Հակամանրէային կայունության արդի միտումները` միջազգային համաժողովում

Հակամանրէային կայունության արդի միտումները` միջազգային համաժողովում

Բժշկական համալսարանում նոյեմբերի 6–ին անցկացվեց «Հակամանրէային կայունության արդի միտումները. եվրոպական և տարածաշրջանային հեռանկարներ» խորագրով միջազգային կոնֆերանսը, այն համախմբել էր հայաստանյան և արտերկրի առաջատար մասնագետներին՝ քննարկելու հակամանրէային կայունության ոլորտի արդի մարտահրավերները, գիտական նորարարական մոտեցումները և դրանց հաղթահարման արդյունավետ ռազմավարությունները։

Ողջույնի խոսքով ներկաներին դիմեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը.

«Պատիվ է ձեզ այս ներկայացուցչական կազմով մայր բուհում ողջունելը:
Այն, ինչ տասնյակ տարիներ առաջ համարվում էր մարդկության փրկության գրավական, այսօր համակարգված վտանգ է մարդկության համար: Հակամանրէային կայունության վերաբերյալ ծավալվելու է ակադեմիական քննարկում: Ուրախ եմ ողջունել ոլորտի ներկայացուցիչներին և գործընկեր-մասնագետներին, որոնք արդի խնդիրների վերաբերյալ կկիսվեն փորձով:
Այս ամենի առանցքում պետք է տեսնենք հանրության կրթական խնդիրները: Մեր բուհի կարևոր առաքելությունն ու մանդատն է ապագա բժիշկներին կրթության ընթացքում մատուցել այն պատկերացումների շրջանակը, որպեսզի համաճարակաբանական խնդիրների վերաբերյալ ունենան ժամանակակից, ամբողջական պատկերացում, որը, որպես լուսավորիչներ, պետք է ներկայացնեն հանրությանը: Այդ առումով կարևորվում է համաճարակաբանների, հատկապես` բուհի Համաճարակաբանության ամբիոնի աշխատանքը»:

Հանրության իրազեկվածության գործիքները, բուհի ղեկավարի խոսքով, յուրաքանչյուրիս պարտականությունների դաշտում են:

«Յուրաքանչյուր անձ, որն ունի բժշկական կրթություն և առողջապահական ոլորտում աշխատանք է ծավալում, ունի իրավունք և, հատկապես, պարտականություն լինել լուսավորչական դաշտում և իրազեկել բնակչությանը:
Մեր երկրում լրջագույն հաջողություններ են գրանցվում առողջապահական գործընթացները կազմակերպելիս. համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրումը, ինչը մեծ հասանելիություն է ապահովում բնակչությանը, ինչն իր հետ բերում է մի շարք խնդիրներ, այդ թվում` հակամանրէային կայունությանը վերաբերող: Դա պետք է վերլուծել մասնագիտական դաշտում՝ փորձի փոխանակման սկզբունքով և կիրառական նշանակության խորհուրդներով մատուցելով մեր մասնագետներին ակադեմիական դաշտում»,-ընդգծեց Արմեն Մուրադյանը` մասնակիցներին ցանկանալով արգասաբեր և արդյունավետ աշխատանք:

Համաճարակաբանության ամբիոնի վարիչ, «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանը ևս ողջունեց մասնակիցներին: «Անցյալ տարի Վրաստանում, որտեղ անցկացրինք հիանալի համաժողով, ես խոստացել էի, որ այս տարի այն կկազմակերպենք Երևանում։ Երախտագիտությունս եմ հայտնում ԵՊԲՀ ղեկավարությանը՝ ցուցաբերած աջակցության համար։ Իհարկե, շատ շնորհակալ եմ միջազգային և տեղական կառույցներին իրենց աջակցության համար։ Հակամանրէային կայունությունը «լուռ» համավարակ է, և բոլորս գիտենք, որ հանրային առողջապահության այս լուրջ մարտահրավերը կարող ենք հաղթահարել միայն համախմբվածության միջոցով։ Անկախ ոլորտից՝ յուրաքանչյուր համաժողովի դեպքում մենք առանձնացնում ենք երեք հիմնական բաղադրիչ՝ բովանդակություն, ձևաչափ և ազդեցություն։ Բովանդակությունը դիտարկում ենք որպես գիտելիք, ձևաչափը՝ որպես հարթակ, իսկ ամենակարևորը, իմ կարծիքով, ազդեցությունն է։ Վստահ եմ, որ համաժողովի մասնակիցներn իրենց հետ կտանեն այդ ազդեցությունը, որը մենք կտեսնենք հայաստանյան հանրային առողջապահության ոլորտում. սա կլինի մեր համագործակցության ամենամեծ ձեռքբերումը», – շեշտեց Մերի Տեր-Ստեփանյանը։

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարտա Սանկար Դատտայի խոսքով` այս կարևոր միջոցառումը Երևանի պետական ​​բժշկական համալսարանում անցկացնելը հիանալի ընտրություն է։

«Մենք իսկապես պետք է շնորհակալություն հայտնենք Ձեզ, պարոն ռեկտոր, և Ձեր թիմին։ Շատ ուրախ եմ, որ Առողջապահության նախարարությունը և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, Միկրոկենսաբանների ու համաճարակաբանների հայկական և եվրոպական ասոցիացիաների հետ միասին, մեզ հետ են։ Օտարերկրյա գործընկերներին ասում եմ՝ բարի գալուստ Հայաստան։

Մենք ապրում ենք հակասություններով լի աշխարհում։ Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում միլիոնավոր մարդիկ մահանում են հիմնական հակաբիոտիկների հասանելիության բացակայության պատճառով, քանի որ շատ քիչ թվով հակաբիոտիկներ են հասնում կլինիկական փորձարկումների փուլ։ Բոլորս գիտենք, որ հակամանրէային կայունությունը (AMR) ոչ միայն գլոբալ լուրջ մարտահրավեր է, այլև հանգեցնում է հսկայական տնտեսական կորուստների։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կանխատեսում է, որ եթե իրավիճակը շարունակի զարգանալ ներկայիս ընթացքով, ապա մինչև 2050 թվականը հակամանրէային կայունության պատճառով տարեկան կգրանցվի 10 միլիոն մահ։ Ըստ գլոբալ գնահատականների՝ հակամանրէային կայունության հետևանքով հիվանդանոցային բուժման ծախսերը տարեկան կկազմեն մոտ 66 միլիարդ դոլար։ Տարբեր պետությունների կողմից ներկայումս ձեռնարկվող միջոցառումների պարագայում արտադրողականության ընդհանուր կորուստը տարեկան կկազմի մոտ 443 միլիարդ դոլար։ Սա ծանր բեռ է յուրաքանչյուր կառավարության բյուջեի համար», – նշեց Սիդհարտա Սանկար Դատտան։

Հակամանրէային կայունությունը, նրա փոխանցմամբ, այսօր գլոբալ սպառնալիք է:

«ԱՀԿ-ն կարծում է, որ Հայաստանում այս համաժողովի անցկացումը շատ կարևոր և ողջունելի քայլ է։ Սակայն պետք է գիտակցել, որ ժամանակը սուղ է։ Այս դահլիճում կան երիտասարդ մասնագետներ և փորձագետներ։ Սա բոլորիս ընդհանուր պատասխանատվությունն է։ Մենք պետք է խոսենք ոչ միայն գործողությունների, այլև առաջնահերթությունների մասին։ Հայաստանը մեծ առաջնորդություն է դրսևորել՝ նախաձեռնելով առողջապահական հաստատություններում վարակների և հակամանրէային դեղերի կիրառման վերաբերյալ համազգային հետազոտություն (կետային տարածվածության ուսումնասիրություն)։ Թույլ տվեք առանձնացնել մեկ կարևոր կետ այս դահլիճում գտնվող երիտասարդ բժիշկների և մասնագետների համար․ տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում օգտագործվող հակաբիոտիկների 74%-ը պատկանում է «հսկողության» (Watch) խմբին (սա այն խումբն է, որը կրում է դեղակայունության ավելի բարձր ռիսկ), և միայն 15%-ն է պատկանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից խորհուրդ տրվող «հասանելիության» (Access) խմբին։ Ուստի, մեզ դեռ հսկայական աշխատանք է սպասվում։ Ռեկտորը նշեց, որ հակամանրէային դեղակայունությունն ազդում է ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների և բույսերի առողջության վրա, իսկ դեղակայունության առաջացումը հանգեցնում է բժշկության հանդեպ վստահության նվազմանը։ Այսօրվա համաժողովը տեղի է ունենում շատ տեղին պահի. Հայաստանը նոր է ավարտել կենսաբազմազանությանը նվիրված COP-17 համաժողովը, որի ուշադրության կենտրոնում էր «Մեկ առողջություն» (One Health) հայեցակարգը՝ մարդկանց, կենդանիների և շրջակա միջավայրի փոխկապակցվածությամբ», – շեշտեց ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը` հայտնելով, որ հակամանրէային դեղակայունության դեմ պայքարի՝ 2026 թվականի թեման է «Մեկ առողջություն, մեկ գործողություն․ կանխե՛ք հակամանրէային դեղակայունությունը հիմա»։

«Եվ բժշկության ապագան թե՛ Հայաստանում, թե՛ տարածաշրջանում, թե՛ ամբողջ աշխարհում, ինչպես նաև բժշկական մասնագիտության ապագան ընդհանրապես, կախված է նրանից, թե ինչպես կգործենք մենք հիմա», – ամփոփեց Սիդհարտա Սանկար Դատտան։

ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանի փոխանցմամբ` մայր բուհը միավորել է մասնագետների ոչ միայն Հայաստանից, այլև տարածաշրջանային և եվրոպական երկրներից, ինչը մեկ անգամ ևս փաստում է հակամանրէային կայունության կարևորության և արդիականության մասին:
Հայաստանն, ըստ նրա, ունի երկար տարիների փորձ և անցած ճանապարհ այս ոլորտում:

