Բժշկական համալսարանը մայիսի 16-ին համախմբել էր «XIX Քալամքարյանական ընթերցումներ» («Երևանյան հոբելյանական X դերմատոսկոպիական ընթերցումներ») միջազգային գիտագործնական համաժողովի մասնակիցներին:
Միջոցառումը մեկնարկեց արդեն ավանդական դարձած Ուվերտյուրայի` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի քառյակի կատարմամբ։
Համաժողովը մեկտեղել էր մաշկավեներաբանության, մաշկաուռուցքաբանության‚ դերմատոսկոպիայի և բժշկական կոսմետոլոգիայի առաջատար մասնագետներին, հետազոտողներին և բժիշկներին` գիտության նորագույն նվաճումների հետ ծանոթանալու, մաշկային հիվանդությունների ժամանակակից ախտորոշման, բուժման, վերականգնման և կանխարգելման խնդիրների քննարկման, գիտագործնական փորձի փոխանակման‚ միջառարկայական կապերի հաստատման և ոլորտի գիտական ու կլինիկական մակարդակի բարձրացման նպատակով։
Գիտաժողովը երկլեզու էր՝ հայերեն և ռուսերեն, կարգախոսն էր. «Մենք տեսնում ենք միայն այն‚ ինչի մասին արդեն իսկ գիտենք»:
Մաշկաբանական համայնքի ներկայացուցիչներին ողջունեց Գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը: Նրա խոսքով` չնայած նրան, որ այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս ինֆորմացիայի հասանելիություն, այնուամենայնիվ, մանավանդ այսպիսի մասնագիտության համար, կարևոր են հաճախակի հանդիպումները, փորձի փոխանակումը: «Ճիշտ է, տեխնոլոգիաները բազմազան են` լաբորատորից մինչև գործիքային և դերմատոսկոպիայից մինչև կոնֆոկալ մանրադիտակ, բայց կարևոր է, որ մեր մասնագետները ծանոթ լինեն և կիրառեն այդ տեխնոլոգիաները, և, ամենակարևորը, նոր գիտելիքը փոխանցվի երիտասարդ սերունդներին», – ընդգծեց պրոռեկտորը:
Համաժողովի նախագահ, Մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Խաչիկ Խաչիկյանը ևս բացման խոսքում շեշտեց, որ ժամանակակից մաշկաբանության ոլորտում հատկապես կարևոր է համախմբումը, ինչպես նաև գիտական հետազոտությունների արդյունքների փոխանակման և բարդ բժշկական դեպքերի քննարկման համար մասնագիտական համայնքի ձևավորումը։ Այսպիսի միջոցառումների ընթացքում, նրա փոխանցմամբ, ներկայացվում են մաշկաբանության և սեռավարակաբանության ամենաբարդ և վիճահարույց հարցերի վերաբերյալ գիտական նվաճումները և ժամանակակից գործնական լուծումները։ «Բոլորին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք, կառուցողական քննարկումներ և նորանոր գաղափարներ», – հավելեց պրոֆեսորը։
Մասնագիտական զեկույցների մասը մեկնարկեց Պրիվոլժիեի հետազոտական բժշկական համալսարանի մաշկային և վեներական հիվանդությունների ամբիոնի վարիչ, Նիժնի Նովգորոդի համալսարանական կլինիկայի մաշկի ուռուցքների ախտորոշման և բուժման գիտագործնական կենտրոնի ղեկավար, բ.գ.դ. Իրենա Շլիվկո` «Տափակբջջային քաղցկեղի ձևաբանական առանձնահատկությունները և դերմատոսկոպիական ախտորոշումը» խորագրով զեկույցով:
«Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ այս համաժողովում։ Հայաստանն ու Երևանը մշտապես հարգանքով են ընդունում մեզ», – փաստեց ռուս մաշկաբանը` գործընկերներին հիշեցնելով, որ տեսնելը բավարար չէ. պետք է նաև գիտելիք ունենալ տեսածի մասին։
ՌԴ ՆԳՆ թիվ 2 Կենտրոնական պոլիկլինիկայի մաշկավեներաբանական բաժանմունքի վարիչ, ՌԴ ԲԳԱ «Հիմնարար մաշկավեներաբանություն և կոսմետոլոգիա» բաժնի խորհրդատու, դերմատոսկոպիայի և մաշկի օպտիկական ախտորոշման ռուսական ընկերակցության վարչության անդամ, «Ոսկե դերմատոսկոպի» ազգային մրցանակի դափնեկիր‚ մաշկավեներաբան-ուռուցքաբան‚ ՄՄՕԱԱ կառավարման խորհդի անդամ Միխայիլ Ուստինովը ներկայացավ «Անոթային նորագոյացությունների ձևաբանական առանձնահատկությունները և դերմատոսկոպիական ախտորոշումը» զեկույցով, իսկ պրոֆեսոր Խաչիկյանն անդրադարձավ բազալբջջային քաղցկեղի ձևաբանական առանձնահատկություններին և դերմատոսկոպիական ախտորոշմանը:
«Մաշկի չարորակ նորագոյացություններով պացիենտներին մասնագիտացված օգնության կազմակերպման մոդելը» թեման արծարծեցին «Վ.Պ. Ավաեվի անվան մասնագիտացված տեսակների բժշկական օգնության կենտրոն» Տվերի մարզի առողջապահության պետական բյուջետային ձեռնարկության գլխավոր բժիշկ‚ ՌԴ վաստակավոր բժիշկ Կարինե Կոնյուխովան և բ.գ.թ. դոցենտ‚ «Վ.Պ. Ավաեվի անվան մասնագիտացված տեսակների բժշկական օգնության կենտրոն» Տվերի մարզի առողջապահության պետական բյուջետային ձեռնարկության օնկոդերմատոլոգիայի բաժանմունքի վարիչ‚ Տվերի ՊԲՀ-ի օնկոլոգիայի դասընթացով` դերմատովեներոլոգիայի և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ Վլադիսլավ Դուբենսկին:
Բժշկական բուհի Մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի դասախոս, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի զեկույցը վերաբերում էր ունիվերսալ հակաբորբոքային միջոցներին, մաշկաբան Արթուր Չոփուրյանը խոսեց մաշկաբանության մեջ աղիքային միկրոբիոմի դերի մասին, անդրադարձ կատարվեց նաև «Մաշկային իմուն ռեակցիա» և «Մաշկը` որպես էնդոկրին օրգան» թեմաներին:
Միջոցառման ընթացքում քննարկվեցին բազմաթիվ այլ նեղ մասնագիտական թեմաներ, որոնք ամփոփեցին երիտասարդ մասնագետները` առաջին և երկրորդ կուրսի կլինիկական օրդինատորները: