Բժշկական բուհը` ի դեմս ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի, հյուրընկալեց Խորվաթիայի Հանրապետության առողջապահության նախարար Իրենա Հրստիչի գլխավորած պատվիրակությանը:
«Մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ բժշկական համալսարանում: Ես և գործընկերներս ներկայացնում ենք մեր մեկդարյա համալսարանը: Ձեր այսօրվա այցը համընկել է մեր երկրում մեծ և բեկումնային փոփոխությունների` առողջապահության համընդհանուր ապահովագրության մեկ տարվա մեկնարկի հետ: Դեռևս երեք ամիս կա, որ ամփոփենք տարին, սակայն դժվար է պատկերացնել, որ նախկինում այս համակարգից դուրս ենք աշխատել»,– ասաց ԵՊԲՀ ռեկտորը:
Հաջորդիվ ռեկտորը ներկայացրեց համալսարանի կառուցվածքն ու հզորությունները: 100 տարվա պատմություն ունեցող կրթական հաստատությունը վերջին 35-ից 40 տարում նաև արտահանում է կրթությունը: Շուրջ 2000 ուսանող 34 երկրից այս պահին բժշկական կրթություն է ստանում այստեղ: Տարեցտարի ավելանում է արտասահմանցի ուսանողների թիվը, ավելանում է մրցակցությունը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում, ինչը պայմանավորված է բժշկական համալսարանի մրջազգային ճանաչման հետ:
Վեց ֆակուլտետներից ամենամեծը Ընդհանուր բժշկության ֆակուլտետն է:
Ռեկտորն անդարադարձավ նաև համալսարանական երեք հիվանդանոցի գործունեությանը: Երևանի կենտրոնում տեղակայված «Հերացի» հիվանդանոցի մասին խոսելիս նա նկատեց, որ այն պատմությամբ ավելի հին է, քան բժշկական բուհը: «Մուրացան» մանկական հիվանդանոցում զարկ է տրված մանկաբուժության զարգացմանը, նոր կրթական ծրագրերի իրականացմանը, իսկ «Միքայելյան» հիվանդանոցին անդրադառնալիս ընդգծեց, որ օրական առավոտյան ժամը 06:00-ից այստեղ կատարվում է ոչ պակաս քան 100 էնդոսկոպիկ միջամտություն:
Շեշտելով, որ պատիվ կլինի նախարարի անձնական և գործընկերների ներկայությունը՝ ռեկտորը փոխանցեց նախարարին Բժշկական համաշխարհային Հայաստանյան կոնգրես 2027-ին (AMWC2027) մասնակցելու պաշտոնական հրավեր:
Խորվաթիայի առողջապահության նախարար Իրենա Հրստիչը, շնորհակալություն հայտնելով հաջորդ տարվա հուլիսին Երևանում կայանալիք այս կարևոր միջոցառմանը իրեն ուղղված հրավերի համար, տեղեկացրեց, որ երեկ մասնակցել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխման իրականացմանը» «Թվինինգ» ծրագրի պաշտոնական մեկնարկին, հանդիպում ունեցել պատասխանատու գերատեսչության ղեկավարի ու ներկայացուցիչների հետ: Այս ծրագրի նպատակն է աջակցել մեր երկրում առողջության համընդհանուր ապահովագրության արդյունավետ իրականացմանը:
«Ինձ համար պատիվ է այստեղ գտնվելը` ելնելով այն ավանդույթներից և բժշկական կրթության որակից, որն ապահովում եք»,– ողջունելով բոլորին՝ ասաց Իրենա Հրստիչը` հետաքրքրվելով հատկապես Ռազմաբժշկական ֆակուլտետի գործունեությամբ ու կարգավիճակով:
Նա նշեց, որ իրենք բաց են համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման գործում:
Հանդիպման ավարտին արտերկրից ժամանած հյուրին ռեկտորը նվիրեց ««Ոսկե հատման» սկզբունքը արվեստում, կենսաբանության և բժշկության մեջ» իր համահեղինակությամբ գրված գրքի անգլերեն օրինակը:
ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում շրջայցին հաջորդեց Գագիկ Պիվազյանի անվան 5-րդ լսարանում հրավիրված «Առողջապահության համաշխարհային միտումները. Խորվաթիայի փորձը» խորագրով դասախոսությանը, որը վարեց Խորվաթիայի առողջապահության նախարար, դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Իրենա Հրստիչը: Ներկայացնելով դասախոսին` ռեկտորը տեղեկացրեց լսարանին, որ այսօր ունեցան կարճ, բայց բովանդակալից զրույց:
Նա հանդիսավորությամբ Իրենա Հրստիչին հանձնեց ԵՊԲՀ այցելու պրոֆեսորի կոչման հավաստագիրը, որպեսզի նա մշտապես հնարավորություն ունենա գործակցել բժշկական համալսարանի հետ մասնագիտական շրջանակում:
Դոկտոր Իրենա Հրստիչն ունի կլինիկական փորձառություն, ինչպես նաև բժշկական կրթության, հիվանդանոցային կառավարման և առողջապահական քաղաքականության մշակման հարուստ փորձ:
Ավարտելով Զագրեբի համալսարանի բժշկական ֆակուլտետը՝ նա մասնագիտացել է ներքին հիվանդությունների և գաստրոէնտերոլոգիայի ոլորտում: Վերապատրաստվել է Ամստերդամի, Տորոնտոյի և Հանովերի առաջատար բժշկական կենտրոններում: Եղել է Պուլայի գլխավոր հիվանդանոցի տնօրենը, իսկ 2024 թ. դեկտեմբերից զբաղեցնում է Խորվաթիայի առողջապահության նախարարի պաշտոնը:
Պրոֆեսորադասախոսական կազմին, բժիշկներին, հետբուհական կրթություն ստացողներին և ուսանողներին դասախոսության ընթացքում նա պատմեց առողջապահության ոլորտը ձևափոխող համաշխարհային մարտահրավերների մասին, այդ թվում անդրադարձավ բնակչության ծերացմանը և քրոնիկ հիվանդությունների աճին, բժշկական կադրերի վրա ճնշումներին և կլիմայական ռիսկերին, թվային առողջապահության և արհեստական բանականության (AI) դերին, դիմակայուն, արդարացի և պացիենտակենտրոն առողջապահական համակարգերի կառուցմանը:
«Լավագույն գովազդը պացիենտից պացիենտին հաղորդակցությունն է» ,- խոսելով առողջապահական ծրագրերի մասին՝ նկատեց Խորվաթիայի առողջապահական համակարգի ղեկավարը:
Դահլիճում ներկաները հարցեր հղեցին բանախոսին տարբեր մասնագիտական թեմաների շուրջ: Առողջ ապրելակերպին վերաբերող հարցին ի պատասխան նախարարը վստահեցրեց, որ ֆիզիկական ակտիվության զարգացումը բնակչության շրջանում, վստահաբար, կտա արդյունքներ:
Իրենց երկրի առողջապահական առաջնահերթությունները թվելիս նա մատնանշեց մարդկանց և հասանելիության կարևոր գործոնը` առողջապահության մասնագետների, առաջնային բուժօգնության և սպասման ժամանակի կառավարման տեսակետից։ Կանխարգելումը և դրա արդյունքները նույնպես առաջնահերություններից են` վաղ ախտորոշման և հուսալի, երկարաժամկետ բուժման առումով։ Վստահություն և հոգեկան առողջություն՝ առաջնահերթության երրորդ բաղադրիչն է։
Դասախոսության ավարտին Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը բոլորի անունից շնորհակալություն հայտնեց դասախոսական նյութը հետաքրքիր ներկայացնելու, հանդիպման այս առիթի համար: