Հակաբիոտիկների հետ զուգահեռ հակասնկային դեղերի կիրառման հաճախականության գնահատումը

Հակաբիոտիկների հետ զուգահեռ հակասնկային  դեղերի կիրառման հաճախականության գնահատումը

Մշտական հարց` անհրաժեշտ է արդյո՞ք հակասնկային նշանակել հակաբիոտիկների հետ: Աշխարհում քրոնիկ և վարակային հիվանդությունների արդյունավետ բուժումն այսօր բախվում է մի շարք լուրջ մարտահրավերների, որոնցից մեկը հակամանրէային և հակասնկային դեղերի ոչ ռացիոնալ կիրառումն է։ Գործնականում և հասարակական մակարդակում բավական տարածված է այն սխալ պատկերացումը, թե հակաբիոտիկների ընդունումը պարտադիր պետք է ուղեկցվի հակասնկային դեղերի կիրառմամբ՝ որպես սնկային վարակներից կանխարգելման միջոց։ Այս մոտեցումը հաճախ ձևավորվում է ոչ մասնագիտական խորհրդատվության կամ ինքնաբուժման արդյունքում և հանգեցնում է հակասնկային դեղերի անհիմն օգտագործման։

Միջազգային հեղինակավոր կլինիկական ուղեցույցներն ու գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ հակասնկային դեղերի կիրառման զգալի մասը՝ մոտ 30–50%-ը, համարվում է անտեղի կամ ոչ օպտիմալ։ Չնայած այն փաստին, որ լայն սպեկտրի հակաբիոտիկները կարող են որոշակիորեն խաթարել օրգանիզմի բնական միկրոֆլորան, դա ինքնին չի նշանակում, որ բոլոր պացիենտների մոտ անխուսափելիորեն զարգանալու է կլինիկորեն նշանակալի սնկային վարակ։ Հետևաբար, կանխարգելիչ հակասնկային թերապիան չունի բավարար գիտական հիմնավորում։ Ավելին, նման ոչ նպատակային կիրառումը կարող է ունենալ մի շարք բացասական հետևանքներ։ Դրանցից են դեղակայուն սնկային շտամների առաջացման և տարածման վտանգի մեծացումը, լյարդի տոքսիկ ազդեցությունների և դեղային փոխազդեցությունների հաճախականության աճը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական բեռի ձևավորումը թե՛ հիվանդների, թե՛ առողջապահական համակարգի համար։ Այս գործոնները միասին ընդգծում են հակասնկային դեղերի զգույշ և հիմնավորված կիրառման անհրաժեշտությունը։

Հակասնկային թերապիան, այդ թվում՝ պրոֆիլակտիկ կիրառումը, պետք է իրականացվի խիստ անհատականացված մոտեցմամբ։ Այն հիմնականում ցուցված է բարձր ռիսկային խմբերում, ինչպիսիք են՝ ծանր կամ միջին աստիճանի իմունային թուլացում ունեցող պացիենտները, արյան համակարգի հիվանդություններով անձինք, երկարատև և բարձր դոզաներով հակաբիոտիկային բուժում ստացող հիվանդները, ինչպես նաև վերակենդանացման բաժանմունքում գտնվող և ինվազիվ միջամտությունների ենթարկվող պացիենտները։ Այս ռիսկային գործոնների բացակայության դեպքում հակասնկային դեղերի կանխարգելիչ նշանակումը սովորաբար հիմնավորված չի համարվում։

ԵՊԲՀ դեղագործության կառավարման ամբիոնում իրականացված ուսումնասիրությունը գնահատել է հակաբիոտիկների հետ համակցված հակասնկային դեղերի կիրառման տարածվածությունը, ինչը, ըստ ստացված արդյունքների, բավական հաճախ հանդիպող երևույթ է։ Սակայն շատ դեպքերում այն հիմնված չէ հստակ բժշկական ցուցումների վրա և հիմնական շարժիչ գործոնը «կանխարգելման» կամ «անվտանգության ապահովման» գաղափարն է, որը հատկապես արտահայտված է դեղատնային խորհրդատվության մակարդակում։ Դեղատների աշխատակիցների մի մասը հակասնկային դեղեր առաջարկում է նույնիսկ առանց հաստատված ախտորոշման, ինչը վկայում է կանխարգելիչ մոտեցման գերակայության մասին գործնական մակարդակում։

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ թե՛ բնակչության, թե՛ դեղատան աշխատակիցների շրջանում առկա են գիտելիքային բացեր հակաբիոտիկների ազդեցությամբ սնկային վարակների զարգացման իրական մեխանիզմների վերաբերյալ։ Այս թերի պատկերացումները նպաստում են ոչ ռացիոնալ դեղային վարքագծի ձևավորմանը՝ ինչպես դեղատնային խորհրդատվության ընթացքում, այնպես էլ ինքնաբուժման մակարդակում։ Բնակչության շրջանում հակասնկային դեղերը հաճախ ընկալվում են որպես հակաբիոտիկների «պարտադիր ուղեկից», ինչը չի համապատասխանում ժամանակակից կլինիկական ուղեցույցներին։

Այսպիսով, հակաբիոտիկների և հակասնկային դեղերի համատեղ, սակայն ոչ հիմնավորված կիրառումը Հայաստանի Հանրապետությունում ունի զգալի տարածում։ Սա ընդգծում է առողջապահական կրթության մակարդակի բարձրացման, մասնագիտական վերապատրաստման ուժեղացման և դեղերի նշանակման ու կիրառման վերահսկողության համակարգերի կատարելագործման անհրաժեշտությունը։