ԵՊԲՀ ARICE նախագիծը՝ ISBER 2023 միջազգային ամենամյա հանդիպմանը

ԵՊԲՀ ARICE նախագիծը՝ ISBER 2023 միջազգային ամենամյա հանդիպմանը

ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, Բժշկական գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր, ԵՄ ARICE ծրագրի փորձագետ, ԱՀԿ փորձագետ, Լոս Անջելեսի Cedars-Sinai բժշկական կենտրոնի մասնագետ, Ավստրիայի Գրացի բժշկական համալսարանի միջազգային բիոբանկի հիմնադիր և գլխավոր տնօրեն Կարինե Սարգսյանը ներկայացրել է ARICE նախագիծը Կենսաբանական և բնապահպանական շտեմարանների միջազգային միության (ISBER)՝ ԱՄՆ Սիեթլ քաղաքում մայիսի 3-6-ը կայացած ամենամյա հանդիպմանը։

ISBER-ը (International Society for Biological and Environmental Repositories) բիոբանկային գլոբալ կազմակերպություն է, որը հնարավորություններ է ստեղծում մասնագիտական ցանցի, կրթության և նորարարությունների համար: ISBER-ը հարթակ է ապահովում՝ առաջացող մարտահրավերների նկատմամբ մոտեցումները ներդաշնակեցնելու, ինչպես նաև նոր լուծումներ ստեղծելու գաղափարներ խթանելու համար:

«Ծագող աստղեր. բիոբանկերի հաջորդ սերունդ» նիստի շրջանակում պրոֆեսոր Սարգսյանը տպավորիչ ելույթ ունեցավ «Ինչպե՞ս նախապատրաստել հաջող ծրագրի հայտ՝ կայուն ֆինանսավորման ապահովման համար» թեմայով՝ ընդգծելով բժշկական համալսարանի մասնագետների մասնակցությամբ իրականացվող ARICE նախագծի առաքելությունը, հիմնական նպատակները և գրանցված արդյունքները:

Հիշեցնենք, որ 2020 թվականին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հաղթել էր Եվրամիության ՀՈՐԻԶՈն-2020 (Horizon-2020) Թվինինգ (Twinning) «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (“Armenian Research Infrastructure on Cancer Research – ARICE”) ծրագրում:  Ծրագիրը նվիրված է ծայրահեղ արդիական առողջապահական խնդիրներից մեկին՝ քաղցկեղի հետազոտություններին: Նախագծի շնորհիվ Հայաստանում առաջին անգամ կստեղծվի եվրոպական չափանիշներին համապատասխան բիոբանկ։

ԵՊԲՀ-ն` որպես համակարգող, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (International Agency for Research on Cancer) մասնակցությամբ ծրագիրը կիրականացնի Ավստրիայի Գրացի բժշկական համալսարանի և Չեխիայի Չարլզի (Կառլովի) համալսարանի հետ գործընկերությամբ` տարածելով իր կարողությունները ինստիտուցիոնալ, ազգային և տարածաշրջանային մակարդակներում: