Հանրային առողջության ֆակուլտետը Գերմանիայի Հանովերի քաղցկեղի կենտրոնի հետ անցկացրեց Հանրային առողջապահական ֆորում «Հանրային առողջապահությունը COVID-19-ից հետո» խորագրով:
ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը նշեց, որ արդեն 5-րդ տարին է, ինչ Գերմանիայի Հանովերի քաղցկեղի կենտրոնի պրոֆեսորների՝ Ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն, առողջապահական իրավունքի մասնագետ Յորգ Հայերի և Ուռուցքաբանության կենտրոնի գործընթացների և հետազոտությունների կառավարման բաժնի ղեկավար Յուրգեն Շեֆերսի հետ համագործակցություն է իրականացվում՝ յուրաքանչյուր տարի կազմակերպելով տարբեր միջոցառումներ, կոնֆերանսներ, գիտական հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկում են հանրային առողջությանը, առողջապահությանը վերաբերող մի շարք հարցեր:
«Այս տարի կազմակերպել ենք հանրային առողջապահության հերթական ֆորումը, որը նվիրված է հանրային առողջապահությանը քովիդից հետո: Այն նվիրված է այն դասերին, որոնք մենք քաղել ենք կորոնավիրուսի ընթացքում, այդ թվում նաև լուսաբանվելու են կարմրուկի հետ կապված որոշ հարցեր, քանի որ ունեցանք կարմրուկի բռնկում»,-ընդգծեց դեկանը` շեշտելով, որ Համաճարակաբանության ամբիոնի կողմից կներկայացվեն Հայաստանում կարմրուկի իրավիճակը:
Գերմանիայի Հանովեր քաղաքի Ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն, առողջապահական իրավունքի մասնագետ Յորգ Հայերը ողջունելով ներկաներին՝ շնորհակալական խոսքեր հնչեցրեց նման հանդիպումներ իրականացնելու համար, որոնք թույլ են տալիս մասնագիտական քննարկումներ իրականացնել:
Ողջույնի խոսքերից հետո, «COVID-19-ի ազդեցությունը ուռուցքաբանության ոլորտում» թեմայով հանդես եկավ Հանրային առողջության ամբիոնի դասախոս, Կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը՝ ներկայացնելով մի շարք ուսումնասիրություններ:
Մասնագիտական ելույթներով հանդես եկան ինչպես Գերմանացի պրոֆեսորները, այնպես էլ Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի վարիչ Արտաշես Թադևոսյանը, Համաճարակաբանության ամբիոնի պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանը, Համաճարակաբանության ամբիոնի դասախոս Նաիրա Մելքոնյանը, Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի դասախոս Արմինե Չոփիկյանը՝ ներկայացնելով վիճակագրություն և փաստեր քովիդ համավարակի և կարմրուկի իրավիճակի, ազդեցության մասին:
Նշենք, որ Հանրային առողջության ֆակուլտետում արտերկրի բժիշկ-գիտնականների հետ համագործակցությունները շարունակական են, քանի որ նման հանդիպումները օգնում են ծանոթանալ ոլորտի փոփոխություններին և գործընթացներին, որոնք ընթանում են աշխարհում: