Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աշխատանքային խմբի այցը ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոն

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աշխատանքային խմբի այցը ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոն

2026 թվականի հունիսի 19-ին ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աշխատանքային խումբը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ, այցելեց ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն:

Այցը կազմակերպվել էր գիտության համակարգի գործունեության որակի և արդյունավետության գնահատման նպատակով իրականացվող մշտադիտարկման շրջանակներում, որն ուղղված էր «ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի պահպանում ու զարգացում» ծրագրի, «Գիտական խմբերի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցություն 2023» ծրագրի շրջանակներում իրականացվող՝ «Նեյրոնային զարգացման և աճի տեղաշարժերի տրանսլյացիոն հետազոտությունը որպես աուտիզմի սպեկտրի խանգարումների առանցքային պաթոգենետիկ մեխանիզմ» և «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի շրջանակներում իրականացվող՝ «Օստեոպորոզ. ռիսկի գործոնները, խնդիրի բժշկական, սոցիալական և տնտեսական ասպեկտները» վերնագրերով դրամաշնորհային ծրագրերի ընթացքին և ձեռք բերված արդյունքներին:

Այցի սկզբում նախատեսված էր շրջայց, որի շրջանակներում հյուրերը ծանոթացան ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի և դրա լաբորատորիաների գործունեությանը: ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, «ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի պահպանում ու զարգացում» ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը ներկայացրեց կենտրոնի ստեղծման համառոտ պատմությունը, մարդկային ներուժը, տեխնիկական հագեցվածությունը, ինչպես նաև հետազոտական ուղղություններն ու դրանց շրջանակներում իրականացվող ծրագրերը:

Հետազոտական անձնակազմի ներգրավմամբ իրականացված քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց կենտրոնում ներդրված հետազոտական մեթոդներին:

Հաջորդիվ նախատեսված էր աշխատանքային խմբի հանդիպումը դրամաշնորհային ծրագրերի ղեկավարների հետ, որը ևս անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում:

Այցի ամփոփիչ փուլը նվիրված էր կենտրոնի ապագա նախաձեռնություններին, որոնք դրական արձագանք ստացան գործընկերների կողմից: