Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում նոյեմբերի 14-ին կայացավ «XX Քալամքարյանական ընթերցումներ» («Երևանյան XI դերմատոսկոպիական ընթերցումներ») միջազգային հոբելյանական գիտագործնական համաժողովը։
Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կվինտետի կոմից նախերգանքի (ուվերտյուրայի) կատարմամբ:
Մասնակիցներին բժշկական համալսարանի և ռեկտորի անունից ողջունեց Գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը: «Իհարկե, հաճելի է շաբաթ օրով բժշկական բուհում տեսնել այսքան շատ մաշկաբանների և մաշկաբանությանը հարակից մասնագետների, ովքեր հետաքրքրված են մարդու մաշկում արտահայտվող դրսևորումներով: Հայաստանը և բժշկական համալսարանը մշտապես հյուրընկալ են թե՛ մասնագիտական, թե՛ հուզական առումներով։ Վստահ եմ` բժշկական բուհի պատերն է’լ ավելի կջերմացնեն ձեր փոխգործակցությունը», – ընդգծեց պրոռեկտորը` մասնակիցներին մաղթելով հրաշալի և ակտիվ մասնագիտական օր։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև համաժողովի նախագահ, բժշկական համալսարանի Մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Խաչիկ Խաչիկյանը: Համաժողովը, նրա խոսքով, կնպաստի ազգային և միջազգային մասնագիտական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը։ «Միջոցառմանը հատուկ արժեք է հաղորդում մասնակիցների լայն շրջանակը՝ հայտնի գիտնականներ, գործող մաշկավեներաբաններ, երիտասարդ հետազոտողներ և կլինիկական օրդինատորներ։ Դահլիճում ուսանողների ներկայությունը վկայում է սերունդների շարունակականության, նոր գիտելիքի ձգտման և լավագույն գիտական ավանդույթների պահպանման մասին», – շեշտեց պրոֆեսոր Խաչիկյանը:
Պարգևատրումների հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում «Կոմիտաս վարդապետ» մեդալով պարգևատրվեցին ոլորտում նշանակալի ներդրում ունեցած հայ և ռուս մասնագետները, հաջորդեցին մասնագիտական քննարկումները:
Մաշկավեներաբանության, մաշկաուռուցքաբանության, մանկական մաշկաբանության, դերմատոսկոպիայի և բժշկական կոսմետոլոգիայի ոլորտների անվանի մասնագետները, գիտնականները, հետազոտողները և երիտասարդ բժիշկները ներկայացրին ոլորտի արդի գիտական ձեռքբերումները, լուսաբանեցին մաշկային հիվանդությունների ախտորոշման, բուժման, կանխարգելման ժամանակակից մոտեցումները:
Մասնավորապես` համաժողովի առաջին մասում պրոֆեսոր Խաչիկյանի զեկույցը վերաբերում էր պսորիազի ֆենոտիպերի կլինիկական-կենսաբանական ստրատիֆիկացիային, Մոսկվայի Կիրովյան ՊԲՀ ՄՎ և կոսմետոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր‚ Ռուսաստանյան բժշկական համալսարանի մանկական մաշկավեներաբանության ամբիոնի պրոֆեսոր Մարիաննա Դրոժդինան անդրադարձավ բշտային մաշկախտին, ժամանակակից մարտահրավերներին և թերապևտիկ հնարավորություններին. ախտորոշման և դիտարկման մեջ դերմատոսկոպիայի նշանակությանը: ՌԴ նախագահի գործերի կառավարման Կենտրոնական պետական բժշկական ակադեմիայի ՄՎ և կոսմետոլոգիայի ամբիոնի դոցենտ, Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բժշկական գիտակրթական կենտրոնի բժիշկ-մաշկավեներաբան‚ դերմատոսկոպիայի միջազգային ընկերակցության կառավարչության անդամ Աննա Միչենկոն հանդես եկավ «Բարձր խոշորացման դերմատոսկոպիա. գործադրման տեխնիկան և կիրառման բնագավառները» խորոգրով զեկույցով: ՌԴ ՆԳՆ թիվ 2 Կենտր. պոլիկլինիկայի ՄՎ բաժանմունքի վարիչ, ՌԴ ԲԳԱ «Հիմնարար մաշկավեներաբանություն և կոսմետոլոգիա» բաժնի խորհրդատու, դերմատոսկոպիայի և ՄՕԱ ռուսական ընկերակցության վարչության անդամ, «Ոսկե դերմատոսկոպի» ազգային մրցանակի դափնեկիր‚ մաշկավեներաբան-ուռուցքաբան Միխայիլ Ուստինովը ներկայացրեց դերմատոսկոպիայի հնարավորությունները անդրմանուշակագույն լուսակում. “կարմիր կակաչների“ երևույթը դերմատոսկոպիայում: Ֆոմինի և DocDeti կլինիկաների մաշկավեներաբան-ուռուցքաբան Միխայիլ Բետեխտինի զեկույցը կրում էր «Դերմատոսկոպիայի օպտիկական ֆենոմենները. «մայրամուտից» մինչև «ծիածան» խորագիրը, իսկ ՌԴ հետդիպլոմային կրթության ակադեմիայի ՄՎ և կոսմետոլոգիայի ամբիոնի դոցենտ Նատալյա Սիրմայսը հանդես եկավ «Երբ դերմատոսկոպիան մոլորեցնում է» վերտառությամբ զեկույցով:
Գիտաժողովի երկրորդ մասն առանձնացավ հայ մասնագետների արդիական զեկույցներով, որոնց շարքում անդրադարձ եղավ, մասնավորապես, դեմենցիայի բարձր ռիսկին պսորիազով հիվանդների շրջանում, սիրտ-անոթային կոմորբիդ ախտաբանությանը պսորիազի դեպքում, ատոպիկ մաշկաբորբի կլինիկական ֆենոտիպերին, դրա կլինիկական ընթացքի բարդությունների և բուժման բարդությունների զարգացման մեխանիզմներին, լուսածերացման բուժման ժամանակակից մոտեցումներին, վաղաժամ ալեհերության դեպքում սիրտ-անոթային ախտաբանության զարգացման ռիսկին: