«ԵՊԲՀ ռեկտորի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարն ամփոփեց արդյունքները

«ԵՊԲՀ ռեկտորի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարն ամփոփեց արդյունքները

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնը հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ բուհում սպորտի զարգացմանն ու տարածմանը,  հոկտեմբերի 17-ից 26-ն անցկացրեց «ԵՊԲՀ ռեկտորի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշար, որտեղ մասնակցում էին 20 թիմ 200 մասնակիցներով:

Թե՛ հայ, թե՛ օտարերկրացի ապագա բժիշկները ակտիվորեն մասնակցեցին մրցաշարին՝ եզրափակիչ փուլում հանդիպելով իրար: Օտարերկրացի ուսանողները գրանցելով լավագույն արդյունքները հաղթանակ տարան 6-2 հաշվով:

«Պայքարին թեժ էր, լարված և դիտարժան: Շատ ակտիվ էին օտարերկրացի ուսանողները: Մրցումներն անցկացվեցին ֆոտզալի բոլոր կանոններով՝ մինի ֆուտբոլի մասնագետ, Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Գևորգ Գրիգորյանի ղեկավարությամբ: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը մրցաշարի ավարտին հաղթող թիմին հանձնեց գավաթը, ինչպես նաև այլ մրցանակներն ու հավաստագրերը: Լավագույնն խաղացողն ու դարպասապահը նույնպես մրցանակներով պարգևատրվեցին:

Բուհի ղեկավարը մեծ ուշադրություն է դարձնում սպորտի զարգացմանը բժշկական համալսարանում՝ մշտապես աջակցելով տարբեր մրցաշարերի իրականացմանը»,-նշեց Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Հարություն Թամիրյանը:

Նրա խոսքով՝ «ԵՊԲՀ ռեկտորի գավաթ» մրցաշարը ավանդական է լինելու, յուրաքանչյուր տարի հոկտեմբերին բուհում կանցկացվի մինի ֆուտբոլի մրցաշարը՝ այսպիսով հնարավորություն ընձեռելով ապագա բժիշկներին մասնագիտական գիտելիքներ ստանալուց բացի, նաև մոտ լինել սիրելի սպորտաձևին:

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնն առաջիկայում պատրաստվում է նաև անցկացնել շախմատի և վոլեյբոլի ներբուհական առաջնություններ՝ հետագայում նաև միջբուհական մրցումների մասնակցելու ակնկալիքով: