Հուլիսի 22-ին աշխարհը նշում է Գլխուղեղի համաշխարհային օրը, որը Նյարդաբանության համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ կոչված է համախմբելու միջազգային հանրության ջանքերը՝ ուղեղի առողջության պահպանման շուրջ։ 2026 թվականի կարգախոսը՝ «Ուղեղի առողջություն՝ հասանելիություն բոլորի համար», ընդգծում է նյարդային հիվանդությունների կանխարգելման, վաղ ախտորոշման, արդյունավետ բուժման և որակյալ նյարդաբանական օգնության հավասար հասանելիության ապահովման կարևորությունը։
Ուղեղի առողջությունը միայն նյարդային հիվանդությունների բացակայությունը չէ։ Այն ներառում է ճանաչողական, զգայական, հուզական և շարժողական ֆունկցիաների լիարժեք պահպանումը, որոնք ապահովում են մարդու սովորելու, աշխատելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու, սոցիալական հարաբերություններ կառուցելու և ակտիվ կյանք վարելու կարողությունը։ Հետևաբար, ուղեղի առողջության պահպանումը դարձել է ոչ միայն նյարդաբանության, այլև հանրային առողջապահության կարևորագույն առաջնահերթություններից մեկը, քանի որ այն անմիջական ազդեցություն ունի բնակչության կյանքի որակի, աշխատունակության և կյանքի տևողության վրա։
Նյարդային համակարգի հիվանդությունների բեռի մասշտաբը դժվար է գերագնահատել։ Ներկայում դրանք ընդգրկում են ավելի քան 3,4 միլիարդ մարդ, ինչը կազմում է աշխարհի բնակչության 43.1%-ը։ Համաձայն Global Burden of Disease (GBD, 2021) հետազոտության, որն ներառել է նյարդային համակարգի 37 հիվանդություն, տարեկան դրանք հանդիսանում են 11,1 միլիոն մահվան պատճառ և հանգեցնում 443 միլիոն հաշմանդամությամբ ճշգրտված կյանքի տարիների կորստի (Disability-Adjusted Life Years, DALY)։ Այս ընդհանուր բեռից 168 միլիոն տարին բաժին է ընկնում հաշմանդամությամբ ապրած, իսկ 275 միլիոնը՝ վաղաժամ մահվան հետևանքով կորսված կյանքի տարիներին։
1990–2021 թվականներին նյարդային հիվանդություններով պայմանավորված ըստ տարիքի ստանդարտացված մահացության ցուցանիշը նվազել է 33.6%-ով, իսկ DALY-ի ցուցանիշը՝ 27%-ով։ Սակայն նույն ժամանակահատվածում բնակչության ծերացման և թվաքանակի աճի հետևանքով նյարդային հիվանդություններով պայմանավորված DALY-ի բացարձակ թիվն աճել է 18.2%-ով, իսկ մահերի թիվը՝ 41.2%-ով։ Սա նշանակում է, որ բժշկությունն այսօր ավելի արդյունավետ է բուժում հիվանդներին, սակայն հիվանդությունների ընդհանուր բեռը շարունակում է աճել՝ պայմանավորված ժողովրդագրական փոփոխություններով։
Վերջին տարիներին կուտակված համաճարակաբանական և կլինիկական տվյալները հիմք են հանդիսացել 21 կլինիկական հանձնարարականների մշակման, որոնցից 10-ն ունեն ապացուցողականության ամենաբարձր մակարդակը։ Առավել արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների շարքում են որակյալ և երկարատև կրթությունը, բարձր ճանաչողական ակտիվությունը, անոթային ռիսկի գործոնների վերահսկումը, դեպրեսիայի բուժումը, շաքարային դիաբետի կանխարգելումը, քրոնիկական սթրեսի նվազեցումը, գանգուղեղային վնասվածքների կանխարգելումը, միջին տարիքում զարկերակային գերճնշման վերահսկումը և տարեցների շրջանում օրթոստատիկ հիպոտենզիայի շտկումը։ Ապացուցողականության բարձր մակարդակ ունեն նաև կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, ծխախոտի օգտագործումից հրաժարումը, բավարար քունը, սիրտանոթային հիվանդությունների արդյունավետ վերահսկումը, մարմնի առողջ քաշի պահպանումը, նախասրտերի ֆիբրիլյացիայի արդյունավետ վերահսկումը և վիտամին C-ի բավարար ընդունումը։
Կանխարգելման կարևոր բաղադրիչ է նաև սննդակարգը։ Ավելի քան 45 000 մասնակցի ընդգրկմամբ իրականացված մետաանալիզը ցույց է տվել, որ B խմբի վիտամինների երկարատև ընդունումը դանդաղեցնում է ճանաչողական ֆունկցիաների վատթարացումը, հատկապես այն անձանց շրջանում, ովքեր հետազոտության սկզբում դեմենցիա չեն ունեցել։ Կարևոր նշանակություն ունի նաև ֆոլատային կարգավիճակը. ֆոլատների անբավարարությունը զգալիորեն մեծացնում է ինչպես ճանաչողական խանգարումների, այնպես էլ դեմենցիայի զարգացման հավանականությունը, մինչդեռ հոմոցիստեինի բարձր մակարդակը գրեթե կրկնապատկում է դեմենցիայի ռիսկը։
Արդյունավետ կանխարգելիչ ռազմավարությունների շարքում առանձնանում են նաև հակաբորբոքային սննդային մոդելները։ Երկարաժամկետ կոհորտային հետազոտությունները հաստատել են միջերկրածովյան, DASH և MIND սննդակարգերի պաշտպանիչ ազդեցությունը, որոնք հիմնված են բանջարեղենի, հատապտուղների, հատիկաընդեղենի, ամբողջահատիկ մթերքների, ձիթապտղի յուղի և օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ սննդամթերքի օգտագործման վրա՝ սահմանափակելով հագեցած ճարպերի և կարմիր մսի օգտագործումը։
Առավել արտահայտված կանխարգելիչ ազդեցություն դիտվում է ոչ թե առանձին միջամտությունների, այլ դրանց համակցման դեպքում։ Սննդակարգի, կանոնավոր ֆիզիկական ակտիվության և ճանաչողական ներգրավվածության համադրությունը զգալիորեն բարձրացնում է ուղեղի պաշտպանական ներուժը։ Ֆիզիկական ակտիվությունն ինքնին կարևոր նեյրոպրոտեկտիվ գործոն է. Միացյալ Թագավորության UK Biobank-ի տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ ցածր ֆիզիկական ակտիվությունը կապված է դեմենցիայի դեպքերի շուրջ 26%-ի հետ, մինչդեռ բարձր մկանային ուժը, լավ կարդիոռեսպիրատոր պատրաստվածությունը և թոքերի նորմալ ֆունկցիոնալ վիճակը ուղեկցվում են դեմենցիայի ռիսկի 27–38% նվազմամբ։
Նյարդային հիվանդությունների գլոբալ բեռի տնտեսական գնահատականները ևս մեկ անգամ ընդգծում են կանխարգելման կարևորությունը։ Ըստ հաշվարկների՝ արդյունավետ կանխարգելիչ ռազմավարությունների լայնածավալ ներդրման դեպքում մինչև 2050 թվականը հնարավոր կլինի տարեկան խնայել ավելի քան 760 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այնուամենայնիվ, կանխարգելման արժեքը սահմանափակված չէ միայն տնտեսական ազդեցությամբ․ այն արտահայտվում է նաև մարդկային կապիտալի պահպանմամբ՝ կրթության, աշխատանքի, ստեղծագործական գործունեության, ընտանեկան և սոցիալական ներգրավվածության հնարավորությունների պահպանման միջոցով։
Ուղեղի առողջության համաշխարհային օրվա ուղերձը ընդգծում է, որ ուղեղի առողջությունը ձևավորվում է ողջ կյանքի ընթացքում՝ առողջ կենսակերպի, կրթության, ժամանակին իրականացվող կանխարգելման և առողջապահական ծառայությունների հավասար հասանելիության միջոցով։ Այս մոտեցմամբ ուղեղի առողջության պահպանումը դիտարկվում է որպես ոչ միայն անհատական, այլև հանրային առողջապահության և հասարակական զարգացման ռազմավարական առաջնահերթություն։