Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մայիսի 16-ին մեկնարկեց նեյրոգիտության ոլորտի նշանակալի միջոցառումներից մեկը` Neuroscience Week 2026-ը:
Արդեն ավանդույթ դարձած գիտաժողովը մայիսի 16-19-ը կմիավորի Ուղեղի հիմնարար հետազոտությունների COBRAIN գիտակրթական կենտրոնի ամենամյա համաժողովը, Սթրեսի և վարքագծի միջազգային կազմակերպության (International Stress and Behaviour Society-ISBS) 32-րդ տարեկան համաժողովը և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի մասնագիտական սիմպոզիումը:
ԵՊԲՀ-ն 4-րդ տարին անընդմեջ կհյուրընկալի աշխարհի շուրջ 15 երկրից Հայաստան ժամանած առաջատար մասնագետների:
Քառօրյա միջոցառումը համախմբել է ուսանողների, երիտասարդ հետազոտողների, գիտնականների և դասախոսական կազմի ներկայացուցիչների՝ ստեղծելով գիտական մտքերի փոխանակման և համագործակցության յուրահատուկ հարթակ։
Նյարդաբանության պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պրոֆեսոր, ISBS նախագահ Ալան Կալուեֆը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշեց, որ գիտական հետազոտությունը նման է գնացքով ճանապարհորդության: «Ուստի մենք այն անվանում ենք գիտության գնացք: Գիտության գնացքը կանգ չի առնում, ոչ ոքի չի սպասում, այն շարունակում է ամբողջ արագությամբ առաջ շարժվել, այնպես որ, եթե մտածում եք այդ գնացքին միանալու մասին, շտապե՛ք։ Հայաստանը եղել է 3 հազար տարի առաջ և այժմ էլ մնում է քարտեզի վրա՝ որպես եզակի և օրհնված վայր աշխարհում», – ընդգծեց Ալան Կալուեֆը:
Անդրադառնալով մեր թղթակցի խնդրանքին` առանձնացնելու նեյրոգիտության ոլորտի կարևոր զարգացումները և նորությունները վերջին տարվա ընթացքում, պրոֆեսորը նշեց, որ ուղեղի մասին գիտությունը բոլոր բնական գիտություններից ամենադինամիկն է։ «Կան հանրաճանաչ թեմաներ, և կան թեմաներ, որոնք կդառնան հանրաճանաչ հինգ տարի անց։ Չնայած` ես 30 տարի է, ինչ ուսումնասիրում եմ ուղեղը, չեմ առանձնացնի որևէ կոնկրետ թեմա, քանի որ ուղեղը հետաքրքրում է բոլորին։ Ի հայտ են գալիս մեթոդաբանություններ, որոնց մասին մենք նախկինում նույնիսկ չէինք մտածել՝ հյուսվածքային, մոլեկուլային և ինչ-որ բարդ համակարգերի մակարդակներում։ Ամեն ինչ տեղի է ունենում շատ դինամիկ, և ամեն ինչ հետաքրքիր է։ Հիմա նեյրոգիտությունն այնքան արագ է զարգանում, որ ես ինքս չեմ կարող ընդգծել, թե ինչն է ավելի կարևոր, քանի որ կարևոր է ամեն ինչ», – հավելեց նա:
Գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը բժշկական համալսարանի անունից ջերմորեն ողջունեց համաժողովի մասնակիցներին։ «Բժշկական համալսարանն այսօր առաջնահերթություն է տալիս նեյրոգիտությանը։ Գիտությունը և տեխնոլոգիաներն արագորեն զարգանում են, և գիտության առաջնագծում գտնվող հետազոտողներն ու գիտնականները հասել են այն կետին, որ նեյրոգիտության և ուղեղի հետազոտությունները կարող են կամուրջ հանդիսանալ կենսաբժշկության և մարդկության միջև։ Այս գիտաժողովն աշխարհի տարբեր մասերի միջև բարեկամության վկայությունն է։ Սա մեզ ավելի ուժեղ է դարձնում` փաստելով, որ Հայաստանը և բժշկական համալսարանը գիտական աշխարհի ուժեղ գործընկերներն են», – շեշտեց պրոռեկտորը։
Պրոֆեսոր Կալուեֆը հանդիսավորությամբ հանձնեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի, ինչպես նաև Ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանի` Սթրեսի և վարքագծի միջազգային կազմակերպության պատվավոր անդամի կարգավիճակը փաստող հավաստագրերը` ի նշան ոլորտում ակնառու ներդրման, ինչպես նաև հետագա սերտ գործակցության:
Neuroscience Week 2026 գիտաժողովի առաջին օրվա ընթացքում քննարկվեցին նեյրոգիտության արդիական և բազմաբնույթ թեմաներ՝ ներառյալ սթրեսի և տագնապի նեյրոբիոլոգիան, հիշողության մեխանիզմները, նեյրոդեգեներատիվ հիվանդությունները, ինչպես նաև նեյրոքիմիական գործընթացները: