Վիեննայում մասնագիտացած հայ պրոֆեսորի դասախոսությունները «Հերացի» հիվանդանոցային համալիրում

Վիեննայում մասնագիտացած հայ պրոֆեսորի դասախոսությունները «Հերացի» հիվանդանոցային համալիրում

ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրի Ռադիոլոգիայի կենտրոնում սեպտեմբերի 4-5-ը տեղի ունեցավ OMI (Open Medical Institute) արբանյակային սիմպոզիումը ծայրամասային նյարդերի առաջադեմ ճառագայթային ախտորոշման (ՈւՁՀ և ՄՌՏ) և ուլտրաձայնային ուղղորդմամբ միջամտությունների վերաբերյալ։

Արբանյակային սիմպոզիումը կազմակերպվել էր OMI (Open Medical Institute) (Ավստրիա) և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրի բժիշկներ Բելլա Գրիգորյանի և Մարինա Ալոյանի կողմից։

Դասախոսությունները կարդաց Վիեննայի բժշկական համալսարանի պրոֆեսոր, նեյրոմկանային (նյարդային և հենաշարժողական) համակարգերի ճշգրիտ պատկերման և ախտորոշման ոլորտում մասնագիտացած բժիշկ-ռադիոլոգ Սուրեն Ենգոյանը։ Պրոֆեսոր Ենգոյանը հետաքրքիր և տեղեկատվական զեկույցներ ներկայացրեց ծայրամասային նյարդերի և ՄՌՏ պատկերման վերաբերյալ նորմալ և ախտաբանական պայմաններում, ինչպես նաև տարբեր սուր և քրոնիկ ցավային համախտանիշների դեպքում ուլտրաձայնային ուղղորդմամբ միջամտությունների վերաբերյալ։

«Բաց բժշկական ինստիտուտը (OMI) կազմակերպում է այսպիսի հանդիպումներ, որտեղ մենք փորձում ենք մեր գիտելիքը տարածել ամբողջ աշխարհում` վայրերում, որտեղ այդ գիտելիքն դեռևս այդքան էլ զարգացած չէ։ OMI-ը գտնվում է Զալցբուրգում և համագործակցում է Նյու Յորքի Վեյլ Քորնելի համալսարանի հետ։ Ես հրավիրվել եմ Հայաստան՝ խոսելու ծայրամասային նյարդերի պատկերման և նվազագույն ինվազիվ բուժումների մասին», – նշեց Սուրեն Ենգոյանը։

Նա մասնագիտացած է նյարդամկանային կմախքային համակարգի` բարձր լուծաչափով ուլտրաձայնային հետազոտության և ՄՌՏ հետազոտության, ինչպես նաև նյարդերի` նվազագույն ինվազիվ բուժման մեջ։

«Դա նշանակում է, որ ուլտրաձայնային ուղղորդմամբ մենք բուժում ենք նյարդեր, շատ փոքր նյարդեր, որոնք շատ ցավ են առաջացնում։

Այսպիսով, դա նաև ցավի կառավարման ճյուղ է։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ ես արտոնագրեցի նոր սարք՝ դաստակային թունելի նվազագույն ինվազիվ բուժման նոր մեթոդի համար։ Դա լուրջ ձեռքբերում է, քանի որ աշխարհի բնակչության մոտ 17%-ը դաստակային թունելի համախտանիշ ունի։ Ինձ բախտ է վիճակվել աշխատել մի ոլորտում, որն ինձ շատ է դուր գալիս։ Այնպես որ սա ինձ համար աշխատանք չէ, այլ նման է հոբբի ունենալուն»», – հավելեց երիտասարդ հայ պրոֆեսորը։

Երկօրյա միջոցառմանը մասնակցում էր շուրջ 50 բժիշկ։

Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ նաև ծայրամասային նյարդերի ուլտրաձայնային պատկերման և ուլտրաձայնային ուղղորդմամբ միջամտությունների վերաբերյալ 2 սեմինար։ Տեղացի բժիշկները ներկայացրին 4 կլինիկական դեպք, որոնց շուրջ ակտիվ քննարկումներ ծավալվեցին։

Հանդիպման ավարտին պրոֆեսոր Ենգոյանի հետ քննարկվեցին հետագա համագործակցության կարևոր ոլորտները։