Շարունակելով փոխանցողներով պայմանավորված վարակների իրազեկման շարքը` անդրադառնում ենք լեյշմանիոզին:
Համաճարակաբանական և կլինիկական առանձնահատկությունները
Լեյշմանիոզը հարուցվում է լեյշմանիա ցեղի ավելի քան 20 տեսակի նախակենդանիներով: Այն պատկանում է մոռացված արևադարձային վարակիչ հիվանդությունների շարքին, սակայն վերջին ժամանակահատվածում ակտիվացում է նկատվում: Լեյշմանիա մակաբույծները փոխանցվում են մլակների խայթոցի միջոցով: Հայտնի են մլակների ավելի քան 90 տեսակ, որոնք փոխանցում են լեյշմանիոզ: Վարակի աղբյուր են կենդանիների շուրջ 70 տեսակ, մարդիկ նույնպես կարող են լինել լեյշմանիոզի աղբյուր: Հիվանդությունը հանդիպում է 3 հիմնական ձևերով` ընդերային, մաշկային և մաշկալորձաթաղանթային:
Ընդերային լեյշմանիոզը հայտնի է որպես Կալա-Ազար հիվանդություն, որը չբուժվելու դեպքում ավելի քան 95% դեպքերում մահացու է: Այն բնութագրվում է ջերմության անկանոն նոպաներով, քաշի կորստով, փայծաղի և լյարդի մեծացմամբ և սակավարյունությամբ: Դեպքերի մեծ մասը հանդիպում է Բրազիլիայում, Արևելյան Աֆրիկայում և Հնդկաստանում: Գնահատվել է, որ աշխարհում տարեկան արձանագրվում են ընդերային լեյշմանիոզի 50000-ից 90000 նոր դեպքեր: Ընդերային լեյշմանիոզը կարող է հանգեցնել նաև բռնկումների:
Մաշկային լեյշմանիոզը ամենատարածված ձևն է, որը դրսևորվում է մաշկի ախտահարումով և խոցերի առաջացմամբ` հանգեցնելով սպիների, լուրջ հաշմանդամության կամ խարանի: Աշխարհում տարեկան արձանագրվում են 600000-ից 1 միլիոն նոր դեպքեր, որոնց 95%-ը` Ամերիկայում, Միջերկրածովյան ավազանում, Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում:
Մաշկալորձաթաղանթային լեյշմանիոզը հանգեցնում է քթի, բերանի և կոկորդի լորձաթաղանթների մասնակի կամ ամբողջական վնասմանը: Դեպքերի ավելի քան 90%-ը հանդիպում է Բոլիվիայում, Բրազիլիայում, Եթովպիայում և Պերուում:
Եվրոպական տարածաշրջանում մաշկային և ընդերային լեյշմանիոզը էնդեմիկ հիվանդություն է։ Բերովի դեպքերը տարածվում են հիմնականում Աֆրիկայից և Ամերիկայից:
Նշենք, որ մարդկանց ընկալունակությունը վարակի նկատմամբ բարձր է բոլոր տարիքային խմբերում, բայց առավել խոցելի են երեխաները: Հատկանշական է, որ հիվանդությունն առավել հաճախ՝ 80% դեպքերում անանխտանիշ է, հարուցիչը կարող է տասնյակ տարիներ մնալ մարդու օրգանիզմում, իմունիտետի ընկճման դեպքում այն ակտիվանում է և դրսևորվում ախտանշաններով:
Հայաստանում համաճարակային իրավիճակը
Հայաստանում տարածված է լեյշմանիոզը փոխանցող մլակների 12 տեսակ: Նախկինում Հայաստանում արձանագրվել են լեյշմանիոզի ինչպես ընդերային, այնպես էլ մաշկային ձևերը: Ներկայումս հանրապետությունում արձանագրվում են միայն ընդերային լեյշմանիոզի դեպքեր՝ հիմնականում Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Արարատի մարզերում և Երևանում: Պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանում վերջին 5 տարիենրի ընթացքում (2021-2025թթ.) արձանագրվել է լեյշմանիոզի 97 դեպք, որոնց գերակշռող մասը եղել է 74% (72 դեպք) մինչև 8 տարեկանների, իսկ 51%-ը` (49 դեպք) հանդիպել է քաղաքաբնակների շրջանում:
Լեյշմանիոզի տարածման ռիսկի գործոնները
Ախտորոշում և բուժում
Լեյշմանիոզի ախտորոշումը կատարվում է մակաբուծաբանական կամ շճաբանական հետազոտության մեթոդներով:
Բուժումը պայմանավորված է մի քանի գործոններով` հիվանդության տեսակ, ուղեկցող պաթոլոգիաներ, մակաբույծի տեսակ և աշխարհագրական վայր: Վաղ ախտորոշման և համապատասխան բուժման դեպքում հիվանդության ելքը բարվոք է, սակայն, հաշվի առնելով, որ լեյշմանիոզի ախտանշանները յուրահատուկ չեն, երեխաների մոտ անկանոն ջերմության դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:
Լեյշմանիոզի կանխարգելումը և հսկողությունը
Լեյշմանիոզի կանխարգելումն ու հսկողությունը ներառում է բազամկողմանի ուղղություններ.
Հիվանդության արդյունավետ դիտարկումը կարևոր է համաճարակների և մահացության բարձր մակարդակ ունեցող իրավիճակների ժամանակ օպերատիվ մոնիտորինգի և արձագանքման համար: Վաղ հայտնաբերումը, ախտորոշումը և արդյունավետ բուժումը նվազեցնում է հիվանդության տարածվածությունը և կանխում հաշմանդամության ու մահվան դեպքերը:
Վարակի աղբյուր հանդիսացող կենդանիների հսկողությունը բարդ գործընթաց
է, որը պետք է հարմարեցվի տեղական իրավիճակին: Ընտանի շների մոտ լեյշմանիոզի ախտանշաններ (մազաթափություն, դեմքի վրա վերքեր, քթային արյունահոսություն) հայտնաբերելու դեպքում դիմել անասնաբույժի օգնությանը՝ հետազոտություններ իրականացնելու նպատակով:
Մլակների քանակը կրճատելով` նվազեցվում կամ ընդհատվում է հիվանդության փոխանցումը: Այս միջոցառումները ներառում են միջատասպան միջոցներով ցողում, ցանցերի օգտագործում, անհատական պաշտպանիչ միջոցների կիրառում` մլակների խայթոցից պաշտպանվելու համար:
Աղբահանության աշխատանքների բարելավում, բակերի, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգում, դրանցում օրգանական աղբի մաքրման աշխատանքներ: Անհրաժեշտ է պարբերաբար և ժամանակին հեռացնել կենցաղային թափոնները՝ կանխելով աղբակույտերի առաջացումը: