Հարգելի՛ գործընկերներ,
Հրավիրում ենք մասնակցելու առաջիկա 4-րդ միջազգային «Երևանյան սրտանոթային սիմպոզիում»-ին, որը ներառում է նաև հայ-գերմանական համատեղ հանդիպում։
Այն կանցկացվի հոկտեմբերի 1-3-ը՝ ԵՊԲՀ Կարմիր դահլիճում։
Միջոցառումը հավատարմագրված կլինի՝ 20 ՇՄԶ կրեդիտով։
Միջազգային բանախոսների և աշխարհահռչակ փորձագետների մասնակցությամբ` այս միջոցառումը համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի հայ և միջազգային գործընկերների միջև և կծառայի որպես մասնագիտական զարգացման կարևոր հարթակ։
Հանդիպման հիմնական թեման կլինի սրտային անբավարարությունը։
Հատուկ ծրագրային հատվածներից է Երիտասարդ հետազոտողների նիստը, որը նվիրված է հայկական առողջապահության ոլորտում մեծ ներդրում ունեցած, Բոստոնի համալսարանի նախագահ և Բոստոնի համալսարանի բժշկական ֆակուլտետի դեկան, զարկերակային հիպերտենզիայի ոլորտում աշխարհահռչակ փորձագետ Արամ Չոբանյանի հիշատակին: Այս տարի ընտանիքի կողմից սահմանված մրցանակը կշնորհվի ապագա սերնդի սրտաբաններին։
Կանցկացվի նաև հատուկ դասախոսություն՝ աշխարհահռչակ սրտաբան Յուջին Բրաունվալդի հիշատակին։
ԵՊԲՀ-ն, Հայաստանի սրտաբանների ասոցիացիան և Մագդեբուրգի համալսարանական հիվանդանոցի մասնագիտական թիմն այս հանդիպման հիմնական կազմակերպիչ և գործընկեր կառույցներն են՝ իրենց ներկայացուցիչների կողմից նախատեսված բազմաթիվ զեկուցումներով։