Ապագա բժիշկների կրթության որակի ապահովմանը զուգահեռ՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում առանցքային են ուսանողակենտրոն քաղաքականությանը, ինչպես նաև առաջադեմ ու սոցիալապես անապահով սովորողների աջակցության ծրագրերը:
ԵՊԲՀ-ում գործող անվանական կրթաթոշակների, ուսման վճարի փոխհատուցման հնարավորությունների, սոցիալական ու առաջադիմության չափանիշների և դիմումների ներկայացման կարգի շուրջ զրուցել ենք ԵՊԲՀ ուսումնամեթոդական վարչության պետ Մարինե Հայրապետյանի հետ:
– Տիկի՛ն Հայրապետյան, ԵՊԲՀ-ում գործում են անվանական կրթաթոշակներ: Որո՞նք են դրանք, ի՞նչ չափանիշներով են տրամադրվում և ո՞ր ուսանողները կարող են հավակնել դրանց: Կա՞ արդյոք տարբերություն՝ ըստ կրթական ծրագրի կամ կուրսի:
-Ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրումն իրականացվում է բուհի Գիտական խորհրդի որոշմամբ հաստատված «Անվանական կրթաթոշակների մասին» կանոնակարգի պահանջներին համապատասխան՝ պարտադիր մրցութային սկզբունքով:
Սահմանված են հետևյալ անվանական կրթաթոշակները.
Անվանական կրթաթոշակների տրամադրման նպատակը ուսման ընթացքում ուսանողների բարձր առաջադիմության և օրինակելի կարգապահության խրախուսումն է:
Օրինակ՝ «Մխիթար Հերացու» անվան կրթաթոշակին հավակնելու համար պահանջվում է գերազանց առաջադիմություն, կարգապահական տույժերի բացակայություն նախորդ ուսումնական տարում, գիտահետազոտական տպագրված հոդվածների առկայություն (հայաստանյան պարբերականներում՝ 0.5-ական միավոր, միջազգային պարբերականներում՝ 1-ական միավոր), օտար լեզվի իմացություն (ստուգվում է համալսարանական քննությամբ), ինչպես նաև համապատասխան կուրսի ուսանողների երաշխավորություն:
Մյուս անվանական կրթաթոշակների չափանիշներին ուսանողները մանրամասն կարող են ծանոթանալ համալսարանի պաշտոնական կայքի «Իրավունք» դարանում տեղադրված կանոնակարգից:
Գործընթացն իրականացվում է հետևյալ կերպ․ ֆակուլտետների դեկանատները մինչև յուրաքանչյուր ուսումնական տարվա մայիս պահանջներին բավարարող ուսանողների տվյալները տրամադրում են ԵՊԲՀ մանդատային հանձնաժողովին: Եզրակացություն ստանալուց հետո փաստաթղթերը փոխանցվում են Գիտական խորհրդի քարտուղարությանը՝ վերջնական որոշում կայացնելու համար:
«Մխիթար Հերացու» անվան կրթաթոշակի չափը սահմանված է ամսական 50.000 դրամ, իսկ մյուս անվանական կրթաթոշակներինը՝ 35.000 դրամ: Բացի այդ, Գիտական խորհրդի որոշմամբ կարող են սահմանվել նաև այլ անվանական կրթաթոշակներ, որոնց մասին տեղեկատվություն է տրամադրվում դեկանատներից:
–Անդրադառնանք ուսման վճարի փոխհատուցմանը: Պետության կողմից ուսման վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում ստանալու հիմքերից են առաջադիմությունը, սոցիալական կարգավիճակը և օրենքով նախատեսված այլ հանգամանքներ: Ո՞ր ուսանողները կարող են օգտվել այս հնարավորությունից, և ի՞նչ պայմաններ պետք է բավարարեն:
– ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանվում են պետության կողմից ուսանողներին ուսման վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցման (նպաստի ձևով) և պետական կրթաթոշակի տրամադրման հիմքերն ու չափերը:
–Բացի պետական աջակցությունից, ԵՊԲՀ-ն ևս իր միջոցների հաշվին տրամադրում է ուսման վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում: Ի՞նչ հիմքերով է համալսարանը հատկացնում նման զեղչեր, և ո՞վ կարող է օգտվել դրանցից:
-Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բարձրագույն կրթության ուսանողների ուսման վճարի փոխհատուցման պայմանները սահմանված են Գիտական խորհրդի կողմից հաստատված «Ուսման վճարի փոխհատուցման մասին» կանոնակարգով:
Համալսարանի սեփական միջոցների հաշվին զեղչեր են տրամադրվում սոցիալական կարգավիճակի հիմքով, մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին, ինչպես նաև ԵՊԲՀ աշխատակիցների երեխա հանդիսացող ուսանողներին:
–Բարձր առաջադիմության դեպքում ուսանողը ե՞րբ և ինչպե՞ս կարող է հավակնել ուսման վճարի փոխհատուցման: Ի՞նչ չափանիշներ են գործում, և արդյո՞ք փոխհատուցման չափը կախված է առաջադիմության մակարդակից:
-Ընդունելության կարգով անվճար համակարգ ընդունված ուսանողներին տրամադրվում է ուսման վճարի ամբողջական փոխհատուցում: Առաջին ուսումնական տարվա ավարտին այդ տեղերը ենթակա են փոխատեղման՝ մրցութային սկզբունքով:
Երկրորդ և հաջորդող կուրսերում ուսման վճարի ամբողջական փոխհատուցումը (անվճար ուսուցումը) շարունակվում է տրամադրվել տվյալ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին:
Նշեմ նաև, որ ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման համաձայն՝ պետական կրթաթոշակ ներկայումս ստանում են միայն 1-ին կուրս ընդունված երկկողմանի ծնողազուրկ, ինչպես նաև ֆունկցիոնալության ծանր ու խորը սահմանափակում ունեցող (մանկուց հաշմանդամություն կամ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող) ուսանողները:
–Սոցիալական հիմքով ուսման վճարի փոխհատուցման դեպքում ո՞ր խմբերում ընդգրկված ուսանողները կարող են դիմել:
-Սոցիալական կարգավիճակի հիմքով համալսարանը տրամադրում է ուսման վճարի մասնակի զեղչեր վճարովի համակարգում սովորող հետևյալ ուսանողներին.
–Առանձին անդրադառնանք ԵՊԲՀ-ի աշխատակիցների երեխաների համար նախատեսված արտոնություններին: Ի՞նչ պայմաններ և սահմանափակումներ են գործում այս պարագայում:
-Համալսարանի աշխատակիցների մինչև 25 տարեկան ուսանող-երեխաների համար նախատեսված է ուսման վճարի փոխհատուցում ԵՊԲՀ միջոցներից, եթե ուսանողը հաղթահարել է ՄՈԳ-ի 70% շեմը: Զեղչի չափը կախված է ծնողի աշխատանքային ստաժից.
– Կարո՞ղ եք ներկայացնել ընդհանուր վիճակագրություն․ քանի՞ ուսանող է ներկայում օգտվում ուսման վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցումից:
-2025-2026 ուսումնական տարում ԵՊԲՀ սեփական միջոցների հաշվին սոցիալական հիմքով ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում է տրամադրվել 488 ուսանողի:
ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցում է ստացել 210 ուսանող: Ինչ վերաբերում է առաջադիմության հիմքով (փոխատեղման մրցութային սկզբունքով) պետական միջոցներից փոխհատուցմանը, ապա այն հատկացվել է 353 ուսանողի:
Հարկ է նշել, որ պետությունն ընդունելության անվճար տեղերի գերակշիռ մասը հատկացնում է նպատակային տեղերին՝ ապագայում ՀՀ մարզերում բժշկական կադրերի համալրումն ապահովելու նպատակով:
–Ե՞րբ և ինչպե՞ս պետք է ուսանողները ներկայացնեն դիմումները, որոնք են հիմնական ժամկետները:
-Ուսանողների դիմումներն ընդունվում են տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի մեկնարկին հաջորդող 4 շաբաթվա ընթացքում:
