Բժշկական համալսարանը հյուրընկալեց Չեխիայի խորհրդարանի Սենատի անդամներին

Բժշկական համալսարանը հյուրընկալեց Չեխիայի խորհրդարանի Սենատի անդամներին

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հյուրընկալեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի պատվիրակությանը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հակիրճ ներկայացրեց բժշկական համալսարանը և բուհի ծավալած գործունեությունը:

«Երևանի պետական բժշկական համալսարանը կազմված է 6 ֆակուլտետից, ներառում է ավագ դպրոց, քոլեջ և 3 հիվանդանոց: Համալսարանն ունի շուրջ 100 տարվա պատմություն: 2 տարի առաջ ամբողջովին միջազգայնորեն հավատարմագրվեցին մեր ամենամեծ ֆակուլտետի «Բուժական գործ» կրթական ծրագրերը: Մեզ մոտ սովորում է շուրջ 8000 ուսանող, որից ավելի քան 2000-ը միայն արտասահմանցիներ են այս պահին մոտ 40 երկրից: Մեր ուսանողները, ռեզիդենտները և ամբիոնական աշխատակիցներն իրականացնում են և՛ դասախոսական, և՛ բուժական, և՛ գիտական գործունեություն», – շեշտեց բուհի ղեկավարը:

Նա հույս հայտնեց, որ 2027 թվականի հուլիսին կայանալիք Բժշկական համաշխարհային Հայաստանյան կոնգրեսին (AMWC-2027), որը տեղի կունենա բժշկական համալսարանում, կմասնակցեն նաև Չեխիայից մեծ քանակությամբ բժիշկներ, ինչպես ազգությամբ հայ, այնպես էլ այլ ազգեր ներկայացնող:

«Սպասում ենք հազարավոր մասնակիցներ: Իհարկե, շեշտադրումը լինելու է մեր շրջանավարտների վրա, որոնք, համոզված եմ, նաև Չեխիայում են մասնագիտական գործունեություն ծավալում», – նշեց նա:

Ռեկտորը հյուրերին փոխանցեց կոնգրեսին մասնակցելու պաշտոնական հրավերը` ակնկալելով չեխ գործընկերների մասնակցությունը բժշկագիտական համայնքի համար կարևորագույն միջոցառմանը:

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լումիր Կանտորը, որը մասնագիտացած է մանկաբուժության, նեոնատոլոգիայի և սրտաբանության ոլորտներում, նկատեց, որ առաջին իսկ պահից իրենք զգում են Հայաստանի հյուրընկալությունը:

«Ինչպես գիտեք, ես կրթությամբ բժիշկ եմ, աշխատում եմ Չեխիայի Օլոմոուցի հիվանդանոցում, որը երկրի երկրորդ ամենահին հիվանդանոցն է, հիմնվել է 16-րդ դարում: Պալացկի համալսարանում ունենք մոտավորապես 20 հազար ուսանող: Մեր համալսարանն  ունի 6 տարբեր ֆակուլտետ, հիմնական ֆակուլտետը հենց բժշկականն է», – ներկայացրեց չեխ պատգամավորը:

Համալսարանի ղեկավարի անունից նա ողջույններ փոխանցեց ռեկտորին` պատրաստակամություն հայտնելով համագործակցել տարբեր ոլորտներում, մասնագիտական կապեր հաստատել և փորձի փոխանակում իրականացնել:

«Ինձ համար շատ կարևոր է տեսնել այնպիսի մեծ հաստատություն, ինչպիսին բժշկական համալսարանն է, որովհետև Չեխիայում այսպիսի մեծ բժշկական կրթական հաստատություն չկա. կան տարբեր համալսարաններ, որոնք ունեն բժշկական ֆակուլտետներ», – նշեց Լումիր Կանտորը:

ԵՊԲՀ ռեկտորը ևս պատրաստակամություն հայտնեց զարգացնելու բազմակողմանի համագործակցությունը ուսումնական, կլինիկական և գիտական ոլորտներում:

«Մեզ հետաքրքիր կլինի նաև ձեր փորձը առողջապահական համակարգի ֆինանսավորման, իրավական հարցերի, պրոֆիլակտիկայի և վերականգնողական բուժման վերաբերյալ: Մենք այստեղ ևս ունենք մեծ հաջողություններ. ձևավորել ենք «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը», – տեղեկացրեց Արմեն Մուրադյանը:

Աշխատանքային հանդիպման շրջանակում հյուրերը` Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի ուղեկցությամբ, շրջայց կատարեցին բժշկական բուհի «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների կենտրոնում և ծանոթացան տարածաշրջանում առաջատար հաստատության տեխնոլոգիական հնարավորություններին:

Պատվիրակության կազմում էին նաև Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի անդամ, Օստրավա-Յիհի քաղաքային շրջանի քաղաքապետ Մարտին Բեդնարժը և Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը: