Վիրաբույժների մասնագիտական հիվանդություններ

Վիրաբույժների մասնագիտական հիվանդություններ

Վիրաբույժի աշխատանքը հաճախ ընկալվում է որպես բարձր պատասխանատվություն, արագ որոշումներ և մասնագիտական մեծ կենտրոնացում պահանջող աշխատանք։ Սակայն մասնագիտությունը միայն մտավոր լարվածություն չէ, այն նաև երկարաժամկետ ֆիզիկական ծանրաբեռնվածություն է, որը կարող է ազդել վիրաբույժների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ առողջապահության ոլորտում աշխատողները ենթարկվում են մի շարք մասնագիտական ռիսկերի՝ հիվանդությունների, վնասվածքների, ճառագայթման, աղմուկի, քիմիական նյութերի, հոգեսոցիալական ծանրաբեռնվածության, բռնության և աշխատանքի կազմակերպման հետ կապված այլ վտանգների։ ԱՀԿ-ն նաև ընդգծում է՝ անվտանգ և առողջ աշխատանքային պայմանները կարևոր են ոչ միայն աշխատողի, այլև բուժօգնության որակի համար։

Վիրաբույժների շրջանում առավել հաճախ քննարկվող մասնագիտական խնդիրներից են հենաշարժիչ համակարգի խանգարումները՝ պարանոցի, մեջքի, գոտկատեղի, ուսերի և ձեռքերի ցավերը, սուր գործիքներով վնասվածքները, արյունածին վարակների ռիսկը, ճառագայթումը, վիրաբուժական ծխի և քիմիական նյութերի ներգործությունը, ինչպես նաև հոգնածությունը, սթրեսը և մասնագիտական այրումը։

ԱՄՆ-ում օրթոպեդ վիրաբույժների շրջանում անցկացված լայնածավալ ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս մասնագիտական առողջության խնդիրների բարձր տարածվածություն։ Հետազոտությանը մասնակցած 1645 մասնակիցները հաղորդել են ընդհանուր 2702 աշխատանքային հենաշարժական վնասվածքի մասին, որոնցից գրեթե յուրաքանչյուր հինգերորդը (17.9%) պահանջել է վիրահատական բուժում։ Միաժամանակ, հարցվածների 93.8%-ը նշել է, որ գրեթե մեկ անգամ ունեցել է ասեղով պատահական ծակոց, իսկ 64.4%-ը հայտնել է աշխատանքի հետ կապված մասնագիտական այրման համախտանիշի մասին։ Ստացված արդյունքներն ընդգծում են, որ վիրաբուժական գործունեությունը ուղեկցվում է բազմաբնույթ մասնագիտական ռիսկերով՝ ներառյալ հենաշարժական, կենսաբանական և հոգեսոցիալական վտանգները։

Վիրաբույժների մասնագիտական հիվանդությունների շարքում առանձնահատուկ ուշադրության է արժանի ստորին վերջույթների վարիկոզային հիվանդությունը։ Վիրահատությունները հաճախ տևում են մի քանի ժամ, և այդ ընթացքում վիրաբույժը կանգնած է գրեթե անշարժ դիրքում։ Երկարատև կանգնած դիրքը նվազեցնում է սրունքի մկանային «պոմպի» արդյունավետությունը, դժվարացնում երակային արյան վերադարձը դեպի սիրտ, բարձրացնում ստորին վերջույթների երակային ճնշումը և ժամանակի ընթացքում կարող է նպաստել երակների լայնացմանը, ցավին, ծանրության զգացողությանը, այտուցին և քրոնիկ երակային անբավարարությանը։ Վարիկոզի ռիսկի գործոնների շարքում միջազգային աղբյուրներում նշվում են նաև գենետիկ նախատրամադրվածությունը, տարիքը, ավելորդ քաշը, հղիությունները, հորմոնալ գործոնները և աշխատանքային երկարատև կանգնած դիրքը։

2025 թվականին BMC Nursing ամսագրում հրապարակված համակարգված վերանայման և մետա-վերլուծության համաձայն՝ 9 հետազոտությունների համակցված տվյալներով վարիկոզային երակների գլոբալ տարածվածությունը առողջապահական ոլորտում աշխատողների շրջանում կազմել է 25%։ Նույն վերլուծության մեջ նշվել է, որ զարգացող երկրներում ցուցանիշն ավելի բարձր է՝ մոտ 29%, իսկ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում՝ մոտ 28%։ Ռիսկի գործոնների շարքում առանձնացվել են իգական սեռը, ընտանեկան անամնեզը և ծննդաբերական կարգավիճակը, իսկ առանձին ուսումնասիրություններում նշվել է, որ օրական 4 ժամից ավելի կանգնած աշխատանքը կարող է էապես բարձրացնել վարկոզի առաջացման հավանականությունը։

Վիրաբույժների շրջանում վարիկոզային հիվանդության վերաբերյալ առանձին հետազոտություններ նույնպես իրականացվել են։ 2024 թվականին Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքի հանրային հիվանդանոցներում անցկացված խաչաձև հետազոտությանը մասնակցել է 192 վիրաբույժ։ Հետազոտության արդյունքներով՝ նրանցից 28-ի մոտ հայտնաբերվել են վարիկոզային երակների նշաններ կամ արդեն առկա ախտորոշում։ Վարիկոզային հիվանդությունն առավել հաճախ արձանագրվել է կրծքային վիրաբույժների շրջանում՝ 50%, մանկական վիրաբույժների շրջանում՝ 42.9%, իսկ օրթոպեդ վիրաբույժների շրջանում՝ 26.3%։ Բացի այդ, հետազոտությունը ցույց է տվել, որ հիվանդության տարածվածությունն ավելի բարձր է եղել 40 տարեկանից բարձր վիրաբույժների, ինչպես նաև 20 տարուց ավելի մասնագիտական փորձ ունեցող մասնագետների շրջանում։ Սա վկայում է, որ տարիքը, աշխատանքային ստաժը և երկարատև վիրահատական ծանրաբեռնվածությունը կարող են մեծացնել վիրաբույժների շրջանում վարկոզային հիվանդության առաջացման հավանականությունը։

Խնդրի կանխարգելումը պետք է դիտարկել ոչ թե միայն անհատական, այլև կազմակերպչական մակարդակում։ Վիրահատարաններում անհրաժեշտ է խրախուսել կարճ միկրոդադարների մշակույթը, հնարավորության դեպքում ապահովել դիրքի փոփոխություն, ապահովել հարմարավետ օրթոպեդիկ կոշիկներ, խրախուսել կոմպրեսիոն գուլպաների կիրառումը բարձր ռիսկ ունեցող մասնագետների շրջանում և պարբերաբար կազմակերպել մասնագիտական առողջության զննումներ։

Այսպիսով, վիրաբույժների մասնագիտական հիվանդությունները բազմագործոն են և ընդգրկում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական ռիսկեր։ Վիրաբույժների առողջության պահպանումը պետք է դիտարկել որպես բուժհաստատությունների աշխատանքային անվտանգության և որակյալ բուժօգնության անբաժանելի մաս։