Առաջին կուրսի ուսանողները ԵՊԲՀ-ի կողմից տրամադրվող զեղչերի համար դիմում են 2-րդ կիսամյակում՝ 1-ին կիսամյակի ՄՈԳ-ի արդյունքների հիման վրա (եթե տվյալ զեղչի համար ՄՈԳ-ի առկայությունը պարտադիր է):
Ուսանողը ներկայացնում է դիմում՝ ռեկտորի անունով, անձը հաստատող փաստաթուղթ, ՄՈԳ-ի վերաբերյալ տեղեկանք (դեկանատից) և տվյալ արտոնությունը հաստատող համապատասխան փաստաթղթերը:
–Որտե՞ղ և ինչպե՞ս կարող են ներկայացնել փաստաթղթերը: Հնարավո՞ր է արդյոք դիմել առցանց:
-Դիմումատուները (սոցիալական, զինվորական, աշխատակիցների երեխա հանդիսանալու և այլ հիմքերով) դիմումի հետ մեկտեղ ներկայացնում են անձնագիրը (կամ նույնականացման քարտը), հանրային ծառայությունների համարանիշը (սոցքարտ) և դրանց պատճենները, ինչպես նաև կարգավիճակը հաստատող փաստաթղթերը:
Փաստաթղթերի բնօրինակները տեղում համադրվում են պատճենների հետ և վերադարձվում ուսանողին, իսկ պատճենների վրա ուսանողը կատարում է «Բնօրինակի հետ ճիշտ է» գրառումը:
Փաստաթղթերն ընդունվում են համապատասխան ֆակուլտետի դեկանատում, ստուգվում և փոխանցվում են համալսարանի Ընդհանուր բաժին: Առցանց տարբերակ նախատեսված չէ, քանի որ բնօրինակների հետ տեղում ճշտում կատարելը պարտադիր պահանջ է: Պահանջվող փաստաթղթերի ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ պաշտոնական կայքի ysmu.am «Իրավունք» դարանում:
–Եթե ուսանողը միաժամանակ համապատասխանում է փոխհատուցման կամ կրթաթոշակի մի քանի հիմքի, ինչպե՞ս է կարգավորվում այդ հարցը: Գործո՞ւմ են սահմանափակումներ:
-Կանոնակարգով և իրավական ակտերով սահմանված է, որ մեկից ավելի արտոնությունների հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել միայն մեկից, որի դեպքում կիրառվում է սահմանված առավելագույն զեղչի չափը:
– Ի՞նչ խորհուրդ կտաք ուսանողներին, հատկապես առաջին կուրսեցիներին․ ո՞ւմ դիմեն և որտե՞ղ ծանոթանան տեղեկատվությանը:
-Համապատասխան ֆակուլտետների դեկանատները ուսումնաարտադրական խորհրդակցությունների ընթացքում միշտ քննարկում են ուսանողների փոխհատուցումներին վերաբերող հարցերը, իսկ հայտարարությունները փակցվում են դեկանատներին կից ցուցատախտակներին:
Լրացուցիչ հարցերի դեպքում ուսանողները կարող են անձամբ դիմել իրենց ֆակուլտետի դեկանատ կամ ուսումնամեթոդական վարչություն:
– Որպես ամփոփում՝ ներկայացրեք Ուսումնամեթոդական վարչության ընդհանուր գործառույթներն ու կառուցվածքը: Ի՞նչ առանցքային աշխատանքներ են իրականացվում Ձեր գլխավորած վարչության կողմից:
-Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի անմիջական համակարգմամբ աշխատանքներն իրականացնող Ուսումնամեթոդական վարչության կազմում ընդգրկված է չորս բաժին՝ Կրթական ծրագրերի, Ուսումնակազմակերպական, Օտարերկրացիների նախապատրաստական ուսուցման և Դասախոսների որակավորման բարձրացման:
Վարչության գործառույթները բազմազան են ու ծավալուն․
Բացի այդ, վարչությունը համակարգում է ուսման վարձերի փոխհատուցման ողջ գործընթացը, վերահսկում է ուսանողների շարժը (ընդունելություն, ազատում, հեռացում, վերականգնում, ակադեմիական շարժունություն), պատրաստում է ամփոփիչ ատեստավորման քննությունների փաստաթղթերը, ապահովում է քննական տեղեկագրերի ընդունումն ու արխիվացումը, ինչպես նաև վարում և օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանում է ուսանողների անձնական գործերը ողջ ուսումնառության ընթացքում:
Հարցազրույցը` Ինգա Մարտինյանի
Լուսանկարները` Մարի Գալստյանի