնիայի դեմ պայքարի համաշխարհային օր 

Մայիսի 17-ը՝ հիպերտոնիայի դեմ պայքարի համաշխարհային օր 

Հիպերտոնիայի (զարկերակային գերճնշման) դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի մայիսի 17-ին։

Այս նախաձեռնությունը սկսվել է 2005 թվականից՝ Հիպերտոնիայի համաշխարհային լիգայի կողմից, և նպատակ ունի բարձրացնել իրազեկվածությունը «լուռ մարդասպան» հանդիսացող այս հիվանդության վերաբերյալ։

Օրվա հիմնական նպատակներն են. իրազեկման բարձրացումը`բնակչությանը տեղեկացնելով արյան բարձր ճնշման վտանգների և դրա կանխարգելման ուղիների մասին, խրախուսել մարդկանց պարբերաբար չափել զարկերակային ճնշումը և կանխարգելել հիվանդությունը` կարևորելով առողջ ապրելակերպը, ճիշտ սննդակարգը և ֆիզիկական ակտիվությունը։

Օրվա թեման է՝ «Միասին վերահսկենք հիպերտոնիան. պարբերաբար ստուգե՛ք ձեր արյան ճնշումը, հաղթե՛ք լուռ մարդասպանին»:

Հիպերտոնիան վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկն է ամբողջ աշխարհում, այն սիրտ-անոթային հիվանդությունների (ինսուլտ, սրտի կաթված) գլխավոր պատճառներից է, ուստի այս օրը կարևորում է վաղ ախտորոշումը։

Հիպերտոնիան կամ զարկերակային գերճնշումը ժամանակակից բժշկության ամենալուրջ մարտահրավերներից է, որը հաճախ անվանում են «լուռ մարդասպան», քանի որ այն երկար ժամանակ կարող է ընթանալ առանց տեսանելի ախտանիշների։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և վերջին գիտական հետազոտությունների 2024 թվականի տվյալներով աշխարհում 30-79 տարեկան շուրջ 1.4 միլիարդ մարդ ապրում է հիպերտոնիայով, որը կազմում է տվյալ տարիքային խմբի բնակչության 33%-ը։ Հիպերտոնիկների մոտ 44%-ը կամ շուրջ 600 միլիոն մարդ չգիտի իր հիվանդության մասին։ 46%-ին կամ 630 միլիոնին է հաջողվում ախտորոշել և բուժել գերճնշումը և պացիենտների միայն 23%-ին կամ 320 միլիոնին է հաջողվում արդյունավետորեն վերահսկել զարկերակային ճնշումը թիրախային մակարդակում։ 30-79 տարեկան հիպերտոնիա ունեցող մեծահասակների երկու երրորդը ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։

Յուրաքանչյուր տարի աշխարհում գերճնշումային հիվանդության պատճառով ավելի քան 9.4 միլիոն մարդ է մահանում։ Գերճնշումային հիվանդության հետ են կապում ՍԱՀ-ից մահվան բոլոր դեպքերի 20-50% և ընդհանուր մահվան դեպքերի 13%-ը:

Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, 2023 թվականին զարկերակային գերճնշումային հիվանդության առաջնակի հիվանդացության մակարդակը կազմել է 1042.1 դեպք 100 000 բնակչի հաշվով։ Այն գրեթե չի փոփոխվել 2015 թվականի համեմատությամբ (1039.0/100.000): Միևնույն  ժամանակահատվածում, սակայն, զարկերակային գերճնշմամբ պայմանավորված մահացության ցուցանիշը 1.6 անգամ նվազել է՝ 23.3-ից հասնելով 14.9/100.000։

Ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գլոբալ նպատակներից մեկը 2010-2025 թվականների ընթացքում անվերահսկելի հիպերտոնիայի տարածվածության 25%-ով կրճատումն է եղել, իսկ մինչև 2030 թվականը` 33%-ով։

Այն հանդիսանում է սիրտ-անոթային հիվանդություններից վաղաժամ մահացության հիմնական պատճառը ողջ աշխարհում։

Ըստ Սրտաբանների եվրոպական միության (ESC) և Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի (AHA) ուղեցույցների, զարկերակային ճնշման (ԶՃ) մակարդակները սահմանվում են հետևյալ կերպ.

Կատեգորիա Սիստոլիկ (վերին) ԶՃ
Օպտիմալ <120 մմ սնդ. սյուն
Նորմալ 120-129 մմ սնդ. սյուն
Բարձր նորմալ 130-139 մմ սնդ.սյուն
1-ին աստիճանի հիպերտոնիա 140-159 մմ սնդ.սյուն
2-րդ և բարձր աստիճան ≥160 մմ սնդ. սյուն

Գիտականորեն ապացուցված է, որ հիպերտոնիան ունի բազմագործոնային բնույթ.  Ժառանգականությունը զգալի դեր ունի, սակայն այն հաճախ իրացվում է կենսակերպի գործոնների ազդեցությամբ։

Նատրիումի և կալիումի հավասարակշռությունը` աղի (NaCl) չարաշահումը բերում է հեղուկի կուտակման և անոթների դիմադրողականության բարձրացման։

Ռենին-անգիոտենզինային համակարգ` այս հորմոնալ համակարգի գերակտիվությունը հիմնական մեխանիզմներից է, որի վրա ազդում են ժամանակակից դեղամիջոցների մեծ մասը։

Անոթային կարծրություն (Stiffness). Տարիքի հետ անոթների առաձգականության կորուստը բնականոն բարձրացնում է ճնշումը։

Հիպերտոնիան ոչ թե պարզապես թիվ է սարքի վրա, այլ «թիրախ-օրգանների» վնասման գործընթաց.

  1. Սիրտ. ձախ փորոքի գերաճ, սրտային անբավարարություն և ինֆարկտ։
  2. Ուղեղ. կաթված (ինսուլտ) և կոգնիտիվ ֆունկցիաների անկում (դեմենցիա)։ 3. Երիկամներ. քրոնիկ երիկամային անբավարարություն (երիկամները թե՛ թիրախ են, թե՛ ճնշման կարգավորող)։
  3. Աչքեր. ռետինոպաթիա (ցանցաթաղանթի վնասում)։

Կանխարգելման և կառավարման գիտական մոտեցումների առումով ժամանակակից բժշկությունը շեշտը դնում է DASH դիետայի (Dietary Approaches to Stop Hypertension) և ֆիզիկական ակտիվության վրա, մասնավորապես.

  • Աղի սահմանափակում. օրական < 5գ աղը կարող է նվազեցնել սիստոլիկ ճնշումը 2-8 մմ սնդ. սյունով։
  • Ֆիզիկական ակտիվություն. շաբաթական 150 րոպե չափավոր վարժանքները էականորեն բարելավում են անոթների վիճակը։
  • Քաշի կարգավորում. Յուրաքանչյուր կորցրած 1 կգ-ը կարող է նվազեցնել ճնշումը մոտ 1 մմ սնդ. սյունով։