«Վերջին տարիների` ինչպես համաճարակաբանական դիտարկումը, այնպես էլ լաբորատոր կարողությունները բավականին բարելավվել են, սակայն բոլորս դեռ շատ անելիք ունենք այս ասպարեզում», – նշեց նա:

Ստեփան Աթոյանը կարևորեց հետազոտությունների ընթացքում ոչ միայն տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը, այլև դրանց հիման վրա ապացուցահեն որոշումներ կայացնելը:
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ հակամանրէային կայունության դեմ պայաքարելիս կարևոր է ոչ միայն ներմասնագիտական, ներգերատեսչական, այլև միջմասնագիտական և միջգերատեսչական համագործակցությունը, քանի որ հակամանրէային կայունությունը վաղուց դուրս է զուտ մարդկային խնդիր լինելու շրջանակից, և «Մեկ առողջության» գաղափարի առաջխաղացումը բխում է բոլորիս շահերից:

Վրաստանի ՀՎԿԱԿ գիտական խորհրդի նախագահ Պաատա Իմնաձեի համոզմամբ` հակամանրէային կայունությունը հանրային առողջապահության առջև ծառացած հրատապ մարտահրավերներից մեկն է՝ թե՛ Հայաստանում և Վրաստանում, թե՛ գլոբալ մակարդակում։ Նրա խոսքով` չափազանց կարևոր են համագործակցության ընդլայնումն ու փորձի փոխանակումը։ Վրացի մասնագետը ներկայացրեց, թե ինչպես է Վրաստանը մշակել իր ազգային ծրագիրը, և թե ինչ արդյունքների են նրանք հասել տարիների ընթացքում։

«Մենք բաց ենք հարևան երկրների հետ համագործակցության համար և ուրախ կլինենք կիսվել մեր գիտելիքով, փորձով ու տեխնիկական հմտություններով», – հավելեց Պաատա Իմնաձեն։

Մասնագիտական քննարկումները մեկնարկեցին ESCMID նախկին նախագահ, «Statens Serum Institut»-ի սեկվենավորման և կենսաինֆորմատկայի բաժանմունքի գլխավոր բժիշկ, ICARS-ի ավագ խորհրդատու, դանիացի մասնագետ Ռոբերտո Լեո Սկովի` «Հակամանրէային կայունության գլոբալ մարտահրավերները» խորագրով զեկուցմամբ»: Ռումինիայի Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի ղեկավար Ռոքսանա Ֆիլիպի զեկույցը կրում էր «Մանրէաբանական տանգո. հակամանրէային կայունություն և հակամանրէային դեղերի կիրառման կառավարում» անվանումը: ԹՊԲՀ մանրէաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Թամար Դիդբարիձեն ներկայացրեց ներհիվանդանոցային վարակների հսկողությունը և նոր սերնդի սեկվենավորման դերը:

Պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանն անդրադարձավ B խմբի ստրեպտոկոկի (GBS) սկրինինգի ներդրմանը Հայաստանում և առանձնացված շտամների հակամանրէային զգայունությանը:

ՀՎԿԱԿ ներկայացուցիչ Գենադի Պալոզյանը ներկայացրեց բուժօգնության հետ կապված վարակների և հակամանրէային դեղերի կիրառման կետային տարածվածությունը Հայաստանում` 2025 թվականի տվյալներով:

Վրաստանի ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունաբանության գիտահետոազոտական կենտրոնի վերլուծության բաժնի ղեկավար Օթար Չոկոշվիլին անդրադարձավ հակամանրէային դեղերի կիրառման կառավարման նպատակային միջամտության ազդեցությանը լայն սպեկտրի հակաբիոտիկների օգտագործման վրա Վրաստանի սրտաբանական կենտրոնում` ներկայացնելով ազգային առաջին փորձը:

ԹՊԲՀ-ն ներկայացնող Իվլիանե Սուրմավայի զեկույցը բացահայտեց «Մեկ առողջություն» մոտեցման կրթությունը` քննարկման դնելով բուժաշխատողների առողջապահական գրագիտությունը հակամանրէային կայունության վերաբերյալ: ՀՀ հակամանրէային կայունության հարցերով ազգային համակարգող Քրիստինա Գյուրջյանը մասնակիցներին ծանոթացրեց Հայաստանում հակամանրէային կայունության դեմ պայքարի ռազմավարական մոտեցումներին:

Արտասահմանցի առաջատար մասնագետների պատվիրակությանն աշխատանքային հանդիպման շրջանակում հյուրընկալեց ռեկտոր Արմեն Մուրադյանը. քննարկվեցին համագործակցության ծրագրերն ու հեռանկարները:  

Վաղը` նոյեմբերի 7-ին, նախատեսվում է պանելային քննարկում` «Հակամանրէային կայունությունը վարակների կանխարգելման և վերահսկման տեսանկյունից» և «Հակամանրէային կայունությունը կլինիկական պրակտիկայում. վարակաբանների տեսակետները» արդի առողջապահական թեմաներով: