Ուսումնական գործընթացի առաջընթացը և խնդիրները ծրագրային հավատարմագրումների նախապատրաստման և իրականացման ժամանակահատվածում

Ուսումնական գործընթացի առաջընթացը և խնդիրները ծրագրային հավատարմագրումների նախապատրաստման և իրականացման ժամանակահատվածում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նոյեմբերի 5-ին անցկացված Գիտական խորհրդի նիստի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին օրեր առաջ կյանքից հեռացած Ախտաֆիզիոլոգիայի պրոֆեսոր Գրիզելդա Նավասարդյանի հիշատակը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շեշտեց, որ պրոֆեսոր Նավասարդյանը բազմամյա սիրված դասախոս էր, ականավոր գիտնական, ում հիշատակը վառ կմնա բժշկական բուհում, կրտսեր կոլեգաների ու շրջանավարտների սրտում:

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանի տարեկան հաշվետվությունն էր նիստի հիմնական հարցը:

«Վերջին տասնամյակներում բժշկական կրթությունը, պայմանավորված բժշկագիտության արագ առաջընթացով, ենթարկվում է դինամիկ փոփոխության՝ դրանից բխող տարբեր խնդիրներով, ռիսկերի գնահատմամբ և անհրաժեշտ լուծումների մշակմամբ: Այս պայմաններում ակադեմիական ծանր շարժվող մեքենայի և վերևում ասված իրականության միջև հաճախ առաջանում է ճեղքվածք, ինչի հարթումը հնարավոր է միայն ու միայն կրթության կազմակերպման նորագույն գործիքակազմերի և նոր մեթոդաբանության կիրառման միջոցով: Այս իմաստով համալսարանի վերջին 5-6 տարիները դարձան նման փոփոխությունների ներդրման արդյունավետ տարիներ, ինչի արդյունքում 2024թ-ին «Բուժական գործ» կրթական ծրագիրը ստացավ միջազգային հավատարմագրում՝ 7 տարի առավելագույն ժամանակահատվածով: Նշեմ, որ 2026թ.-ին մենք հաջողությամբ հաղթահարեցինք նաև այդ գործընթացի մոնիթորինգի փուլը»,- ելույթի մեկնարկին հայտնեց պրոֆեսոր Ավետիսյանը, ում փոխանցմամբ` այս տարվա հունիսին «Ստոմատոլոգիա», «Ֆարմացիա» և «Հանրային առողջություն» կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման համար համալսարանը դիմել է Գերմանիայի AQAS հավատարմագրման գործակալությանը և սեպտեմբերին տեղի ունեցավ 2 կրթական ծրագրերի համար միջազգային փորձագետների հանձնաժողովի այցը:

2026թ. հուլիսին համալսարանը ՀՀ Որակի ապահովման ազգային կառույցին դիմեց ենթակառուցվածքային հավատարմագրման հայցով, որովհետև 2026թ. դեկտեմբերին ավարտվում է ինստիտուցիոնալ նախկին հավատարմագրման վերջին՝ 6-րդ տարին: Եթե համալսարանը հաջողի նաև ենթակառուցվածքային հավատարմագրումը՝ նոյեմբերի 9-ից 12-ը նշանակված փորձագիտական այցի շրջանակում, ինչպես նաև միջազգային փորձագետների ընդգրկմամբ «Հանրային առողջության» կրթական ծրագիրի՝ դեկտեմբերին կայանալիք փորձագիտական այցի դրական ելքը, ապա 2027թ.-ի հունվարին մենք կունենանք ենթակառուցվածքային հավատարմագրում ունեցող համալսարան, որն այլևս կիրականացնի միջազգային հավատարմագրում ունեցող 4 կրթական ծրագիր (բոլոր ծրագրերը): 

Պրոֆեսոր Ավետիսյանը խոսեց այդ գործընթացներին ընդառաջ անցած ճանապարհի, ուսումնական պրոցեսի վարման քաղաքականության մասին, ինրպես նաև անդրադարձավ այն  ռիսկերին, խնդիրներին և դրանք լուծելու գործիքներն ու մեթոդաբանությունը:

Նոր մոտեցումներին անդրադառնալով, նա նկատեց, որ բավական արագ դրական արդյունք ապահովածներից պետք է առանձնացնել OSCE-ի կիրառումը, քանի որ այս գործիքները արտասահմանյան բուհերի ուսումնական գործընթացում հաճախ կիրառվողներից են, մենք ստեղծեցինք աշխատանքային խումբ, որը, դրսում վերապատրաստում անցնելուց հետո, համալսարանում իրականացրեց համապատասխան դասընթացներ, և մենք այսօր ունենք արդեն 10 ամբիոն, որտեղ որպես գիտելիքի գնահատման բաղադրիչ 20-30% համամասնությամբ օգտագործվում է VOSCE-ն: Գործիքը ստուգում է ուսանողի կլինիկական մտածելակերպը՝ օգտագործելով նաև տեսալսողական միջոցներ՝ ալգորիթմիկ մտածողության, ախտորոշման և բուժական տակտիկայի ընտրման գնահատմամբ:

Գործիքի կիրառման մասին իրենց դրական կարծիքը հայտնել են նաև ուսանողները՝ որակի կենտրոնի կողմից այս հարցի վերաբերյալ իրականացված հարցումներում:

Ինչ վերաբերում է կրթական մյուս 2 ծրագրին, այստեղ նույնպես վերջին 2 տարում իրականացվել են ուսումնական պլանների արմատական փոփոխություններ՝ ուսումնասիրելով և գործող ծրագրերը բենչմարքինգի ենթարկելով տասնյակից ավելի արտասահմանյան համանման կրթական ծրագրերի հետ, ինչպես նաև հաշվի առնելով ներքին և արտաքին շահակիցների կողմից արված բազմաթիվ առաջարկները:  Եվ, քանի որ կար որոշակի փորձ (հատկապես տեսական բժշկության ամբիոններում), փոփոխությունների գործընթացն այստեղ ընթացավ ավելի քիչ բարդություններով, նաև պայմանավորված ինքնավերլուծությունը կազմող այն 2 խմբերով, որոնք ամենօրյա քրտնաջան աշխատանքով կարողացան ապահովել ակնկալվող դրական արդյունքները: Շնորհակալություն նրանց շատ կարևոր գործի արդյունավետությունն ապահովելու համար: Նշված 2 կրթական ծրագրում նույնպես մասնակի կիրառվեց մոդուլային ձևաչափը, կրկնակի, որոշ դեպքերում նաև քառակի անգամ ավելացվեց գործնական բաղադրիչի տեսակարար կշիռը»,- նկատեց պրոռեկտորը:   Այս ամենը ենթադրում էր նաև ենթակառուցվածքային և նյութատեխնիկական բազայի փոփոխություններ, ինչը և իրականացվեց:

Այսպես. օրինակ «Միքայելյան» համալսարանական  հիվանդանոցի բազայում շուրջ 1500քմ տարածքով կառուցվեց և կահավորվեց ստոմատոլոգիական 2-րդ սիմուլյացիոն կենտրոնը, որը մեզ հնարավորություն կտա 2-3 տարի հետո մասնագիտական ամբիոններում  գործնական բաղադրիչի տեսակարար կշիռը հասցնել 50%-ի: Ձեռք բերվեցին 132 սիմուլյատորներ և պահանջվող այլ միջոցներ:

Այնուամենայնիվ նրա դիտարկմամբ` անելիքները կրթական ծրագրերի վերջնարդյունքների ապահովման որակական ցուցանիշների բարելավման ուղղությամբ դեռևս շատ են, հատկապես նախակլինիկական և կլինիկական առարկաների միջև կապերի ներդաշնակության, ինտեգրման ու մշտադիտարկման տեսանկյունից:

Հավատարմագրումներն առաջադրում են նոր, ավելի խիստ պահանջներ՝ հատկապես որակի ապահովման դաշտում:

 «Ստոմատոլոգիա» և «Ֆարմացիա» կրթական ծրագրերի հավատարմագրմանն ընդառաջ լուրջ փոփոխությունների են ենթարկվել դրանց ուսումնական պլանները, որտեղ ձևավորած մոդուլների դասավանդման և գնահատման մեթոդաբանությունը ենթադրում է ամենօրյա հսկողություն՝ առաջացած խնդիրների արագ լուծման նկատառումներից ելնելով:

Հիմնական զեկուցողն ընդգծեց, որ ժամանակակից բժշկությունն անհնար է պատկերացնել առանց արհեստական բանականության գործիքի օգտագործման: Հասկանալի է, որ այն պետք է հիմնովին ներառվի նաև ուսումնական գործընթացում և՛ գործիքի անմիջական տիրապետման ու օգտագործման, և՛, որ ոչ պակաս կարևոր է, պացիենտ-բժիշկ-արհեստական բանականություն փոխհարաբերությունների բավական դժվար ու անսովոր գործառույթի նրբություններին ուսանողներին ծանոթացնելու տեսանկյունից: 

Մի քանի տարի է «Doctor LEX» հարթակը, գեներացված բժշկական դեպքերի շատ մեծ (մինչև 1 մլն) բանկով ներդրվել է կլինիկական 9 ամբիոնում, որոնցից, սակայն, դեռևս մեկն է (գաստրոէնտերոլոգիա ամբիոնը) գործիքն օգտագործում բազմաբաղադրիչ համակարգում՝ դրա համար առանձնացնելով որոշակի չափաբաժին նաև գնահատման սանդղակում: Կարծում եմ, որ այս ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվացնել:

Թվային տեխնոլոգիայի՝ մեր կողմից կիրառվող գործիքներին պետք է ավելացվեն նորերը ինչպես տեսական, այնպես էլ կլինիկական ամբիոններում: Այս ուղղությամբ առաջին քայլերն արվել են. 9 դասախոս 2 ծրագրի շրջանակներում մասնակցել է եվրոպական թրեյնինգների, և հաջորդ ամսվանից սկսած՝ նրանց կողմից դասախոսական կազմի համար կկազմակերպվեն տարբեր թեմաներով դասընթացներ, ինչի արդյունքում դասավանդման և, ինչու ոչ, նաև գնահատման համակարգում կօգտագործվեն թվային նոր տեխնոլոգիաներ:

Ինչպիսի՞ ուսանողական համակազմ ունենք 4 կրթական ծրագրերում, և ինչպե՞ս է այդ կառուցվածքը փոփոխության ենթարկվել ուսումնական տարվա ընթացքում

Վերջին 5 տարում 1-ին կուրս ընդունված ուսանողների միջին թիվը կազմել է 1365, որից արտասահմանցի ուսանողներինը՝ 290 (21%):

Ուրախալի է, որ վերջին 2 տարում հանրապետության բոլոր բուհերի մեջ և՛ դիմորդների քանակով, և՛ անցողիկ միավորներով, մենք առաջին տեղերում ենք (միջինը՝ 1:2,8 դիմորդ հարաբերակցությամբ):

Բավական լավ արդյունքներ են գրանցվել այս ուսումնական տարում նախապատրաստական բաժնից 1-ին կուրս ընդունված ուսանողների առումով: Նախորդ տարվա 55 ուսանողի փոխարեն այս տարի 1-ին կուրսում սովորելու են 82 ուսանող, որից 71-ը՝ անգլալեզու ծրագրերում: 

2025-2026 ուստարում ընդհանուր առմամբ ԵՊԲՀ-ում սովորել է 5682 ուսանող, որի կեսից ավելին՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետում (53,8%): Արտասահմանցի ուսանողների թիվը կազմել է ուսանողների ընդհանուր թվի 26%-ը:

Այս ուսումնական տարում Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ իրականացվելու են կառուցվածքային որոշ փոփոխություններ՝ կրկնվող և նմանատիպ խնդիրներ լուծող որոշ ամբիոնների վերակազմակերպման առումով: Մինչև ուսումնական տարվա ավարտը այս խնդիրներին կտրվեն լուծումներ:

Համալսարանում ուսանողների գիտելիքի գնահատման հիմնական ձևաչափը դեռևս մնում է համակարգչային քննությունը: Սակայն վերջին 3 տարվա ընթացքում «Բուժական գործ» կրթական ծրագրի բոլոր առարկաներում և մոդուլներում պարտադիր կերպով 20-30% չափաբաժնով, ոչ համակարգչային ձևաչափով գնահատվում են նաև գործնական հմտությունները: Այս ուսումնական տարում առարկայական հանձնաժողովներում պետք է քննարկվեն նաև այս փոխհարաբերակցության փոփոխման մասին հարցերը՝ հօգուտ գործնական հմտությունների ավելացման:

Նշենք, որ յուրաքանչյուր կիսամյակ համակարգչային ձևաչափով կազմակերպվում են միջինում 25000 ուսանող-առարկա քննություն:

«Սա աննախադեպ մեծ թիվ է, որի մեջ չեն մտնում միայն տեխնիկական պատճառով դեռևս թղթային տարբերակով արտասահմանցի ուսանողների շրջանում անցկացվող թեստային քննությունները, ուստի հասկանալի է դառնում, որ գիտելիքի ստուգման հիմնական գործիքի կատարելագործման անհրաժեշտություն կա, որը, մեր կարծիքով, վերաբերելի է թեստային համակարգում փոփոխություններ կատարելու պահանջին՝ ելնելով նաև մոդուլային ձևաչափով վերջնարդյունքների գնահատման սկզբունքից: Խոսքը վերաբերում է որոշակի չափաբաժնով միասնական թեստեր մշակելու անհրաժեշտությանը: Համալսարանի կողմից որդեգրած կարևոր գործընթացներից մեկը քննությունների արդյունքների բողոքարկումն է, որի կազմակերպման ձևաչափը միջազգային փորձագետների կողմից շատ բարձր է գնահատվել»,- նշեց Լարիսա Ավետիսյանը:

Նշենք, որ յուրաքանչյուր կիսամյակ բողոքարկմանը մասնակցում է ուսանողների՝ միջինում 2,4%-ը, որի արդյունքում հարցն հօգուտ ուսանողների լուծվում է 18,4% դեպքերում:  2-րդ բողոքարկմամբ ուսանողներից 21-ի (9,8%) մոտ տեղի է ունեցել գնահատականի փոփոխություն: Փաստենք, որ բողոքարկվում է թեստերի ընդհանուր բանկի 0,19%-ը, որից գրեթե կեսը (46,7%)՝ թեստի տեխնիկական, իսկ 40%-ը բովանդակային (ոչ ճիշտ ձևակերպած հարց կամ սխալ պատասխան) խնդիրների պատճառով է լինում:

Ըստ զեկուցողի` սա վատ ցուցանիշ չէ, բայց, այնուամենայնիվ, մոդուլային ձևաչափին անցնելուց հետո պետք է վերանայվեն նաև թեստերի գնահատման և բողոքարկման ընթացակարգերը, ինչի համար պետք է կազմակերպել դասընթացներ, վերանայել թեստերի տարբերակների կառուցվածքը՝ հաշվի առնելով ըստ բարդության թեստերին տրվող բալերը, ինչպես նաև որոշակի տոկոսով ունենալ թեստեր, երբ 2 և ավելի առարկաներից կազմված 1 մոդուլի վերջնարդյունքը կստուգվի 1 թեստի շրջանակում: Բարձրացվող խնդիրը մեթոդական հաձնաժողովների օրակարգ է ենթադրում:

«Երբ 3 տարի առաջ մենք սկսեցինք աշխատել միջազգային փորձագետների հետ, նրանց կողմից արված առաջարկությունների մեջ՝ որպես պարտադիր կատարման ցուցանիշ, դրվում էր «Էլեկտրոնային համալսարան» ունենալու պահանջը, որը պետք է ապահովեր ուսանողի՝ համալսարան մուտքից մինչև ավարտ՝ բոլոր տվյալների առկայությունը, ինչպես նաև հնարավորություն ստեղծեր ուսանող-դասախոս-դեկանատ-փոխհամագործակցությունների դյուրինացման, խնդիրների առաջացման դեպքում դրանց արագ արձագանքի և թղթաշրջանառության մաքսիմալ նվազեցման համար:  Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այսօր արդեն էլեկտրոնային համալսարանն իրականություն է դարձել, ավելին՝ 2026թ. գարնանը մոնիթորինգին հետևող փորձագիտական խմբի ներկայացուցիչները հաճելիորեն զարմացել էին այս ուղղությամբ այն մեծ ձեռքբերումներով, որին Համալսարանը կարողացել էր հասնել շատ կարճ ժամանակահատվածում»,- փաստեց նա:

Սեպտեմբերի 1-ից այլևս ուսանողը տարբեր դարաններով կարող է տեսնել ողջ ուսումնական պլանը, տվյալ կիսամյակի դասացուցակը՝ հստակ նշված մոդուլներով, նրա մեջ մտնող առարկաներով, կրեդիտներով, լսարաններով, նյութերով և դասավանդող դասախոսների տվյալներով, և այլն:

Այս ամենից կարելի է ենթադրել, որ ուսանողների և դասախոսների համար «Էլեկտրոնային համալսարան»-ն այլևս մշակույթ է դառնում, և առանց այս գործիքի ամենօրյա կիրառման աշխատելը գրեթե անհնար կլինի:

Ուսումնամեթոդական վարչության կողմից իրականացվող կարևոր գործընթացներից մեկը վերաբերում է ուսանողների կցագրմանը, վերականգնմանը և հեռացմանը: Այս ցուցանիշները բարելավվել են  հետևյալ համամասնությամբ. այսպես. եթե նախորդ տարիներին Համալսարանից հեռացված ուսանողների միջին տոկոսը կազմել է 3,7% ապա այս ուսումնական տարում այն կրճատվել է 2 անգամ՝ կազմելով 1,8%:

2026թ. սեպտեմբեր ամսվա դրությամբ ուսումնական ողջ գործընթացն իրականացվում է 1136 դասախոսի և ուսումնաօժանդակ անձնակազմի միջոցով: Նրանց 72,3%-ը համալսարանի հիմնական աշխատողներն են իսկ 8,0%-ը՝ հրավիրված դասախոսները: Պրոֆեսորի պաշտոնում աշխատում են 68, դոցենտի պաշտոնում՝ 204 աշխատակից: Նշենք, որ գիտական աստիճան ունեցող դասախոսների ընդհանուր քանակը 376 է, որից բժշկական գիտությունների դոկտորները դասախոսների ընդհանուր քանակի 11%-ն են, իսկ թեկնածուներ՝ 36%-ը: 

Ուսումնական ենթակառուցվածքներից մեկի՝ քոլեջի մասին իրականացրած ուսումնասիրությունների թվերով 

Քոլեջի շրջանավարտների հետագծի մասին վերջին տարիների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ կրթական 7 ծրագրում էլ 9-րդ դասարանի հիմքով սովորող ուսանողների 95%-ը ուսումը շարունակում է համալսարաններում, ուստի միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների պատրաստման քոլեջի ֆունկցիան այս դեպքում անիմաստ է դառնում, և առաջարկվում է իրականացնել քոլեջի կառուցվածքային փոփոխություն՝ հիմքում դնելով միայն պահանջված մասնագիտությունների կրթական ծրագրերը՝ պահպանելով հիմնականում 12-րդ դասարանի հիմքով ուսանողների ընդունելության սկզբունքը:

Համառոտ վերջին 5 տարվա ընթացքում իրականացված միջոցառումների և դրանց արդյունքների մասին խոսելուց հետո Ոուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը ներկայացրեց  2026-2027թթ.-ի ուսումնական գործընթացի հիմնական անելիքները,  ելնելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքից օրակարգում են մի շարք կրթական ուղղություններով շարունակական բարելավման աշխատանքները:

Հաշվետվությունը պրոռեկտորն ամփոփեց համալսարանականներին արդեն հայտնի տողերով, որն իր համար  սկզբունքային նշանակություն ունեն.

«Ներկայացված մարտահրավերների և խնդիրների հաղթահարումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ ուսումնական պրոցեսի իրականացման թիվ մեկ պատասխանատու օղակը՝ ամբիոնը, ոչ միայն ցուցաբերի պատասխանատվություն, այլև անմիջական մասնակիցը դառնա կրթական բարեփոխումների քաղաքականության մշակման, ներդրման և գնահատման գործընթացին»:

Հանգամանալից ելույթի վերջում զեկուցողին բազմաթիվ հարցեր հղեցին կոլեգաները, ուսանողներն ու ռեկտորը:

Արմեն Մուրադյանը հետաքրրվեց մի շարք ցուցանիշներով, որոնք վերաբերում էին ուսանողների քննություններին տված օբյեկտիվության գնահատականին: Դասախոսների միջին տարիքը ևս համալսարանի ղեկավարի ուշադրության կենտրոնում է: Հատկապես տեսական ամբիոններում կադրային ներուժի երիտասարդացումը, գրավիչ պայմանների ապահովումը օրակարգում է:

Ուսանողների հարցադրումներին արձագանքելով պրոռեկտոր Ավետիսյանը կարևորեց նրանց ակտիվ մասնակցությունը ուսումնական գործընթացների որակի լավարկման, մի շարք այլ հարցերում, նիստին մասնակից ապագա բժիշկները ևս շնորհակալություն հայտնեցին կարևոր այս աշխատանքներում իրենց մասնակցության հնարավորության համար:

ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Կենսաքիմիայի ամբիոնի բազմամյա ղեկավար, կ.գ.դ., պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի աշխատասենյակը նրա անվամբ անվանակոչելու հարցը ներկայացրեց Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը` տեղեկացնելով, որ ընտանիքը դիմել է Նոմինացիոն կոմիտե և ստանալով դրական եզրակացություն «Վերադարձ» ծրագրի շրջանակում  վերանորոգել է  լսարան, որն այսուհետև պրոֆեսոր Աղաջանովի անունը:

Դոցենտի գիտական կոչման շնորհման նպատակով Գիտական խորհրդին դիմել էր բժշկական գիտությունների թեկնածու, Ռազմադաշտային թերապիայի ամբիոնի ավագ դասախոս Անի Քոչարյանը:  Հիմք ընդունելով նիստի ընթացքում տեղի ունեցած փակ, գաղտնի քվեարկության արդյունքները և հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը՝ դասախոսական կազմի վերոնշյալ թեկնածուն երաշխավորվեց գիտական կոչման շնորհման համար։ Այս որոշումը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե։