Հեպատիտ Ց. վարակիչ հիվանդության տարածվածության առավել հաճախ հանդիպող ուղիները

Հեպատիտ Ց. վարակիչ հիվանդության տարածվածության առավել հաճախ հանդիպող ուղիները

Վարակիչ հիվանդությունները շարունակում են մնալ մահացության հիմնական պատճառներից մեկն ամբողջ աշխարհում: Դրանց շարքին է դասվում նաև վիրուսային հեպատիտ Ց-ն, որը տարեկան խլում է ավելի քան 1 միլիոն մարդու կյանք:

Ցավոք, գնահատված է, որ վիրուսային հեպատիտներով վարակված մարդկանց մեծամասնությունը տեղյակ չէ հիվանդության մասին:

«Հերացի» վերլուծականը սկսում է հրապարակումների նոր շարք, որոնք նվիրված են վարակիչ հիվանդությունների վերաբերյալ բնակչության իրազեկվածությանը և գիտելիքների ընդլայնմանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 2019թ.-ին շուրջ 290.000 մարդ մահացել է հեպատիտ Ց-ի հետևանքով, հիմնականում՝ լյարդի ցիռոզից և լյարդի առաջնային քաղցկեղից: Հեպատիտ Ց-ի տարածվածության ցուցանիշները տպավորիչ են. վարակակիրների թիվը կազմում է շուրջ 58 միլիոն, ամեն տարի ավելանալով շուրջ 1.5 միլիոնով: Վարակակիրներից 3.2 միլիոնը դեռահասներ և երեխաներ են:

Հեպատիտ Ց-ի վիրուսն արյան միջոցով փոխանցվող վարակ է: Հիվանդության փոխանցման առավել հաճախ հանդիպող ուղիներն են բժշկական սարքավորումների ոչ պատշաճ ախտահարումը, ներարկիչների և ասեղների կրկնակի օգտագործումը, չստուգված արյան և արյան բաղադրամասների փոխներարկումը, ինչպես նաև թմրամիջոցների ներերակային օգտագործումը: Վարակը կարող է փոխանցվել նաև սեռական ճանապարհով, ինչպես նաև մորից երեխային, թեև այս ճանապարհով վարակի փոխանցումը հանդիպում է առավել հազվադեպ:

Հարկ է նշել, որ հեպատիտ Ց-ն չի փոխանցվում կրծքի կաթի, սննդի, ջրի, ինչպես նաև շփման՝ գրկախառնվելու, համբուրվելու և վարակված անձի հետ ուտելիք կամ ըմպելիք  կիսելու միջոցով:

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022թ.-ին հեպատիտ Ց-ի վիրուսի հանդեպ հակամարմինների առկայությամբ արձանագրված դեպքերի թիվը կազմել է 982, այդ թվում 308-ը՝ կանանց, իսկ 3-ը մինչև 18 տարեկանների մոտ: Համեմատությունը 2021թ. տվյալների հետ ցույց է տալիս, որ ընդհանուր դեպքերի թիվն աճել է շուրջ 8%-ով:

Միևնույն ժամանակ, հնգամյա ցուցանիշների վերլուծությունը վկայում է, որ 2018թ.  նկատմամբ ընդհանուր դեպքերը նվազել են 19%, կանանց շրջանում՝ 21%, իսկ երեխաների շրջանում՝ 25%-ով:

Եվրոպական Միության 13 երկրում հեպատիտ Ց-ի տարածվածությունը բնակչության շրջանում կազմում է 1.1%, ինչը համապատասխանում է շուրջ 5.6 միլիոն մարդու: Հիվանդությունն առավել տարածված է Ֆրանսիայում, Իտալիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Իսպանիայում և Միացյալ Թագավորությունում:

Անհրաժեշտ է ընդգծել, որ հեպատիտ Ց-ն տարածվում է նաև ոչ բժշկական միջամտությունների (դաջվածք, մատնահարդարում, ոտնահարդարում, փիրսինգ և այլն) միջոցով եթե համապատասխան գործիքները պատշաճ կերպով չեն ախտահանվել:

Օրինակ՝ Իտալիայում իրականացված հետազոտության տվյալների համաձայն՝ 15-55 տարեկան  անձանց մոտ սուր հեպատիտ Ց-ի բոլոր դեպքերի 11.5%-ը կապված են եղել գեղեցկության սրահների հետ:

Վերոնշյալ տվյալները համահունչ են նաև Եվրոպական Միության երկրների տվյալներ հետ, համաձայն որոնց հիվանդությունը մինչև 10% դեպքերում տարածվում է ոչ առողջապահական հաստատություններում իրականացված միջամտությունների հետևանքով (դաջվածքների, պիրսինգի և այլն):

Ժամանակակից հակավիրուսային դեղամիջոցները կարող են բուժել հեպատիտ Ց-ն, սակայն ախտորոշման և բուժման հասանելիության մակարդակը աշխարհում շարունակում է աշխարհում մնալ ցածր: Հայաստանում, 2019թ.-ից ի վեր հեպատիտ Ց-ի բուժման դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ:

Հեպատիտ Ց-ի կանխարգելումը պահանջում է համալիր, բազմաբաղադրիչ մոտեցում և սերտ համագործակցություն առողջապահության և այլ բնագավառների մասնագետների միջև: Իսկ գեղեցկության ոլորտի կազմակերպությունների գործունեության անվտանգության բարձրացման նպատակով՝ նպատակահարմար է քննարկել նման ծառայություններ մատուցողների պլանային վերահսկողության իրականացման, աշխատակիցների գիտելիքներին և հմտություններին ներկայացվող պարտադիր պահանջների մշակման և ներդրման և մի շարք այլ պահանջների կիրառման անհրաժեշտության հարցը: