Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ «Նեյրոգիտության շաբաթ» միջոցառման շրջանակում, մեկնարկեց ԵՄ ՀՈՐԻԶՈՆ 2020 ԹՎԻՆՆԻՆԳ գործողության «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման – ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի ամփոփիչ գիտաժողովը:
«ՔՈԲՐԵՅՆ»-ը ԵՄ ՀՈՐԻԶՈՆ 2020 առաջին ծրագիրն է Հայաստանում՝ ԵՊԲՀ համակարգմամբ: Ծրագրի հիմնական խնդիրն է ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական և նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային և դեղորայքային նյարդապաշտան մեխանիզմների վրա:
«Մեզ համար այսօր հերթական տոնն է, որովհետև ամփոփում ենք այսօրվա աշխարհին գիտականորեն ավելի հասկանալի դառնալու մեր ծրագրերից մեկը: Այս ծրագիրը, կարծես թե, շատ երիտասարդ է, բայց ունի իր պատմական, ակադեմիական ակունքները: Ծրագիրը պահանջված է Հայաստանում, այն թույլ տվեց իրականացնել աշխարհի համար հասկանալի թվայնացած գիտության ձևաչափը ոչ միայն բժշկական համալսարանում, այլև բժշկական համալսարանի ուսանողների, շրջանավարտների համար: Մեզ համար խիստ կարևոր է, որպեսզի եվրոպական առաջատար երկրներում պարզ և տեսանելի լինի, թե ինչով է զբաղվում բժշկական համալսարանը», – նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` հավելելով, որ այսօր բժշկական համալսարանն ամփոփում է արդեն երեքուկես տարվա «ՔՈԲՐԵՅՆ» ծրագիրը, որն իրականացրել է եվրոպական առաջատար մասնագետների և համալսարանների հետ:
«Բժշկական համալսարանը փաստացի արձանագրում է իր նույնականացումը-սինքրոնիզացիան եվրոպական առաջատար բուհերի հետ, և այսօրվա ամփոփումը դեռևս մեկնարկն է այն նոր ծրագրի, որն այսօր հնչեցրինք, մասնավորապես` TEAMING ծրագիրը, իսկ TWINNING-ով կրկնեցինք այն կենտրոնների կառուցվածքը և կրթական մակարդակը, որով աշխատում են եվրոպական երկրները, և արձանագրեցինք, որ մեր գիտական հոդվածները, որոնք բնութագրում են բուհի գիտական առաջընթացը, հաղթահարեցին մեր առջև դրված թիրախը` տարեկան 100 հոդված ազդեցության գործոն ունեցող գիտական հանդեսներում: Մենք հնչեցրինք այն հավակնության մասին, որ կդառնանք հավասարազոր գործընկեր այդ համալսարաններին», – ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` կարևորելով, որ ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅն» կենտրոնում ապագա բժիշկները, ուսանողությունը հնարավորություն ունի տեսնելու ժամանակակից գիտությունը, կատարելու ուղեղի հետազոտություններ արդիական խնդիրների ուղղությամբ:
Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնն այսօր առաջատար է գիտական ներուժով, և կենտրոնի գործունեությամբ ու այլ ծրագրերով բժշկական համալսարանը վերադարձնում է նեյրոգիտության բնագավառում իր առաջատար դիրքը, որն ունեցել է տարածաշրջանում, տասնյակ տարիներ` Խորհրդային Միությունում:
Ռեկտորը` որպես առանձնակի հաջողություն մատնանշեց նաև այն, որ ծրագրի ակունքներում կանգնած են խոշոր գիտնականներ, ինչպես նաև ԵՊԲՀ շրջանավարտներ, որոնք կարողացան նպաստել մայր բուհի հետագա գիտական առաջընթացին:
«Բուհը երկար ճանապարհ է անցել այս կարճ ժամանակահատվածում և նշանակալի, դրական արդյունքներ է գրանցել: Ծրագիրը, թույլ տվեք ասել, հաջողված է, և հաջողված է մի քանի առումներով: Մենք, փաստորեն, կարողացել ենք համատեղ ջանքերով բուհում ձևավորել որակյալ կրթություն ստանալու միանգամայն նոր միջավայր, բայց սա ոչ միայն կրթություն է, այլև կրթությունը հետազոտությանը և գիտությանը փոխկապակցելու միջավայր: Շատ արդյունքներ ցույց են տալիս, որ ստեղծված պայմանները նաև գիտությունը զարգացնելու ճանապարհ են բացել մի շարք կարևոր ուղղությամբ, ինչպիսին ուղեղի հետազոտություններն են ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` իր ղեկավարած գերատեսչության անունից շնորհավորելով համալսարանին և վստահություն հայտնելով, որ այս ծրագիրը նաև մեկ այլ առումով է կարևոր՝ բուհի միջազգայնացման և վարկանիշի բարձրացման, որովհետև միջազգային գործընկերների շրջանակը, որը զարգացել և խորացել է ծրագրի շնորհիվ, առաջ է տանելու բուհին միջազգայնացման ճանապարհով, ինչպես նաև երկրի զարգացման համար բացվելու են նոր հնարավորություններ:
«Կարևոր պահ է։ Կարծես թե փոքր երեխա ենք մեծացրել։ ԵՄ ՀՈՐԻԶՈՆ 2020 ԹՎԻՆՆԻՆԳ գործողության «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի մեկնարկին բոլորս շատ հուզված էինք, իսկ այժմ արդեն Եվրամիության, Գերմանիայի և Շվեդիայի համագործակցությունը Երևանի պետական բժշկական համալսարանի հետ գիտական ներուժի վերամիավորման լավ օրինակ է», – շեշտեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:
Գիտական աշխատանքները և կրթությունն, ըստ նրա, պետք է միասնական լինեն։ «Սա բավականին տպավորիչ հաղթանակ է․ մարդիկ շատ ոգևորված են այս կենտրոնով։ Միասնական ջանքերի շնորհիվ կարողացանք երկարաժամկետ վերապատրաստումների ծրագիր իրականացնել։ Քովիդից առաջ սա եզակի նախագծերից էր, որին մենք հասցրինք մասնակցել և ներգրավվել նմանատիպ մեծածավալ աշխատանքներում։ Շնորհավորում եմ բոլորիս, քանի որ Հայաստանն, իսկապես, ունի գիտական ուսումնասիրությունների միջազգային կենտրոն դառնալու ներուժ», – ընդգծեց ԵՄ պատվիրակության ղեկավարը։
Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի համար մեծ պատիվ էր մասնակցել գիտաժողովին։
«Մեզ համար շատ կարևոր և տպավորիչ ծրագիր է։ Կարծում եմ, որ այս նախագիծն, ընդհանուր առմամբ, փաստում է, որ գիտությունն ու ուսումնասիրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում են։ Ուրախ ենք համագործակցել ձեզ հետ։ Թյուբինգենի և Բոխումի համալսարանների հետ համագործակցությունը շարունակական է լինելու։ Հայաստանը և Գերմանիան համագործակցության մեծ ներուժ ունեն։ Կարիք ունենք իրավական հիմքերի, որոնք հող կնախապատրաստեն ավելի լայն համագործակցության համար», – հավելեց դիվանագետը։
Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի համար ևս պատիվ էր ներկա գտնվել բժշկական համալսարանում կայացած կարևոր միջոցառմանը։ Նախագծի շրջանակում արձանագրված ձեռքբերումները, նրա խոսքով, նշանակալի նվաճում են։
«Լունդի համալսարանը և Երևանի պետական բժշկական համալսարանը դարձան համագործակցող կողմեր գիտական ուսումնասիրությունների, հատկապես՝ ուղեղի տարատեսակ հիվանդությունների բացահայտման ոլորտում։ Ուրախ կլինենք հավելյալ և ավելի խորքային համագործակցության նաև Ստոկհոլմի Կարոլին համալսարանի հետ։ Համոզված եմ, որ կբացահայտենք համագործակցության նոր հարթակներ՝ հասնելով լավագույն արդյունքների։ Մեր մասնակցությունն այս ծրագրին ՀՀ կառավարությանը մեր աջակցության ապացույցն է», – ասաց դեսպանը։
ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ ծրագրի և Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի միջազգային խորհրդատվական մարմնի անդամ, ZENEREI հետազոտական կենտրոնի տնօրեն, նյարդագիտության պրոֆեսոր Ալան Կալուեֆը գոհունակություն հայտնեց նախագծի հաջող ընթացքից. «Ուրախ եմ տեսնել նախագծի պտուղները։ Ուղեղն ամենաբարդ համակարգային կառուցվածքն ունի։ Հայաստանը պատմականորեն ունեցել է շատ ուժեղ նեյրոգիտություն, որն էլ փոխանցել է աշխարհի մյուս գիտնականներին։ Մեծ հպարտություն է տեսնել շատ երիտասարդ գիտնականների այս լաբորատորիայում։ Չեմ սիրում «փակում» բառը, կարծում եմ՝ այս միջոցառումն ընդամենը վերափոխումն է մեկ այլ փուլի»։
ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գլխավոր գիտաշխատող և ծրագրի ղեկավար Կոնստանտին Ենկոյանը հակիրճ ներկայացրեց ՔՈԲՐԵՅՆ ծրագրի և Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի հետազոտական արդյունքները` մասնավորապես շեշտադրելով հետազոտողների նոր սերնդի և կարիերայի հնարավորությունների ընդլայնման հեռանկարները։
Սերտորեն համագործակցելով Թյուբինգենի (EKUT, Գերմանիա), Բոխումի (RUB, Գերմանիա) և Լունդի (ULUND, Շվեդիա) համալսարանների հետ, ինչպես նաև միավորելով մի շարք այլ դրամաշնորհային ծրագրերի, այդ թվում՝ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող, ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրով՝ «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագրի ընձեռած հնարավորությունները՝ ՔՈԲՐԵՅՆ ծրագիրը նպաստել է նեյրոգիտության հետազոտությունների նոր կենտրոնի հիմնադրմանը: Կենտրոնը նշված 2 խոշոր դրամաշնորհային ծրագրի անվանակիրն է՝ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն: Նոր ենթակառուցվածքի գործարկման նպատակով գործընկեր համալսարանների փորձի հիման վրա մշակվել և հաստատվել են նորաստեղծ կենտրոնի գործունեությունը կարգավորող կանոնակարգային փաստաթղթեր, ուղեցույցներ, աշխատակարգեր և այլն:
Հիշեցնենք, որ ԵՄ մրցույթին ներկայացված «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման – COBRAIN» վերնագրով նախագիծը միջազգային փորձագետների կողմից ստացել է հնարավոր առավելագույն միավորի 96.6%-ը:
Նախագիծը հիմք է հանդիսացել Հայաստանում «Ուղեղ» նախաձեռնության թողարկման և ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնի համար համապատասխան աշխատակազմի ու ենթակառուցվածքի ձևավորման համար։ Նշենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանի գիտական առաջնահերթություններում ուրույն տեղ է զբաղեցնում նեյրոգիտությունը, որն այժմ աշխարհում առանձնակի թափով է զարգանում ուղեղի համաշխարհային նախաձեռնության համատեքստում: Մեր համալսարանի հեռահար հետազոտական նպատակների շարքում նույնպես առանձնանում է ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնի հիմնադրումը, որը միտված է լինելու ուղեղի քրոնիկ հիվանդությունների կանխարգելման և մարդու ողջ կյանքի ընթացքում ուղեղի առողջ կենսագործունեության ապահովմանը: Ուղեղի հետազոտությունների ոլորտում ազգային մրցունակություն ապահովելու և գերազանցության հասնելու նախաձեռնության համար մշակվել է ընդգրկուն ծրագիր, որի իրականացման համար COBRAIN-ը վճռորոշ մեկնարկ է հանդիսացել: Ծրագրի արդյունքում համալսարանում խթանվել է գիտական համագործակցության դաշտը, ստեղծվել են նոր կոնսորցիումներ, որոնց ջանքերի շնորհիվ ԵՊԲՀ-ն շարունակում է ընդլայնել իր մասնակցությունը ԵՄ Հորիզոն ԵՎՐՈՊԱՅԻ բաց մրցույթներին ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնի ստեղծմանն ընդառաջ:
Մայիսի 17-ին «Նեյրոգիտության շաբաթ» միջոցառումների շարքը կշարունակի Հ. Բունիաթյանի հիշատակին նվիրված «Նյարդային համակարգի կենսաքիմիա» գիտաժողովը: Համատեղ ծրագրերի խթանման նպատակով նույն օրը նախատեսվում է “Networking Neurotalks” զեկուցումների շարք, որի ընթացքում նեյրոգիտության ոլորտում հետազոտություններ իրականացնող գիտական խմբերը կամ անհատները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները և հանդես գալ համագործակցության առաջարկներով:
Մայիսի 18-ին ԵՊԲՀ-ում կմեկնարկի 29-րդ ISBS միջազգային տարեկան գիտաժողովը, որն իր աշխատանքները կշարունակի մայիսի 19-ին Լ.Ա. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում «Հոգեֆիզիոլոգիա» թեմայով սիմպոզիումի շրջանակներում:
Նեյրոգիտության շաբաթվա միջոցառումներին զուգահեռ ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել է «Ուղեղի գեղեցկությունը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի նպատակն է ներկայացնել արվեստի ու նեյրոգիտության կապի մասին երիտասարդ հետազոտողների և ուսանողների պատկերացումները:
Գիտաժողովի բացման արարողությունից հետո ԵՊԲՀ ռեկտորի, արտերկրի հյուրերի, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջայց կատարեց կենտրոնում` ծանոթանալով գործունեությանը, իրականացվող աշխատանքներին: