Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 14-ին կայացավ «Լանցետ» (LanZzete) միջազգային վիրաբուժական պլատֆորմի աշխատաժողովը։
Ներկայացուցչական կոնֆերանսի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու ծրագրի շրջանակում գործող վիրաբուժության բոլոր բաժանմունքներին և դրանց աշխատանքին։
Գործնական հատվածի ընթացքում մասնակիցներն աշխատեցին վիրաբուժական սարքավորումներով և ձեռք բերեցին նոր պրակտիկ գիտելիք։
Թիրախային լսարանն Ընդհանուր բժշկության և Ստոմատոլոգիական ֆակուլտետի 4-5-րդ կուրսերի ուսանողներն էին:
Աշխատաժողովի բանախոս, ապագա անոթային վիրաբույժ Բելլա Սարումյանի խոսքով` այս անգամ նախատեսված էր «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի ներկայացուցչական կոնֆերանս, որտեղ արտացոլվեց յուրաքանչյուր բաժանմունքի գործունեությունը, իսկ վիրաբուժական պրակտիկ հատվածում ամեն բաժանմունք ուներ առանձին հատված, որտեղ մասնակիցները սովորեցին տվյալ բաժանմունքին բնորոշ մասնագիտական հմտությունները:
«Աշխատեցին, օրինակ, անոթային պրոթեզների վրա, լապարասկոպներով, անեսթեզիայի հատուկ ապարատներով», – մանրամասնեց Բելլա Սարումյանը: Այս անգամվա կոնֆերանսի առանձնահատկությունն, ըստ նրա, առավելագույն կերպով պրակտիկ լինելն էր: Ծրագրի շրջանավարտները ևս աշխատանքային հանդիպման շրջանակում եկել էին աջակցելու գործնական հատվածում:
Աշխատաժողովին մասնակցելու համար գրանցվել էր շուրջ 150 մասնակից, այդ թվում` հայերենին տիրապետող արտասահմանցի ուսանողները:
Ապագա ստոմատոլոգ-օրթոդոնտ, կոնֆերանսի բանախոս Անուշ Եսայանի խոսքով` ստոմատոլոգիական բաժանմունքն առաջին անգամ է մասնակցում «Լանցետ» հարթակի կոնֆերանսին:
«Կարևոր է, որպեսզի բոլորին հասանելի լինեն այն առավելությունները և հնարավորությունները, որոնք տալիս է ծրագիրը: Ինձ` որպես օրթոդոնտ օրդինատոր, որն արդեն 2-րդ տարին է օրթոդոնտիկ բաժանմունքի անդամ, ավելի կարևոր է, քանի որ ես ինքս կուզենայի ուսանողական տարիներին իմ կողքին ունենալ ավագ ընկեր, որն ինձ ուղղություն կտար` ոչ դյուրին ճանապարհն ավելի հեշտ անցնելու համար», – հավելեց Անուշ Եսայանը:
Աշխատաժողովի տեսական հատվածի ընթացքում քննարկված թեմաներն էին աբդոմինալ վիրաբուժության բաժանմունքի գործունեությունը, թորակալ վիրաբուժության զարգացումը. դասական մոտեցումներից դեպի նորարարություն, միկրովիրաբուժությունը, անոթային վիրաբուժությունը, վնասվածքաբանության բաժանմունքի գործունեությունը, անեսթեզիան, բուժման միջդիսցիպլինար մոտեցումը ստոմատոլոգիայում, օպերատիվ գինեկոլոգիական բաժանմունքի գործունեությունը: