Վերջերս Կամբոջայի իշխանությունները հայտնեցին, որ Պրեյ Վենգ նահանգում 11-ամյա աղջիկ մահացել է H5N1 վիրուսից, որն ավելի հայտնի է, որպես «թռչնագրիպ»: Զուգահեռաբար, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ մարդկանց մոտ թռչնագրիպի աճող դեպքերը անհանգստացնող են։
Կազմակերպության ներկայացուցիչ Սիլվի Բրիանդի խոսքով, առայժմ պարզ չէ, վարակը փոխանվել է մարդուց մարդու, թե կենդանուց մարդուն:
Այնուամենայնիվ, մասնագետը գտնում է, որ H5N1 վիրուսով պայմանավորված իրավիճակը մտահոգիչ է՝ հաշվի առնելով վարակի լայն տարածումը թռչունների շրջանում և մարդկանց մոտ գրանցված դեպքերի մասին աճող հաղորդումները:
ԱՀԿ տվյալների համաձայն, 2023 թվականի փետրվարի 23-ի դրությամբ ամբողջ աշխարհում գրանցվել է թռչնագրիպի A(H5N1) վիրուսով մարդկանց վարակման 870 դեպք, որոնցից 458-ը՝ մահացու ելքով:
Այնուամենայնիվ, 2021 թվականի սկզբից գրանցվել է ընդամենը 6 հիվանդության և 2 մահվան դեպք:
Քեմբրիջի համալսարանի անասնաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ջեյմս Վուդնը ասում է, որ չնայած թռչունների շրջանում ընթացող համաճարակին, մարդկանց մոտ դեպքերի կամ մահերի կտրուկ աճի նշաններ չկան:
«Թեև Կամբոջայի դեպքը ողբերգական է, սակայն մեկ դեպքը ինքնին չի ազդարարում, որ գլոբալ իրավիճակը հանկարծակի փոխվել է», – հավելում է մասնագետը:
Նոթինգհեմի համալսարանի մոլեկուլային վիրուսաբանության պրոֆեսոր Ջոնաթան Բոլն ավելացնում է, որ մարդուց մարդուն փոխանցման հավանականությունը շատ ցածր է, բայց կարևոր է վերահսկել գրիպի շրջանառությունը թռչունների և կաթնասունների պոպուլյացիաներում և անել հնարավոր ամեն ինչ՝ դեպքերի թիվը նվազեցնելու համար:
Համաձայն Եվրոպական Միության հիվանդությունների կանխարգելման կենտրոնի՝ ԵՄ երկրներում զոոնոզային գրիպի տարածման ռիսկը հանրության շրջանում մնում է ցածր:
Վարակված թռչունների կամ աղտոտված միջավայրի հետ անմիջական շփումը վարակի ամենահավանական աղբյուրն է և անձնական պաշտպանության միջոցների օգտագործումը այն մարդկանց կողմից, որոնք շփվում են թռչունների հետ, նվազագույնի կհասցվի վարակվելու հավանականությունը: